ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Արտադրողներն ու ծառայություն մատուցողները կմնան «հին տաշտակի» առջեւ Հոկտեմբերի 1-ից առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի 1 տոկոսի: Հարկային օրենսդրության մեջ առաջարկվող այս փոփոխությունը վերաբերում է մոտ 39,5 հազար առեւտրային սուբյեկտներին: Շրջանառության հարկի այս թեթեւացումը առեւտրականների համար պետական բյուջեին կզրկի 8 մլրդ դրամ եկամուտներից: «Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր եւ միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաեւ, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան», այսպիսին է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարզաբանումն այս կապակցությամբ: Որքանո՞վ կհաջողվի փոքր ու միջին բիզնեսին արտոնություն տալով, խոշորին բերել հարկման դաշտ, ինչո՞ւ է շրջանառության հարկի նման կտրուկ իջեցումը միայն առեւտրականների, իսկ արտադրությունն ու ծառայությունների ոլորտը շարունակելու են վճարել նախկին 5 տոկոս շրջանառության հարկը` սրանց մասին փոքր-ինչ հետո: Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած փոփոխություններից էր Հայաստանում նոր` «ընտանեկան բիզնես» կարգավիճակի սահմանումը: Այսինքն, տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից: Սա միկրո բիզնեսի զարգացման լավագույն տարբերակն է, որի դեպքում եւ պետական բյուջեն մեծ կորուստներ չի ունենա, եւ հազարավոր մարդիկ կկարողանան իրենց ապրուստի խնդիրը լուծել: Հաջորդ քայլով նախատեսվում է փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր: Փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով` աշխատանքային մեկ օրվա ընթացքում: Փաստաթղթի բացակայության դեպքում մինչեւ 2015-ի հունվարի 1-ը սուբյեկտը նախ կնախազգուշացվի, երկրորդ խախտման դեպքում` կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: 2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, նախազգուշացումն ու տուգանքը կհանվեն, տնտեսվարողն առաջին խախտման դեպքում կվճարի ավելի բարձր` 5 տոկոս հարկ, իսկ երկրորդ խախտման դեպքում` կհայտնվի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում: Նախատեսվում է ներդնել «օրինապահ հարկատու» համակարգը: Ինչը նշանակում է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունը կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյկեկտների վերաբերյալ: Այս պարագայում կհամարվի, որ ՓՄՁ-ն հիմնավորել է տվյալ ապրանքի մասով փաստաթղթի առկայությունը, իսկ հարկային մարմնի գործողություններն ուղղված կլինեն խոշոր բիզնեսին: Սակայն, փաստենք, որ այս միջոցառումները նախկինում կիրառվել են եւ անարդյունավետ են եղել: Մասնավորապես, պարզեցված շահութահարկի գործելու ժամանակ, փոքր բիզնեսը կարող էր հայտնել իրեն փաստաթուղթ չտրամադրած խոշոր բիզնեսի անվանումը հարկային մարմնին եւ ազատվեր համապատասխան չափով հարկ վճարելուց: Սակայն պարզեցված շահութահարկի գործելու 2-3 տարիների ընթացքում, փոքր բիզնեսի կողմից իրեն փաստաթուղթ չտրամադրած խոշոր ընկերության մասին տեղեկացնելու անգամ մեկ դեպք չարձանագրվեց: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է կրկին ներդրվում մի մեխանիզմ, որը նախկինում չի աշխատել: Վերադառնալով միայն առեւտրի ոլորտի ընկերությունների համար շրջանառության հարկի նվազեցմանը, պետք է շեշտենք, որ դա ոչ միայն խտրական մոտեցում է բիզնեսի այլ տեսակների` արտադրության եւ ծառայությունների նկատմամբ, այլեւ դժվարացնում է փաստաթղթաշրջանառության բացահայտումը: Միայն առեւտրի ոլորտի համար հարկի նվազեցումը կառավարությունը բացատրում է այդ ոլորտի մեծաքանակ տնտեսվարողներով եւ շահութաբերությամբ: Այսինքն, առաջին դեպքում հիմնավորումը ոչ թե տնտեսական պատճառ ունի, այլ պոպուլիստական` ավելի շատ մարդկանց գոհացնելու: Մյուս կողմից էլ, չգիտես ինչո՞ւ, փոքր բիզնես ասելով հասկանում ենք միայն առեւտուրը: Արտադրությունն ու ծառայություններն էլ ավելի շահութաբեր չեն, քան առեւտրում, ինչպես թվում է ֆինանսների նախարարությանը: Ճիշտ է, առեւտրում շրջանառությունն ավելի արագ է կատարվում, համապատասխանաբար էլ ավելի շատ հարկ վճարվում, բայց մեր պետության առաջնահերթությունը կարծես թե տեղական արտադրությունն է, եւ հենց այստեղ է պետք արտոնյալ հարկումը: Կամ գուցե արդեն այդպես չէ՞ եւ մենք ցանկանում ենք հաստատել «առեւտրական ազգ» մեզ տրված բնորոշումը: Ինչ վերաբերում է հարկի տոկոսադրույքի մեխանիկորեն նվազեցմանը, ապա ավելի ճիշտ կլիներ, որպեսզի հարկի տոկոսադրույքն իջներ ըստ տնտեսվարողի կատարած ծախսերի` անկախ գործունեության ոլորտից: Սա կխրախուսեր փաստաթղթաշրջանառության բացահայտումը: Այս մեխանիզմը նույնպես կար պարզեցված շահութահարկի ու նաեւ պարզեցված հարկի ժամանակ, եւ լավ թե վատ, գործում էր: Պարզապես պետք էր խթանել փոքր բիզնեսին` իրագործելու ավելի քիչ հարկեր վճարելու այս մեխանիզմը: Այս դեպքում ավելի կհեշտանային նաեւ հարկային մարմինների կողմից խոշոր ընկերությունների փաստաթղթաշրջանառության բացահայտման միջոցառումները: Ինչեւէ... Անկախ ամեն ինչից, շրջանառության հարկի նվազեցումը գոհունակությամբ կընդունեն առեւտրի ոլորտի ներկայացուցիչները: Սակայն դրա դրական ազդեցությունը երկրի ընդհանուր տնտեսական կացության վրա անհավանական է թվում, քանի որ առեւտուրը արժեքներ չստեղծող ոլորտ է` ի տարբերություն արտադրության եւ ծառայության բազմաթիվ տեսակների, որոնք, փաստորեն, մնացին իրենց «հին տաշտակի» առջեւ: |