ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱԿԱՐԴԱԿ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Պ. Ք. Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության աճի պատճառով 2013 թ. ջերմոցային գազերի կուտակումը հասել էր աննախադեպ բարձր մակարդակի, զգուշացնում են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) փորձագետները: 2012-2013 թթ. մթնոլորտում ածխաթթու գազի կուտակումն աճել է 1984-ից ի վեր ամենամեծ արագությամբ: ՀՕԿ-ի նոր հաշվետվության համաձայն, համաշխարհային օվկիանոսի թվայնությունն անչափ արագ է աճում մասամբ նաեւ ածխաթթու գազի խոշոր արտանետումների հետեւանքով: ՀՕԿ-ի կարծիքով, տվյալ արդյունքներն անհրաժեշտ են դարձնում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջազգային համաձայնագրի ստորագրումը: Կազմակերպությունն իր ամենամյա տեղեկագրում արձանագրում է, թե մթնոլորտում ինչ ծավալի ջերմոցային գազեր են մնում մթնոլորտ-հող-օվկիանոս բարդ փոխազդեզությունից հետո: Հաշվարկված է, որ բլոր արտանետումները կեսը կլանում են ծովերը, ծառերը եւ կենդանի էակները: Տեղակագրում նշվում է, որ մոլորակի մթնոլորում ածխաթթու գազի միջին մակարդակը 2013 թ. հասել է 1 միլիոնի հաշվով 395 մասնիկիՙ նախորդ տարվանից 3 մասնիկով ավելի: Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ծավալը արդյունաբերական հեղափոխության սկիզբը համարվող 1750 թվականի մակարդակի համեմատությամբ կազմում է 142 տոկոս: Հարկ է նշել, որ մթնոլորտում ածխաթթու գազի ծավալի կայուն աճը չի ուղեկցվում ողջ աշխարհում միջին ջերմաստիճանների աճով, ուստի շատերը սկսել են պնդել, թե համընդհանուր ջերմացումը կանգ է առել: «Կլիմայական համակարգը ուղղագիծ չէ: Այն անպայման արտացոլվում է մթնոլորտային ջերմաստիճանի վրա, բայց եթե նայենք օվկիանոսի ջերմաստիճանային պրոֆիլին, ապա կտեսնենք, որ ջերմությունը գալիս է օվկիանոսներ», ասում է ՀՕԿ մթնոլորտի հետազոտման բաժանմունքի ղեկավար Օքսանա Տարասովան: ՀՕԿ-ի տվյալներով, 2013 թ. ածխաթթու գազի ծավալի աճը կապված է ոչ միայն ջերմոցային գազերի արտանետումների աճի, այլեւ Երկրի կենսոլորտում ածխածնի կլանման նվազման հետ: Երկրի վրա ածխածնի կլանումը վերջին անգամ նվազել էր 1998-ին, երբ ողջ աշխարհում տեղի էր ունեում կենսազանգվածի այրում «Էլ Նինյո» կլիմայական երեւույթի պայմանների զուգորդությամբ: Այդպես են անվանում Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասի մակերեւույթի տաքացումը, որը հանգեցում է օվկիանոսային հոսանքների փոփոխմանը, հորդառատ անձրեւների եւ վերջին հաշվովՙ ջրից դեպի մթնոլորտ ջերմության տեղափոխմանը: «Մենք չենք հասկանումՙ սա ժամանակավոր վիճակ է, թե մշտական: Հնարավոր է, որ կենսոլորտը լինի իր սահմանագծի վրա, բայց առայժմ չենք կարող դա ասել», նշում է Տարասովան: Առաջին անգամ տեղեկագրում ներառված են տվյալներ ածխաթթու գազից ծովերի օքսիդացման վերաբերյալ: ՀՕԿ-ի տվյալներով, օվկիանոսներն ամեն օր մեկ մարդու հաշվով կլանում են մոտ 4 կգ ածխաթթու գազ: Հետազոտողների կարծիքով, օվկիանոսների օքսիդացման ներկայիս մակարդակը աննախադեպ է վերջին 300 մլն տարում: ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Միշել Ժարոյի խոսքերով, մթնոլորտի եւ օվկիանոսների տվյալները վկայում են տվյալ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական անհետաձգելի ջանքերի անհրաժեշտության մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի նախաձեռնությամբ աշխարհի քաղաքական ղեկավարները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կանցկացնեն հատուկ գագաթաժողով: Դա կարող է խթան դառնալ, որպեսզի մինչեւ 2015-ի վերջը ստորագրվի կլիմայի փոփոխություններին նվիրված նոր միջազգային համաձայնագիր: |