ԴՈՆԵՑԿԸ ԵՎ ԼՈՒԳԱՆՍԿԸ ԿԻԵՎԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ Պ. Ք. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Իգոր Պլոտնիցկին հայտարարել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ ԼԺՀ իշխանությունները Կիեւի հետ կքննարկեն երկու ինքնահռչակ հանրապետությունների պետական կարգավիճակի հարցը: «Ուզում եմ ընդգծել, որ Մինսկում կայացած խորհրդակցությունների ժամանակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի պետական կարգավիճակը առանձին չի քննարկվել: Այն կարող է թեմա դառնալ մոտ ժամանակներս շարունակվելիք բանակցությունների հաջորդ փուլերում», հայտարարել է նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին: Պլոտնիցկին նշել է, որ ո՛չ ԼԺՀ-ն, ո՛չ էլ ԴԺՀ-ն մտադիր չեն հրաժարվել սեփական անկախությունից: «Ժամանակավոր հրադադարը չի կարող ի չիք դարձնել ժողովրդի կամարտահայտման արդյունքները: Դոնբասի բնակիչները միանշանակ կերպով արտահայտվել են մեր հանրապետությունների անկախության օգտին: Եվ այլեւս չի կարող լինել որեւէ վերադարձ նախկին կարգավիճակին», ընդգծել է նա: Ավելի վաղՙ սեպտեմբերի 10-ի առավոտյան, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի հատուկ կարգավիճակի հարցը խորհրդարան կմտցվի եկող շաբաթ, եւ որ այդ մարզերը կմնան Ուկրաինայի կազմում: Ֆրանսիական «Մոնդ» թերթը մեջբերում է Պորոշենկոյի խոսքը. «Չի կարող տեղի ունենալ քննարկում դաշնայնացման կամ անջատման վերաբերյալ: Ժամանակավոր ինքնավարության օրենքը Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին տալիս է մի կարգավիճակ, որն այդ շրջանները պահում է Ուկրաինայի կազմում»: Սակայն ռուսամետ անջատականները պահանջում են իրենց տարածքի անկախություն, շարունակում է «Մոնդը»: «Մենք չենք կարող մնալ Ուկրաինայի մասը», հայտարարել է ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը : |