ՀԱՍԿԱՆԱԼԻ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՐ ԱԿՆԿԱԼԻՔԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Հոկտեմբերի 10-ից հետո, երբ մեր երկիրը միացավ Եվրասիական Տնտեսական Միությանը, բազմաթիվ միջոցառումներ եւ քննարկումներ եղան, որտեղ մասնագետները փորձեցին բացատրել մեր հանրությանը այդ քայլից Հայաստանի սպասվող օգուտներն ու ակնկալիքը: Այդ ձեռնարկներն իսկապես շատ էին եւ չնայած դրան, հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասը, մասնավորապես մեծ եւ փոքր տնտեսվարողները դժվարությամբ են կողմնորոշվում միասնական տնտեսական տարածքի խոստացող հնարավորությունների հարցում: Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի նախօրեին տեղյակ շրջանակներին պարզ էր, որ բնակչության 80 տոկոսը եւ քաղաքական դաշտի գլխավոր դերակատարները դրականորեն են վերաբերում այդ քայլին: Ստորեւ փորձենք քայլ առ քայլՙ փոքրից մեծ, վերլուծել մեր հնարավոր ակնկալիքը ԵԱՏՄ-ին անդամակցությունից: Փոքրերը ավելի շուտ կզգան դրական տեղաշարժերը, քան մեծերը Ռուս ճանաչված վերլուծաբան Թամարա Գուզենկովան մի քանի օր առաջ տարբեր լրագրողների հետ հարցազրույցներում պնդում էր, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական հետեւանքները մեր երկրում ավելի շուտ կզգան փոքր ու միջին ձեռնարկատերերը, քան խոշորները: Այս դիտարկումն ունի տնտեսական հիմնավորում: Դեռ մեկ տարի առաջ մենք համոզված պդնում էինք (եւ դա հնարավոր էր պրոֆ. Աշոտ Թավադյանի գլխավորած խմբի հետազոտությունների արդյունքում), որ մեր ՀՆԱ-ում գալիք երկու տարիների ընթացքում անդամակցության ինտեգրացիոն էֆեկտը կկազմի 4 տոկոս: Վեց ամիս տեւած փորձագիտական եւ հասարակական քննարկումների արդյունքում էկոնոմիկայի նախարարությունը ճշտեց, որ այդ արդյունքը կարող է լինել նույնիսկ 4,5 տոկոս: Իսկ Համաշխարհային բանկի փորձագետները հաստատեցին, որ վերոհիշյալ հետազոտությունները տնտեսագիտական տեսանկյունից ճիշտ են եւ անթերի: Մեր տնտեսագետները նաեւ կանխատեսեցին, որ Ռուսաստան-Արեւմուտք արգելամիջոցների պատերազմից ԵԱՏՄ-ի փոքր անդամները, մասնավորապես Հայաստանը, շատ ավելի քիչ կտուժեն, քան մեծերը: Եվ ընդհակառակը, Ռուսաստանի շուկաները միանգամից զգացին սպառողականՙ հատկապես գյուղատնտեսական ապրանքների կարիք եւ այդ բացը առայժմ ավելի շատ լցնում են Թուրքիայի եւ Չինաստանի մատակարարները, քան ապագա միության փոքր անդամներն ու թեկնածուները: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե այս իրավիճակը շարունակվի համեմատաբար տեւական ժամանակ, ուրեմն լրջորեն կարելի է մտածել գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ դրանք Ռուսաստան ուղղելու նոր մեծ ծրագրերի մասին: Որոշ մոտավոր հաշվարկներ ցույց են տալիս, որ եթե Հայաստանին հաջողվի ռուս եւ ղազախ խոշոր ներդրողներին հետաքրքրել մեր գյուղատնտեսական մթերքների վերամշակման նոր հզորությունների հնարավորությամբ, ապա մի քանի տարում (եւ սա շատ զգույշ կանխատեսում է) այդ ապրանքների արտադրության եւ արտահանման ծավալները կարելի է կրկնապատկել: Այստեղ ուշադրություն ենք հրավիրում հատկապես արտաքին խոշոր ներդրողների հանգամանքի վրա, որովհետեւ, ինչպես հայտնի է, ռուսաստանյան եւ ղազախստանյան շուկաների առանձնահատկությունն այն է, որ նրանց խոշոր ներդրողները գործնականում շատ ավելի մեծ հնարավորություն ունեն տեղերում այդ ապրանքն իրացնելու համար, քան եթե այդ գործը մնար մերոնց: Մոսկվացի մի ճանաչված մենեջեր փաստել է, որ եթե Մոսկվայում եւ Պետերբուրգում նոր փոքր կամ միջին բիզնես գրանցելու եւ սկսելու համար անհրաժեշտ է մի գումար, ապա այդ բիզնեսը Երեւանում գրանցելու եւ սկսելու համար պահանջվելու է ուղիղ տասն անգամ պակաս գումար: Մոսկվայում կամ Պետերբուրգում գրասենյակ վարձելը մոտ 5000 դոլար է, առնվազն մեկ աշխատակցի հայտարարագրված աշխատավարձը 3000 դոլար է, մնացած բոլոր ծախսերըՙ մոտ 5000 դոլար, իսկ գրանցման համար պահանջվում է մինչեւ 30 օր: Երեւանում գրասենյակ վարձելը 500 դոլար է, մեկ տնօրենի հայտարարագրված աշխատավարձը 500 դոլար է, իսկ գրանցման հետ կապված գործառույթների համար անհրաժեշտ է 2-3 օր: Այսպիսով պատմականորեն ստացվել է այնպես, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենալիբերալ տնտեսական ռեժիմներն ունեցող երկիրն է: Եթե մեզ հաջողվի պահպանել եւ չփչացնել այդ ռեժիմներըՙ մասնավորապես հարկային եւ մաքսային վարչարարության որակը, ապա եկող տարվա հունվարից սկսած Հայաստանում կարող են գրանցվել հազարավոր ռուսաստանյան ընկերություններ, որոնց բիզնեսը կապված է ոչ թե կոնկրետ տարածքների հետ, այլ առեւտրի եւ տնտեսավարման ավելի ընդարձակ եւ լայն ոլորտների: Այսպիսով Հայաստանը ԵԱՏՄ-ի համար կարող է դառնալ մոտավորապես այնպիսի երկիր, ինչպիսին է Կիպրոսը Եվրոպական Միության համար: Մեկ բացառությամբ, այն էՙ Հայաստանի օֆշորային գոտի դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն եւ ոչ այնքան ԵԱՏՄ-ի, որքան մնացած աշխարհի ֆինանսական կենտրոնների համաձայնությունը: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական մթերքներին, ապա դժվար չէ կանխատեսել, որ եթե Մոլդովան Ուկրաինայից հետո շարժվի դեպի Արեւմուտք, Ռուսաստանում կարող է զգալիորեն ազատվել նաեւ էժան գինիների շուկան: Կրկնենք, շատ կարեւոր է, որ Հայաստանի ոչ միայն միրգն ու բանջարեղենը, այլեւ հարկային վարչարարությունը, պետական վերաբերմունքը եւ մատչելի աշխատուժը գրավիչ դառնան ռուս, մասամբ նաեւ ղազախ խոշոր եւ փորձառու ներդրողների համար: Հայաստանը եւ երրորդ սերնդի ինդուստրիալ հեղափոխությունը Նախորդ քսան տարիներին Ռուսաստանում գերիշխել է լիբերալ շրջանների եւ օլիգարխների այն կարծրացած տեսակետը, ըստ որի Ռուսաստանում պետք չէ զարգացնել սեփական արդյունաբերական հզորությունները, որովհետեւ դեռ մեծ հարց է, թե դրանք կլինե՞ն արդյոք մրցունակ գլոբալ շուկայում: Նրանց կարծիքով բավական էր անընդհատ մեծացնել գազի եւ նավթի արտահանման ծավալները եւ դրանով լուծել բոլոր սոցիալական հարցերը: Արգելամիջոցների պատերազմը, նավթի գնի աննախադեպ իջեցումը, բազմաբեւեռ աշխարհի ձեւավորումից բխող տնտեսական ու քաղաքական անկայունությունները առաջին անգամ Ռուսաստանում լսելի դարձրեցին այն ուժերի ձայնը, որոնք պահանջում են արդյունաբերության ռազմավարական ճյուղերի եւ սեփական գյուղմթերքների արտադրության ասպարեզում երկիրը դարձնել ինքնաբավ: Եթե այս մոտեցման կողմնակիցները վերջնականապես հաղթանակ տանեն, իսկ դա շատ մոտ է թվում, ապա Ռուսաստանի խոշոր ընկերությունները մտածելու են արդյունաբերական ամենատարբեր ճյուղերում պետական եւ մասնավոր լուրջ ներդրումներ կատարելու մասին: Այստեղ տեղին է հիշել, որ մեր երկիրը նախկին ԽՍՀՄ ժամանակներում միացյալ մեծ արդյունաբերական օրգանիզմի մի մասն էր եւ կոոպերացիայի ասպարեզում հիանալի փորձառություն ուներ: Ուրեմն, եթե Հայաստանում որոշում ընդունողները լրջորեն մտածեն արդյունաբերական նոր հզորությունների գործարկման մասին, ապա ԵԱՏՄ-ի տնտեսական ռեժիմները դրա համար ստեղծում են ամենաբարենպաստ դաշտ: Ուզում ենք հիշեցնել նաեւ, որ ժամանակին Հայաստանի ֆունդամենտալ գիտությունը զարգացել է ռազմաարդյունաբերական համալիրը սպասարկելու արդյունքում: Հայաստանում մեռավ ռազմաարդյունաբերական համալիրը, մահվան շեմին հայտնվեց նաեւ ֆունդամենտալ գիտությունը: Այստեղից պարզ հետեւություն. Ռուսաստանը, եթե գնա իր արդյունաբերական հզորությունները զարգացնելու եւ մեծացնելու ճանապարհով, մենք կարող ենք հավակնել արդյունաբերական այդ շղթաներում մի օղակ դառնալու դերին: Մանավանդ, որ մեր երկրի աշխատուժի ավելցուկի երկրից հեռանալու հեռանկարի միակ այլընտրանքը սեփական երկրում նրանց արժանապատիվ աշխատանքով ապահովելն է: Կլաստեր մեծ հավակնություններ ունեցող փոքր երկրում Արժե հիշել նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիպուկ խոսքը, որ ում սիրտը որ չի ցավում նախկին ԽՍՀՄ փլուզման համար, ուրեմն սիրտ չունի, բայց ով լրջորեն մտածում է ԽՍՀՄ վերականգնելու մասինՙ գլուխ չունի: Խորհրդային Միության վերականգնումն անհնար է եւ այդ ուրվականով իզուր են վախեցնում հետխորհրդային տարածքի ժողովուրդներին: Բայց շուկայական տնտեսությանն անցած, ապաինտեգրված եւ թուլացած հետխորհրդային պետությունների փորձը աշխարհաքաղաքական մեկ բեւեռի շուրջ հայտնվելու եւ մեկ տնտեսական մեգանախագիծ իրականացնելու ուղղությամբ դարձել է օրվա պահանջ: Հարց է առաջանում, ի՞նչ ուղղությամբ կարող է զարգանալ Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ շրջանակներում: Ի՞նչ տեղ կարող է ունենալ Հայաստանը տարածաշրջանումՙ լինելով Ռուսաստանի ոչ միայն ռազմաքաղաքական դաշնակիցը, այլեւ տնտեսական ամենասերտ գործընկերը: Այլ բառերով ասածՙ ի՞նչ տնտեսական լրացուցիչ օգուտներ կարող է խոստանալ մեր կառուցողական դերը ԵԱՏՄ ձեւավորման հարցում: 13 տարի հետո Հայաստանի ատոմային էլեկտրակայանը շարքից դուրս կգա: Մենք ունենք 13 տարի ելքեր գտնելու համար, որպեսզի պահպանենք միջուկային խաղաղ էլեկտրաէներգիա արտադրող երկրի տեղը միջազգային մեծ ակումբում: Եվրոպական Միությունը մեզ երկար համոզում էր, որ փակենք Հայկական ԱԷԿ-ը: Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնեցված քանի-քանի հարձակումներ են կատարել Հայաստանի վրա նույն պահանջով: Բարեբախտաբար մենք այդ քայլը չենք արել: Հիմա Թուրքիան ուզում է կառուցել միանգամից մի քանի ատոմակայան: Հայաստանը պետք է ունենա նոր ատոմակայան եւ դա իրատեսական է միայն Ռուսաստանի աջակցության պայմաններում: Հայաստանը պետք է ունենա նոր, ժամանակակից միջուկային արագացուցիչ, որը կգա փոխարինելու հիմնավորապես իր դարն ապրած եւ շատ թույլ արագացուցչին: Այս ծրագիրը ինտեգրացիոն գործընթացների ընձեռած պայմաններում իրատեսական է նույնպես եւ բացառապես Ռուսաստանի աջակցության դեպքում: Մենք ունենք ուրանի հանքավայրեր եւ շուտով սկսելու ենք դրանց հանույթը: Անհրաժեշտ է Հայաստանում կառուցել ուրանի խտանյութի մշակման գործարան: Այս տողերը կարդացողներից ոմանք կվախենանՙ մտածելով, թե ես նկատի ունեմ ուրանի հարստացումը: Ոչ, խոսքը դրա մասին չէ: Խոսքն ուրանի հանքանյութի սկզբնական մշակման մասին է: Այս երեք կենտրոնները միասին նշանակում են լուրջ հայտ ժամանակակից միջուկային ֆիզիկան զարգացնելու ուղղությամբ: Հենց այս հենքի վրա կարող է ձեւավորվել այն լավագույն կլաստերը, որն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆեկտով կզարգացներ ժամանակակից գիտության բազմաթիվ ճյուղեր: Մասնագետներն ասում են, որ այս փաթեթի արժեքը 10 միլիարդ ԱՄՆ դոլար է: Ասում են նաեւ, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի հարվածային մեկ կամ երկու ոլորտներում իր տեղն ունենալու համար, որովհետեւ շատ ծրագրերում քիչ-քիչ ներդրումներ ապահովելու պարագայում սոցիալական եւ գիտական մեծ արդյունք ակնկալել հնարավոր չէ: Ղազախստանի նախագահը ազգային գաղափարախոսության մակարդակի է բարձրացրել երկիրը դարի կեսին աշխարհի ամենազարգացած 30 երկրների շարք մտցնելու իր տեսլականը: Հայաստանը փոքր երկիր է եւ մեր հավակնություններն էլ պետք է համապատասխանեն մեր հնարավորություններին: Բայց հիշեցնեմ բելառուս քաղաքագետներից մեկի այն կոմպլիմենտար տեսակետը, որ եթե հայկական վերնախավերը հետխորհրդային տարածքի պետություններում մեկտեղեն իրենց գաղափարներն ու հնարավորությունները, կարող են զարմանալի թվացող նպաստ բերել փոքրիկ Հայաստանի առաջընթացին եւ զարգացմանը: |