RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1720, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄԵՆՔ ԿԵՐԿՐՊԱԳԵՆՔ ՁԵԶ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ճանապարհորդելն, անշուշտ, լավ բան է, անգամ` օգտակար: Ընկերներիցս մեկն, օրինակ, դպրոցում, ուսանողական տարիներին, ամենեւին չի փայլել աշխարհագրության իր գիտելիքներով, ինչը, սակայն, լրացրել է ճանապարհորդության արդյունքում: Ասենքՙ նա հիմա գիտի, որ Սկոպյեն` Մակեդոնիայի մայրաքաղաքն է, իսկ Սալոնիկը գտնվում է Հունաստանում, որը, Հայաստանի հետ միասին Թուրքիայի հարեւանն է:

Հատկապես ամռանը, որը ընդունված է համարել ճանապարհորդության լավագույն ժամանակահատված, երբ աշխատանքային հոգսերից հիմնականում ազատված ենք լինում, ճանապարհորդելը թվում է լավագույն միջոցը` ինչ-որ բան անելու, իրավիճակ, միջավայր փոխելու: Այս առումով հատկապես առանձնահատուկ է մեքենայով ճանապարհորդելը: Եթե հնարավոր է` երկրից երկիր: Ճիշտ է, աշխարհում նման վիճակագրություն չկա, բայց կարելի է տրամաբանել, որ մարդիկ ավելի նախընտրում են այցելել իրենց երկրներին բարեկամ երկրները. չնայած հայերիս պարագայում ճանապարհորդելու սկզբունքը պայմանավորված չէ տվյալ երկրի հետ մեր երկրի հարաբերություններով:

Բոլոր պարագաներում Ռուսաստան գնալ մենք սիրում ենք: Մի տեսակ հայ-ռուսական դարավոր ռազմավարական հարաբերությունների պես հին է հայերիս կողմից` Ռուսաստան գնալու սովորույթը, այդ թվում` մեքենայով: Հիմա դա անել հնարավոր չէ, որովհետեւ արդեն մեկ ամիս փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը` Վերին Լարս անցակետով: Իհարկե կարող ենք եզրակացնել, որ Վերին Լարսի բացման արագությունից է կախված, թե որքանով է Հայաստանը Ռուսաստանի համար իրապես կարեւոր, բայց նման եզրակացություն մենք չենք անի, քանի որ չենք ցանկանում սեպ խրել հայ-ռուսական դարավոր ռազմավարական հարաբերություններում: Մյուս կողմից, սակայն, արձանագրենք, որ Ռուսաստանի հետ միեւնույն քաղաքական, ռազմական, տնտեսական միությունների մեջ մտնող մեր երկրից այս պահին, արդեն մեկ ամիս շարունակ, հնարավոր չէ ցամաքային ճանապարհով մտնել Ռուսաստան:

Ընդ որում, Վերին Լարսի ճանապարհը մշտապես ունենալու է փլուզվելու հավանականություն, հետեւաբար Հայաստան-Ռուսաստան տրանսպորտային, ապրանքային, առեւտրային, ուղեւորային փոխադրումները (հետեւաբար բարեկամություն անելը) մշտապես վտանգված են լինելու: Վերին Լարսի ճանապարհը, փաստորեն, ինքնին սեպ է հայ-ռոււսական դարավոր ռազմավարական հարաբերություններում, քանի որ միակն է` մեկ, վտանգավոր է` երկու, կանխատեսելի չէ` երեք, այժմ փակ է` չորս:

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության փոխնախագահ Դմիտրին Կիսելյովը, ով ռուսական մեդիա դաշտում հայտնի է նաեւ` «Պուտինի մարդ» կոչումով, հասկանալի է, որ Երեւան էր հասել, ամենեւին էլ ոչ Վերին Լարսի ճանապարհով: Հետեւաբար մարդն օբյեկտիվորեն չգիտի, թե էլ որտեղ են վտանգված Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները:

Կիսելյովը Երեւան էր ժամանել` մասնակցելու Հայաստան-Ռուսաստան պատգամավորական բարեկամական ակումբի հերթական նիստին, որը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան` ԱԺ-ում: Ի դեպ, այդ հանդիպմանը Հայաստանի ԱԺ-ից մասնակցել են բացառապես իշխող` ՀՀԿ-ի ներկայացուցիչները, հետեւաբար, առնվազն Հայաստանի ներքին քաղաքական-հասարակական տրամադրությունները փոխանցելու առումով հիշյալ ակումբն ամենեւին էլ հարմար ամբիոն չէ, եւ չի ապահովում բազմակարծություն` առնվազն Հայաստանի մասով:

Հանդիպմանը Կիսելյովը մաքուր ռուսերենով դիմել է իրեն հրաշալի հասկացող հայ պատգամավորներին. «ԼՂՀ անկախությունը Ռուսաստանից ճանաչելուց առաջ Հայաստանը պետք է ինքը անի դա, բայց կատարվում է հակառակը. օրինակՙ ռուսաց լեզվի դերը Հայաստանում նվազում է օրեցօր»: Թե ի՞նչ կապ ունի ռուսաց լեզվի դերը` Հայաստանում ԼՂՀ-ի ճանաչման հետ, Կիսելյովը չի ասել, փոխարենը շեշտել է, որ` «ԼՂ-ի անկախության ճանաչումը լի է վտանգներով», հասկանալի է` առանց մանրամասնելու, թե կոնկրետ ի՞նչ վտանգներով:

Ինչպես հիշում ենք, օրեր առաջ մեր երկրում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, թե պետք է չեզոքացնել բոլոր այն կազմակերպությունները, որոնք սեպ են խրում հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ: Դեսպանը չէր մանրամասնել, թե ինքը ի՞նչ նկատի ունի հայ-ռուսական դարավոր բարեկամություն ասելով, կամ, թե ինչպե՞ս պետք է կոնկրետ արտահայտվի այդ հարաբերություններում սեպ խրելը, փոխարենը մենք դա հասկանում ենք Կիսելյովի հայտարարությունից: Խոսքը, փաստորեն, այդ թվում ռուսաց լեզվի մասին է, այսինքնՙ նրանք ովքեր նվազեցնում են ռուսաց լեզվի դերը Հայաստանում, կամ կողմնակից են դրան, սեպ են խրում հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ, ավելին` խոչընդոտում են ԼՂ-ի անկախության ճանաչմանը, առնվազն` Ռուսաստանի կողմից:

Գուցե այս «սեպ խրելուց» էին վախեցել ՀՀ ԱԺ արարողակարգի վարչությունում, քանի որ թույլատրել էին ռուս լրագրող, թեկուզ հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովին տեղափոխող «Համմեր» մակնիշի մեքենան ոչ թե կայանի ԱԺ-ի դարպասներից այն կողմում, այլ` հենց շենքի դիմաց, գլխավոր մուտքի մոտ:

Բայց այս հանգամանաքը Կիսելյովը կա՛մ չէր նկատել, կա՛մ էլ դա նրան չէր բավարարել, քանի որ իր հետագա խոսքում ռուս լրագրողն ասել է. «Երեւանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»:

Հետաքրքրական է, Կիսելյովը տիրապետո՞ւմ է վիճակագրությանը, թե Մոսկվայում գործող տաքսիստների քանի՞ տոկոսն է կարողանում հաշվել, խոսել, էլ չեմ ասում` գրել ռուսերեն: Կամ, ինչո՞ւ պետք է հայ քսանամյա տաքսու վարորդն իմանա ռուսերեն. որովհետեւ Ռուսաստանը մեր դարավոր բարեկա՞մն է, այդ պարագայում ինչո՞ւ նույն այդ տղան չպետք է իմանա ֆրանսերեն... Հասկանալի է, որ Կիսելյովը չափազանցում է, եթե չասենք` ճիշտ չի խոսում: Նրան, ինչպես արդեն նշեցինք, Երեւանում տեղափոխում է «Համմեր» մակնիշի մեքենա, իսկ նման մեքենաներով տաքսի ծառայություն Հայաստանում գոյություն ունի միայն հարսանիքների համար, այն էլՙ սպիտակ գույնի:

Նիստին ներկա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Կիսելյովի այս հայտարարությանն արձագանքել է, ասելով` «Պետք չէ դատել Հայաստանում ռոււսաց լեզվի մակարդակից` ելնելով տաքսիստի օրինակից...»:

Բայց մենք ուրիշ բան կասենք. պետք չէ դատել հայ-ռուսական դարավոր բարեկամության մակարդակից` ելնելով այդ բարեկամությունն իրապես ապացուցող մեկ-երկու օրինակից:

Համենայն դեպս հուսանք, որ մինչեւ Կիսելյովը կվերադառնա Ռուսաստան, Վերին Լարսում վերականգնողական աշխատանքներ իրագործողները գերբնական ջանքեր կգործադրեն ու հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այդ ճանապարհը կբացվի, Կիսելյովն էլ հնարավորություն կստանա հենց այդ ճանապարհով վերադառնալ իր երկիր:

Ի դեպ, երեկ` հունիսի 12-ին, «Ռուսաստանի օրն էր», շնորհավորում ենք, հաղթանակներ ենք մաղթում`...Ալժիրի, Բելգիայի, Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականների հետ խաղերում: «Мы будем болеть за вас» (թարգմանությունը տես վերնագրում):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ