ՄԵԿՆԱՐԿԵՑ «WebԾԻՐԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԱՌՑԱՆՑ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, սկսում է «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց կինոփառատոնը: Այն մեկնարկեց 2014թ. նոյեմբերի 18-ին եւ կավարտվի 2015թ.-ի փետրվարի 25-ին: «Արդեն չորրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է WebԾիրան համահայկական առցանց կինոփառատոնը: Մշակութային կարեւոր այս իրադարձության շնորհիվ հանրության դատին են ներկայացվում երիտասարդ կինոարտադրողների աշխատանքները: Փառատոնը սկսնակ ռեժիսորներին ընձեռում է` առանց խոշոր ֆինանսական ներդրման իրենց ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն եւ ազատում հովանավորներ փնտրելու, ինչպես նաեւ արտերկիր մեկնելու անհրաժեշտությունից: Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ տարբեր երկրների սիրողական ֆիլմարտադրողներին տրվում է եզակի հարթակՙ իրենց տաղանդը բացահայտելու, ճանաչում ձեռք բերելու եւ պրոդյուսերների ուշադրությունն իրենց աշխատանքերի վրա հրավիրելու համար: Հավատարիմ մնալով երիտասարդությանը մշակութային նախաձեռնություններում աջակցելու քաղաքականությանըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում երիտասարդ հայ ֆիլմարտադրողներին իրենց ծրագրերի իրականացման հարցում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400 000 ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, իսկ մյուս մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ նկարահանող պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի, նաեւ` հատուկ դիպլոմի: «Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: «Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությամբ: «Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային (խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն) սահմանափակումների: Ֆիմերը, «Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, պետք է ներկայացնել DVD կրիչով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2014թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2015թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում (գրասենյակի հասցեն` Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42): Ֆիլմերը կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն: «Web Ծիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնն այս տարի արդեն երկրորդ անգամ ներկայացնում է «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը: Ծրագրում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ տեսահոսթինգային որեւէ պորտալում դրանց հղումները հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեինՙ նշելով ֆիլմի անվանումը, կցելով հեղինակի մասին համառոտ տեղեկություն, գործող բջջային հեռախոսահամար եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից` իր պատասխանատվությամբ: Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կստանա հատուկ մրցանակ: |