Die Welt. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ Պ. Ք. Թուրքիայի խանութպանների ու հյուրանոցատերերի, ինչպես նաեւ էքսկուրսիաների կազմակերպիչների եկամուտների գլխավոր աղբյուրը ռուսաստանցիներն էին: Ոմանք դեռ հույս ունեն, թե մինչեւ գարուն իրավիճակը կբարելավվի, բայց մեծամասնությունը վստահ է, որ աղետ է սկսվում: Եվրոպացի զբոսաշրջիկները չեն հատուցում վնասները. նրանք նախընտրում են չափավոր հանգիստը եւ ծախսում են ռուսաստանցիներից անհամեմատ պակաս, գրում է գերմանական «Դի Վելթ» թերթը: Բազմաթիվ զբոսաշրջիկներ նախընտրում են հանգստանալ Թուրքիայում: 2014 թ. այնտեղ հանգստացել է գրեթե 41 մլն մարդ, նշում է թերթը: Ըստ որում, ռուսաստանցիները թվով երկրորդն էին գերմանացիներից հետո: Ամեն տարի Թուրքիա գալիս էր մոտ 4 մլն ռուսաստանցի: Նրանց մեծամասնությունը արձակուրդն անցկացնում էր երկրի հարավային ափինՙ Անթալիայում: Թուրքի հետ ամուսնացած ռուսաստանցի Մարիան ընտանեկան խանութ ունի Անթալիայում եւ «Դի Վելթի» թղթակցին ասել է. «Սա աղետ է, Անթալիայում զբոսաշրջությունը մեռնում է»: Նա պատմել է, որ իր գնորդները գրեթե բացառապես ռուսաստանցիներն էին: Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս սրման պայմաններում շահույթի հույս այլեւս չկա, եւ ինքը մտադիր է տեղափոխվել Եվրոպա: Նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից եւ ՌԴ հակաթուրքական պատժամիջոցների ձեռնարկումից հետո Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ չեն մնացել, չեղյալ է հայտարարվել առնվազն 6 հազար ուղեգիր: Ռուսական հեռուստաալիքները օրերս հաղորդեցին, որ ռուսաստանցի միլիոնավոր զբոսաշրջիկների շնորհիվ Թուրքիան ամեն տարի ստանում էր մոտ 10 մլրդ դոլար: Այսուհետեւ նա կզրկվի եկամտի այդ խոշոր աղբյուրից: Ներկայումս խանութների մեծ մասը փակ է, փողոցները դատարկ են: Դեռ նոյեմբերին Թուրքիան օգտվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու վրա ռուսական օդանավի պայթեցման հետեւանքով ռուս-եգիպտական հարաբերություններում ծագած ճգնաժամից: Դեպի Եգիպտոս ռուսական օդանավերի թռիչքները դադարեցվել էին, եւ շատերը Կարմիր ծովը փոխարինել էին Միջերկրականով, պարզաբանում է թերթը: Թուրք ձեռնարկատերերից շատերը վստահ են, որ քաղաքական իրավիճակը կվնասի տարածաշրջանի զբոսաշրջության ճյուղին: Կացության բարելավումն անգամ վերջ չի դնի ճգնաժամին: Զբոսաշրջային գործակալությունների մեծամասնությունը եկող տարվա ծրագրերը կազմում էՙ հաշվից հանելով ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Արդեն իսկ պայքար է ծավալվում հանուն եվրոպացի զբոսաշրջիկների: Սակայն եվրոպական եւ այլ երկրներից եկող զբոսաշրջիկների հաշվին հնարավոր կլինի հատուցել կորուստների ամենաշատը 15 տոկոսը: Եվրոպացի հյուրերն ունեն միանգամայն ուրիշ հայեցակարգ: Եթե ռուսաստանցիները ձեռք են բերում բարձրակարգ ապրանքներ եւ ամրագրում են շրջագայություններ, ապա եվրոպացի զբոսաշրջիկները, որպես կանոն, տարեց մարդիկ են, որոնք նախընտրում են մնալ իրենց հյուրանոցներում, արձանագրում է «Դի Վելթը»: |