RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1730, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԼԱՏՈՆՆ ԸՆԿԵՐՍ Է, ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԻ ԷԼ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ՉԷ

Հարցազրույցը` ՆԱԻՐ ՅԱՆԻ

Երուսաղեմահայ Ժորժետ Ավագյանը 9 տարեկանից նոթատետրում գրի է առնում ապրած ամեն օրը: Թեեւ հրաշալի հիշողություն ունի ու կարեւոր տարեթվերը երբեք չի մոռանում, բայց թուղթ ու գրչին ավելի շատ է վստահում: Արմատներով Կիլիկյան Հայաստանից է, որտեղից էլ ծնողները գաղթի ու դեգերումների ճամփեքով հասել ու հաստատվել են Երուսաղեմում: Տիկին Ժորժետն ամեն տարի գալիս է Հայաստանՙ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Նա Երուսաղեմի Հայ դատի գրասենյանյակի պատասխանատուն է: Ավագյան քույրերը 4-ն են. չեն ամուսնացել, որպեսզի ամբողջովին նվիրվեն Հայ դատի լուծման գերնպատակին, հայկական լոբբիինգին: Տիկին Ժորժետը քույրերից ամենաաշխույժն ու նախաձեռնողն է. Իսրայելում համախմբում է հայկական համայքին, կազմակերպում քաղաքական, կրթական, հասարակական, մշակութային ձեռնարկներ:

- Սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում ազատ գործելու ավելի մեծ հնարավորություն է ունեցել, քան Հայաստանը: Ի՞նչ արձագանք էին ստանում Ձեր կազմակերպած բողոքի ակցիաները Երուսաղեմում:

- 1971-ին բողոքի երթ կազմակերպեցինք, որի շարունակությունը նստացույցն էր: Ստվարաթղթից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էինք սարքել ու կողքին նստել: Պաղեստինյան թերթերից մեկում հոդված էինք տպագրել Հայոց ցեղասպանության մասին, խոսել միմիայն փաստերով: Թուրքերը կատաղել էին ու նույն թերթում ցեղասպանությունն իբր հերքող հոդված տեղադրել: Նրանք դրա համար վճարել էին թերթին, իսկ մեր հոդվածն անվճար էր տպվել: Մեր պատասխան քայլն այն եղավ, որ ես ապացույցներ բերեցի, թե նրանք են զրպարտիչներն ու ոճրագործները: Նույն թերթում հրատարակեցի իմ տոհմական ունեցվածքի փաստաթղթերը. անհերքելի վկայություններ այն մասին, որ թուրքերը բռնությամբ տիրացել են իմ ընտանիքի գույքին ու հարստությանը, եւ որ մենք Կիլիկյան Հայաստանում բնիկներ ենք եղել: Նրանք ոչինչ չկարողացան անել տպագիր այդ փաստերի դեմ: Մի օր էլ 3 անծանոթ արաբ եկան մեր տուն. հսկայական գումար առաջարկեցին տոհմական փաստաթղթերիս դիմաց: «Ես իմ ազգը թղթով չեմ ծախի»,-ասացի ու ճանապարհ դրեցի անկոչ հյուրերին: Պարզ էր, որ նրանք թուրքերի պատվիրակներն էին: Ամեն տարիՙ ապրիլի 24-ին, Իսրայելում թուրքական դեսպանատան առջեւ բողոքի ցույցեր ենք անում, մեզ են միանում նաեւ հրեաներ: Թուրքական հեռուստաընկերությունները գալիս-լուսաբանում են ու խնդրում, որ անգլերեն հարցազրույցներ տանք: Ես կտրականապես մերժում եմ. «Ո՛չ, միմիայն թուրքերեն, որովհետեւ անգլերենից թուրքերեն թարգմանելիս կաղավաղեք մեր խոսքն ու ձեր ուզածով շուռ կտաք»:

- Ինչպե՞ս են վերաբերվում Իսրայելի իշխանությունները հայկական լոբբիինգին, չէ՞ որ դուք ապրում ու գործում եք մի երկրում, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

- Իսրայելի 4 նախագահների հետ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել: 1979-ին նախագահը Երուսաղեմի համալսարանականներիս հրավիրեց իր տուն: Նա շատ լավ գիտեր, թե ես ու իմ համախոհներն ինչով ենք զբաղված: Իսրայելը դեմոկրատական երկիր է: Բողոք ունեսՙ արտահայտվիր, ձայնդ տեղ հասցրու. իրավունքը քոնն է: Նախագահն ինձ հարցրեց. «Ժորժետ, ժամանակը չէ՞, որ Հայաստանն անկախանա»: Պատասխանեցիՙ մենք ձեզ նման Հերցել չունենք: Հավելեց. «Դու դարձիր Հերցել, իսկ ինչո՞ւՙ ոչ»: Ապշեցի նրա պատասխանից, բայց ես էլ համոզված էի, որ միայն անկախ երկիր դառնալով կարող ենք միջազգային հանրության առաջ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Իսրայելում 15 հազար հայ կա, իսկ ադրբեջանցիները, որ թուրքերից ավելի վտանգավոր եւ ագրեսիվ են, 35 հազար են: Նրանք, թուրքերի հետ թեւ թեւի տված, հզոր քարոզչություն են անում, ամեն տեղ իրենց մարդն ունենՙ Իսրայելի ամենակարեւոր կառույցներում: Քնեսեթում 3 ադրբեջանցի կա, որոնք պարբերաբար բարձրացնում են Խոջալուիՙ այսպես կոչված ցեղասպանության ճանաչման հարցը, ամեն տարիՙ փետրվարի 28-ին, Քնեսեթում սուգ ու շիվան են կապում: Տեսեք, բազմիցս ապացուցվել է, որ Խոջալուն հենց իրենց ձեռքի գործն էՙ թատերական ներկայացում, բայց նրանք ամեն ինչ անում ենՙ աշխարհի աչքերը կապելու եւ իրենց սուտն առաջ տանելու համար: Քնեսեթի արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեի ղեկավար Լիբերմանը բացահայտ հակահայկական քարոզչություն է անում:

Ադրբեջանցիներն իրենց փառաբանող, իսկ հայերիս զրպարտող գրքեր են հրատարակում ու անվճար բաժանում: Մենք ստիպված ենք լինում հսկայական տպաքանակներ գնել, որպեսզի այդ հերյուրանքները չտարածվեն Իսրայելով մեկ: Սուտ ու փուչ գրքեր են, բայց օտարն ընդունում է այն, ինչ մատուցվում է իրեն: Մենք պարտավոր ենք ադրբեջանական քարոզչության դեմ պայքարել անգլերեն բարձր որակով հրատարակված գրքերով, որոնք կներկայացնեն մեզ, մեր երկիրը, մեր անցյալն ու ներկան: Բայց գրեթե ոչինչ չենք անում այդ ուղղությամբ:

- Թուրք-ադրբեջանական ազդեցությունները բավականին կշիռ ունեն Իսրայելի կառավարությունում: Այսքանից հետո ի՞նչ սպասելիքներ ունենանք Իսրայելից Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մենավանդ, երբ գոյություն ունի Թուրքիա-Իսրայել փոխադարձ շահերի հարթակը:

- Իսրայելում շատ լավ են հիշում 1939-ին Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»: Իսրայելը Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունի: Հրեայի համար ամենակարեւորը փողն է. փողը վեր է ամեն տեսակի ճշմարտությունից: Ինչ ակնկալիք ունենա դիմացինից, ըստ այդմ էլ կգործի հրեան: Բայց Իսրայելի նորընտիր նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ մեծ հույսեր եմ կապում: Ես շնորհավորել եմ նրան պաշտոնավարման կապակցությամբ, իսկ նա մի քանի օր առաջ զանգեց ինձ Իսրայելից: Պատասխանեցի. «Ինչ որ ասելու եք ինձ, պաշտոնապես նամակով գրեք նաեւ Հայ դատի գրասենյակին: Ես նրան ասացիՙ երբեք չմոռանաք, որ հայերս մեծ խնդիր ունենք լուծելու, իսկ նա պատասխանեց. «Չեմ մոռանա ձեր փոքր եւ հզոր ազգին: Իմ հայանպաստ գործը պիտի շարունակվի»: Հրեա շատ մտավորականներ կանգնած են հայերի կողքին: Յաիր Ցաբանը շարունակում է գրել ու խոսել ի պաշտպանություն հայերիս: Իսրայելի հեռուստատեսության պաշտոնյաներից Յակոբ Ախիմիիրը կոչով դիմել է երկրի նախագահինՙ ընդունել պատմական ճշմարտությունը, ծաղիկներ վերցնել ու ի պաշտոնե հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

- Ինչպե՞ս եք վերաբերում Սերժ Սարգսյանիՙ Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու հրավերին:

- Շատ վատ: Ի՞նչ հրավեր, ինչո՞ւ պիտի մենք պաշտոնական հրավեր ուղարկենք այն էլ Թուրքիայի նախագահին: Ես կտրականապես դեմ եմ Թուրքիայի հետ որեւէ առնչության, քանի դեռ այդ ոճրագործ երկիրը պաշտոնապես չի ընդունել իր մեղքը: Ես ու քույրերս «սեւ ցուցակում» ենք. մեզ արգելված է մտնել Թուրքիա: Իսկ մենք դրանից շատ շոյված ենք: Շատ էլ պետքս է. հեչ էլ թողնեն: Կարծում են դրանից սրտնեղե՞լ ենք. ամենեւին: Ի՞նչ պիտի ասի Ծիծեռնակաբերդում Էրդողանը. գալու է դարձյալ ձե՞ռք առնի մեզ: Ես դեմ եմ եղել նաեւ հայ-թուրքական սահմանը բացելու կարծիքներին: Պետք է աչալուրջ լինել, լարել զգայարաններն ու միտքը, երբ գործ ունենք մեր թշնամի պետությունների հետ: Ադրբեջանն այսօր ավելի լկտի է պահում իրեն, քան Թուրքիան: Պետք է պատրաստ լինել ամենաանսպասելի հարվածին: Մայրս վախենում էր իմ ականջները ծակել, օղ գցել, որովհետեւ թուրքերը 4 տարեկանում քաշել, նրա ականջօղերը բլթակների հետ պոկել էին: Ինչպե՞ս մոռանամ դա: Չեմ մոռանա. ամեն ինչ կանեմ մեր արդար վրեժի ու հաղթանակի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ