ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայություն Արդեն քանի տարի է Հայաստանում իր ազգանվեր գործունեությունն է ծավալում «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամը: Հիմնադրամի կազմակերպած նույնանուն մրցույթը իմացաբանական հեռուստախաղ է, որի ընթացքում ՀՀ տարբեր մարզերի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներ մրցում են իրենց գիտելիքներով` հայոց լեզվի, գրականության, պատմության,աշխարհագրության, ռազմագիտության, արվեստի տարբեր ճյուղերի մասին հարցերով, դասական երաժշտության, ազգային երգ ու պարի իմացությամբ: Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծապես կարեւորելով մատաղ սերնդի հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, հայաճանաչությունն ու նրա մեջ հայրենասիրական գաղափարների սերմանումն ու ամրապնդումը, ստանձնել է «Հայ ասպետ» իմացաբանական հեռուստամրցույթի հովանավորությունը: 2013թ. ապրիլին ստորագրվել է Բարեգործական հովանավորության համաձայնագիրը, որով «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին օժանդակություն է տրամադրվում հեռուստամրցաշարում ամեն ամսվա հաղթող երկու ավագ դպրոցներից յուրաքանչյուրի համար ձեռք բերելու դպրոցական գույք, ինչպես նաեւ գրքերՙ լրացուցիչ կրթության կենտրոնի դասընթացների կազմակերպման եւ խաղի բոլոր մասնակիցներին տրամադրելու նպատակով: «Հայ ասպետի» 2013թ. եզրափակիչ մրցախաղին հրավիրված էր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը: Երբ հայտարարվեց, որ հաղթող թիմը կպարգեւատրվի եւ ուղեւորություն կկատարի Արեւմտյան Հայաստանի նախկին գավառներով, Արա Աբրամյանը խոսք խնդրեց. «Իմ կարծիքով,- ասաց նա,- երեք մասնակից թիմերն էլ դուրս գալով եզրափակիչ փուլՙ արժանի են խրախուսման: Մենք կավելացնենք մրցանակային դրամագլուխը, որպեսզի բոլորն էլ մեկնեն ուղեւորության»: Դահլիճը եւ հատկապես դպրոցականները բուռն ծափահարություններով ընդունեցին Արա Աբրահամյանի առաջարկությունը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի հովանավորությամբ «Հայ ասպետ» իմացաբանական հեռուստամրցույթի 2013թ. եզրափակիչ խաղի բոլոր մասնակիցները (թվով 14 դպրոցական) հունիսի վերջին կմեկնեն Արեւմտյան Հայաստան: Ուղեւորության ընթացքում կնկարահանվի նաեւ «Նախնիների կանչը» ֆիլմը, որը եթեր կտրվի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրը: |