ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՀՏ ՈԼՈՐՏԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ավելի քան 34 մլն. դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից չորրորդ լաբորատորիան ստեղծելու համար Այսօր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Սինոփսիս Արմենիա ընկերության եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) համագործակցության շրջանակներում ԵԿՏԱ-ում բացվել է ժամանակակից ուսումնական լաբորատորիա: Երեք տարի առաջ կողմերն առաջին գործնական քայլերն են կատարել` ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների իրականացման ուղղությամբ: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է ուսումնական չորս լաբորատորիա, որոնց համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ հատկացրել է շուրջ 108 մլն. դրամ: Սինոփսիս Արմենիան ԵԿՏԱ-ին անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծմանՙ Սինոփսիսի համապարփակ, իրենց ոլորտում առաջատար եւ լիովին լիցենզավորված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) համալսարանական ծրագրային փաթեթներ: Ծրագրի շրջանակներում Սինոփսիսը նաեւ տրամադրում է Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի մաս կազմող Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից մշակված ուսումնական պլան եւ ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ուսումնական նյութեր, այդ թվումՙ 90 նանոմետր եւ 32/28 նանոմետր տեխնոլոգիաներով ուսումնական նախագծման համար նախատեսված փաթեթներ (EDKs) եւ փոխգործակցող գործընթացների նախագծման համար փաթեթներ (iPDKs), որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ուսումնական միջավայրում իրականացնել ինտեգրալ սխեմաների (ԻՍ) գերժամանակակից նախագծում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապագային նայում է երիտասարդ սերնդի աչքերով: Մենք տեսնում ենք, թե ինչ են ակնկալում մեր երիտասարդները եւ օգնում ենք նրանց հասնելու իրենց նպատակին: Կրթությունը արգասաբեր կայուն աճի հիմնական, իրական միջոց է եւ մենք հետեւողականորեն եւ շարունակաբար աջակցել ենք կրթության տարբեր ուղղություններին եւ համապատասխան ծրագրերին: Եվ մենք կշարունակենք անել դա: Որքան ավելի առողջ լինի մեր կրթությունը, այնքան ավելի հուսալի կլինի մեր ապագան»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : ԲՈՒՀ-արտադրության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատաշուկան ապահովել արտադրությանը պատրաստ շրջանավարտներով, ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ եւ անհրաժեշտ ունակություններ ունեն: Համաձայն Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացվող կրթական մոդելիՙ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, բարձր առաջադիմությամբ առավելագույնը 20 ուսանողներ մրցութային կարգով ընդգրկվում են ծրագրում: Ընտրությունը կատարվում է Սինոփսիսի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար մասնագետների եւ ԵԿՏԱ առաջնակարգ դասախոսների կողմից: Այս տարի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի բակալավրական կրթական ծրագիրը տվել է իր երկրորդ շրջանավարտներին: Բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում: «Այս ծրագիրը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտում գերժամանակակից գիտելիքներով եւ գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության հաջողված օրինակ է», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը : «Բարձրորակ եւ ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների պատրաստումը ՏՀՏ ոլորտի զարգացման գերկարեւոր նախապայմաններից մեկն է»: «Սինոփսիսի եւ ԵԿՏԱ-ի համագործակցությունը շարունակաբար զարգանում եւ ընդլայնվում է», - ասել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը : «Համատեղ ծրագիրն արդիական պահելու համար իրականացվում է մեծածավալ մեթոդական աշխատանք: Մենք անընդհատ թարմացնում ենք ուսումնական նյութերն ու ենթակառուցվածքներըՙ արդյունաբերության ներկա կարիքներին եւ պահանջներին բավարարելու նպատակով»: «Բուհի եւ կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծված այս յուրօրինակ նախաձեռնությունը աննախադեպ հնարավորություն է տալիս ԵԿՏԱ-ի ուսանողներին զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, ուսումնառության տարիներին ստանալ գործնական հմտություններ, աշխատաշուկայում դառնալ մրցունակ` կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի անընդհատ փոփոխվող ոլորտում», - ասել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Արման Ավագյանը : ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին եւ չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով: Կհատկացվեն նաեւ ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները: |