RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1659, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԱՍԿՈ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՏԱՐՄԱ՞ՄԲ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նախորդ` «Էրդողանը չի համոզել Իլհամ Ալիեւին» հոդվածում մենք ենթադրել էինք, որ Թուրքիայի նորընտիր նախագահի այցը Բաքու երկու երկրների հարաբերություններում նոր էական զարգացումների մեկնարկ չդարձավ: Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը, թվում է, բացահայտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Էրդողան- Օբամա հանդիպմամբ:

Ուշադրություն է հայցում փաստը, որ Բաքվում հրապարակավ խոստանալով Նյուպորտում այնպես անել, որ «ՆԱՏՕ-ն կատարի Ադրբեջանին տված խոստումները», Թուրքիայի նախագահն Օբամայի` Հյուսիս-ատլանտյան դաշինքի ամենաառանցքային երկրի առաջնորդի հետ բանակցություններում որեւէ կերպ չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին, չի խոսել արեւմտյան ընկերակցության` «Ադրբեջանի հանդեպ պարտավորվածության» մասին:

Անշուշտ, ծիծաղելի են ադրբեջանցի այն մեկնաբաններն ու քաղաքագետ կոչվածները, որոնք հավատում են, թե Էրդողանը «միջազգային բարձր հեղինակություն ունեցող գործիչ է եւ կարող է իրեն հատուկ էքսցենտրիկ մաներայով խոսել անգամ ԱՄՆ նախագահի հետ», բայց ավելի ողբերգական է հարեւան երկրի հասարակության վիճակը, որին տարիներով ներշնչվում է, թե «եվրասիական տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը լուրջ խաղացողներ են, որոնց կարծիքն ամենուր հաշվի է առնվում»:

Առասպելը լիովին բավարարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխող շրջանակներին: Բայց իրականությունն այլ է: ԱՄՆ նախագահի հետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննարկած ամենահիմնական հարցը Թուրքիայի «ստվերային կառավարության դեմ պայքարն» էր: Խոսքը «նուրսիական աղանդի» պարագլուխ Ֆեթհուլահ Գյուլենի եւ նրա գլխավորած հակաէրդողանական շարժման մասին է:

Նախագահական ընտրություններից դեռեւս զգալի ժամանակ առաջ Էրդողանը հասավ նրան, որ Գյուլենը ստիպված էր տարագրվել Միացյալ Նահանգներ: Միաժամանակ Էրդողանը «նուրսիական աղանդի» դեմ պայքարում աջակցության պահանջ էր դրել Իլհամ Ալիեւի առջեւ: Վերջինս իր աշխատակազմից հեռացրեց տեղեկատվական ապահովության բաժնի պետ Էլնուր Ասլանովին, բայց դա առթեց Էրդողանի զայրույթը: Նա հայտարարեց, որ Ասլանովը «միայն գործիք է, մինչդեռ նրա հովանավորները շարունակում են պետական բարձր պաշտոններ զբաղեցնել»:

«Ավագ եղբոր» պահանջն, այսպիսով, Իլհամ Ալիեւը չկատարեց: Նախագահի աթոռի համար պայքարում Էրդողանը միայնակ հաղթահարեց խոչընդոտները, տարավ հաղթանակ եւ պաշտոնական Բաքվին «վճարեց նույն մանրադրամով»` արտասահմանյան առաջին ուղեւորության վայր ընտրելով Կիպրոսի բռնազավթված հատվածը: Ադրբեջանը չուշացրեց պատասխանը. Էրդողանի երդմնակալության արարողությանը Բաքուն ներկայացված էր Միլլի մեջլիսի անխոս խոսնակի մակարդակով, որի հետ Էրդողանը նույնիսկ արարողակարգային հանդիպում չունեցավ:

Եւ, ահա, Բաքու այցելելուց հետո Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը բարձրաձայնել է «ստվերային կառավարության դեմ պայքարի» մասին: Պետք է ենթադրել, որ հենց այդ հարցն է առանցքային եղել Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում, եւ կողմերը վերստին «միմյանց չեն հասկացել»: ԱՄՆ-ի համար Ֆեթհուլահ Գյուլենը, թերեւս, «պահեստային խաղացող» է այն դեպքում, եթե Թուրքիան սկսի խորացնել «նորօսմանականության» եւ իսլամականության գիծը ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության մեջ:

Ադրբեջանի պարագայում խնդիրն ավելի քան բարդ է: Եթե Էրդողանը ճիշտ է, որ այդ երկրի իշխանության մեջ «նուրսիական աղանդի» հետեւորդները, այսինքն` իր քաղաքական հակառակորդները «շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել», բայց Իլհամ Ալիեւը համառորեն չի հետեւում Անկարայի ցուցումներին, կարելի է երկու ենթադրություն անել` կամ Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողն ինքը «նուրսիական աղանդի» անդամ է, կամ նա այնքան թույլ է, որ իշխանական բուրգում էական որեւէ տեղաշարժ կարող է հանգեցնել պետական համակարգի փլուզման:

Երկու դեպքում էլ Իլհամ Ալիեւի վիճակը նախանձելի չէ: Կարելի է ենթադրել, որ Բաքվում Էրդողանը «գործարք է առաջարկել»` Գյուլենի դեմ պայքարում օժանդակության դիմաց ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցի կտրուկ շեշտադրում իր կողմից, բայց կողմերը փոխըմբռնման չեն եկել: Այդ իսկ պատճառով էլ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ բանակցություններում ԼՂ թեման շրջանցել է: Մնացածը կարելի է համարել «արարողակարգային սիրալիրություններ», որ Թուրքիան եւ Ադրբեջանը փոխանակել եւ շարունակում են փոխանակել: Ներառյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Բաքու:

Պաշտոնական Անկարան, այսպիսով, որոշակի դերակատարություն է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ադրբեջանի քաղաքական ֆիասկոյում: Բանն այն է, որ Բաքվի գրեթե բոլոր աղբյուրներն Էրդողանի այցից հետո կանխագուշակում էին, որ Նյուպորտում ՆԱՏՕ-ն «կընդունի հայկական ագրեսիան դատապարտող փաստաթուղթ»: Ըստ երեւույթին, Ադրբեջանում հույսեր էին փայփայում, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովի ընդհանուր հակառուսաստանյան մթնոլորտում կհաջողվի զուգահեռել Ղրիմի, Ուկրաինայի հարավ-արեւելքի եւ Լեռնային Ղարաբաղի թեմատիկան:

Ինչպես ցույց է տալիս ՆԱՏՕ-ի նյուպորտյան վեհաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, Բաքվի «երկնագույն երազանքները» մնացել են անկատար: Արեւմտյան ընկերակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի դիտարկում «ինքնիշխան պետության դեմ ռազմական ագրեսիայի հետեւանք»: Որ դա այդպես է, վկայեց ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: APA ադրբեջանական գործակալության հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ Ուկրաինայի դեպքում միջազգային պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի դեմ, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը «շարունակում է մնալ անպատիժ», եվրոպացի պաշտոնյան խորհուրդ է տվել Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ համեմատություններ չանել:

Նկատենք, որ Ֆյուլեն նման հստակ դիրքորոշում արտահայտել է Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո: Այն դեպքում, երբ Եվրոմիությունն Ադրբեջանի հետ լրջորեն քննարկում է «էներգետիկ անվտանգության» խնդիրը: Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո սա երկրորդ դիվանագիտական ֆիասկոն է Բաքվի համար, եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանի արտգործնախարարը Քերրի-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ասել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել են «աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ»:

Համադրելով` կարելի է եզրակացնել, որ Ուկրաինային «կրկնօրինակելու» եւ համապատասխան դիվանագիտական աջակցություն ստանալու Ադրբեջանի ջանքերը բացարձակապես անհաջողության են մատնվել: Եւ դրանում, կարծես, Թուրքիան զգալի դերակատարություն է ունեցել կամ ուղղակի, կամ` այն իմաստով, որ այդ երկիրը բոլորովին էլ այն չէ, այն ներուժը չունի, ինչ ներկայացնում են կամ ինչի մասին համառորեն երազում են Անկարայում եւ հատկապես Բաքվում:

Երբ Էրդողանը դեռ չէր հեռացել Ադրբեջանից, ակնհայտորեն իշխանական աղբյուրներից սնվող haqqin.az-ը շտապել էր լուր տարածել, որ «Թուրքիայի նախագահը վերադառնում է Բաքու»` ծանուցելով, որ դա «տեղի կունենա սեպտեմբերի 20-ին TANAP գազամուղի շինարարության համաձայնագրի ստորագրման օրը»: Նույն աղբյուրը սեպտեմբերի 8-ին տեղեկություն էր տարածել, որ Իտալիայի հարավի ֆերմերները զանգվածաբար բողոքում են TANAP-ի դեմ, քանի որ վտանգվում է իրենց գործը` տասնյակ հազարավոր հեկտարներ զբաղեցնող ձիթենու այգիներ պետք է ավերվեն, որպեսզի կառուցվի «դարի» գազամուղը:

Ադրբեջանական լրատվամիջոցը դժգոհություն էր հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի «անձեռնհասությունից»: Բլերը Շահդենիզ- 2»` BP- SOKAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) համատեղ գազային նախագծի խորհրդականն է, եւ Բաքուն չի թաքցնում, որ նա «վարձվել էր», որպեսզի Իտալիայում «լոբբիստական աշխատանք տանի»: Ճիշտ է, haqqin.az-ը ենթադրել էր, որ Իտալիայի հարավի «ֆերմերային ապստամբությունները» ռուսաստանյան «Գազպրոմի» առավել գործունյա լոբբիստների գործն է, բայց միաժամանակ էլ ակնարկել, որ Թուրքիան զուգահեռաբար Իսրայելի հետ է համագործակցում` արաբական երկրներից դեպի Եվրոպա գազի տարանցման նախագծերում:

«Անակնկալն» իրեն երկար չսպասեցրեց. հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 20-ին Բաքվում կգտնվի Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն: Ընդ որում` Կիպրոսի բռնազվթված հատված այցելելուց հետո: Ինչ վերաբերում է Բաքու ուղեւորվելու առիթին, ապա Թուրքիայի վարչապետի գրասենյակը, «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ձեռնպահ է մնացել TANAP նախագծի «համաձայնագրի ստորագրմանը ներկա գտնվելու» ձեւակերպումից եւ բավարավել նրանով, որ Թուրքիայի վարչապետն Ադրբեջանում «կմասնակցի Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման համաձայնագրի 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին»:

Եթե ինչ-որ բան այն չէ, եւ սեպտեմբերի 20-ին TANAP-ի վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը դեռեւս հարցականի տակ է, իսկ Էրդողանի փոխարեն Բաքվում Դավութօղլուի ներկա գտնվելը, կարծես, որոշակի կասկածների տեղիք տալիս է, ապա պետք է փաստել, որ Եվրոպայի «էներգետիկ անվտանգությունն ապահովելու» միջոցով արտաքին քաղաքական շահաբաժին կորզելու եւ ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրության ընկալումը փոխելու` Իլհամ Ալիեւի ջանքերը որեւէ արդյունքի չեն հասնում: Եւ դա` Ֆրանսիայի միջնորդությամբ կայանալիք` Հայաստանի նախագահի հետ հանդիպման նախաշեմին...

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ