ԳԵՐԴ ԲՈՒՑԵՐԻՈՒՍ 2013-Ի ՄՐՑԱՆԱԿԸՙ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ «Epress.am»-ԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա «Համբուրգեր աբենթբլաթը» հունիսի 12-ին հաղորդում է, որ «Ցայթ» հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի լրագրողներին խրախուսող Գերդ Բուցերիուս ամենամյա մրցանաբաշխությունը կայացել է եւ հայտնի են 2013-ի մրցանակակիրները: Համբուրգի քաղաքապետարանում հինգշաբթիՙ հունիսի 12-ին 8 լրագրող արժանացել է Բուցերիուս մրցանակի. Ռուսաստանիցՙ Մարիա Այսմոնթը եւ «Դոժդ TV» , Ուկրաինայիցՙ Յուլիա Մոստովան, Մուստաֆա Նայյեմը եւ Տատյանա Չորնովոլը, Բելառուսիցՙ Ալեքսանդր Կլասկովսկին, Ադրբեջանիցՙ «Օբյեկտիվ TV» ինտերնետային հեռարձակողը, Հայաստանիցՙ «Epress.am» լրատվական պորտալը: 80 000 եվրո կազմող մրցանակային գումարը գոյանում է նորվեգական Ֆրիթթ Օրդ հիմնադրամի մասնակցությամբ: Գերդ Բուցերիուս խրախուսական մրցանակը տրվում է անկախ լրագրությանը, որ ի հեճուկս պետական, օլիգարխիկ, շահագրգիռ խմբերի եւ տնտեսական ճնշման, շարունակում է անկաշառ գործել: Գերմանական լրատուն մանրամասներ է հրապարակում բոլոր մրցանակակիրների մասին: Տեղի սղության պատճառով հակիրճ անդրադարձ երկուսինՙ Բաքվում հեռարձակվող«Օբյեկտիվ TV» իրազեկում է մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի եւ պաշտոնական կամայականությունների մասին, երեւանյան «Epress.am» լրատվական պորտալի ուշադրության կենտրոնում են եղել բողոքի հանրահավաքները, ոստիկանության եւ իշխանությունների բռնարարքները: |