«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔ» ԿԱՄ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՒԵԼԵԱՆ ՌԱԶՄԱԲԵ՞ՄԸ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան 04.12.2015թ. պաշտօնական Անկարայի հրամանովՙթուրքական բանակի մի զօրամաս, բաղկացած 900 զինուորից, 25 տանկից (2 տանկային վաշտ) եւ հրետանու մարտկոցից, նետուել է Իրաքի հիւսիսում գտնուող Մոսուլ նաւթառատ քաղաքի շրջանը: Թուրքական կառավարութիւնը յայտարարել էր, որ զօրամասն, իբր, ուղարկուել էր հիւսիսիրաքեան քրդերի աշխարհազօրային բանակիՙ փեշմերգաներին վարժեցման համար: Ընդ որում պաշտօնական Վաշինգտոնը տեղեակ էր Թուրքիայի պլանների մասին, սակայն պարզուեց, որ թուրքական այդ ռազմարշաւը կապուած չէր ԱՄՆ-ի գլխաւորած հակաահաբեկչական կոալիցիայի գործողութիւնների հետ... Մի խօսքով, ԱՄՆ-ն «ձեռքերը լուաց» իր «կամակոր» դաշնակցից... խուսափելով վերջինիս հերթական պանօսմանական ոգով արկածախնդրութեան համար պատասխանատւութիւնից: Իսկ դրա նախորդ օրն էլ յոյժ տագնապալի լուր էր ստացուել, որ իսլամականները Աֆղանստանում տարածքներ են զաւթելՙ նպատակ ունենալով այդտեղ ստեղծելու իրենց ցնորամիտ համաշխարհային իսլամական խալիֆաթի աֆղանական նահանգը... Բայց վերադառնանք Իրաք: Ի պատասխան թուրքական ներխուժմանըՙ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը, ըստ «Աս-Սումարիա» հեռուստաալիքի, դա անուանեց միջազգային իրաւունքի խախտում: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, ըստ «Reuters» լրատուական գործակալութեան, անմիջապէս վճռականօրէն պահանջեց 48 ժամում Իրաքի տարածքից դուրս բերել զինուած «անկոչ հիւրերին», սպառնալով հակառակ դէպքում դիմել բոլոր միջոցներինՙ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին բողոքելուց մինչեւ թուրքերի դէմ օդային ու ցամաքային մարտական գործողութիւններ սկսելը: Ըստ «Al-Araby Al-Jadeed» լրատուամիջոցի, Իրաքի խորհրդարանի անվտանգութեան եւ պաշտպանութեան հանձնախմբի նախագահ Հաքի ալ-Զամիլին էլ յայտարարել է, որ ի պատասխան թուրքական կողմի ագրեսիայիՙ պաշտօնական Բաղդադը կարող է ռազմական օգնութիւն խնդրել Ռուսաստանից... Արդիւնքում Անկարան ստիպուած կլինի առայժմ հետ քաշուել իր համար այնքան բաղձալի նաւթառատ Մոսուլից... Ի դէպ, արդեօ՞ք պատահական է, որ դեկտ.ի 7-ին, ըստ ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդման, Կասպից ծովում սկսուել են ռուսական աւելի քան 50 ռազմանաւերի զօրավարժությունները: Այսինքնՙ ՌԴ Կասպիական ռազմական նաւատորմիղն ակտիւանում է Մերձաւոր Արեւելքի հիւսիսում, ճիշտ այնտեղ, որտեղից հենց այդ նոյն նաւատորմիղն ուղիղ երկու ամիս առաջ իր «Կալիբր» թեւաւոր հրթիռներով ճշգրիտ հարուածներ էր հասցրել Սիրիայում գտնուող ԻԼԻՊ կամ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպութեան դիրքերին... Միաժամանակ, ՌԴ նոյն ռազմական պաշտօնական աղբիւրը հաղորդում է, թէ ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգում, աւելի որոշակիՙ Ուրալի Չելեաբինսկի մարզում, ռուսական ՌՕՈՒ-ի Սու-25 գրոհիչների եւ Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչների հերթական էսկադրիլիաները լարուած ուսումնա-վարժական պարապմունքներ են անցկացնում... Ամենայն հաւանականութեամբ նախատեսւում է ռազմաօդային այդ խմբաւորումը նետել Սիրիա... Կարելի է եզրակացնել, որ ռուսական կողմը չի պատրաստւում Սիրիայի իր դիրքերից նահանջել որեւէ ճնշման ներքոյ: Աւելինՙ հզօրացնում է իր ռազմական ներկայութիւնը Մերձաւորարեւելեան տարածաշրջանում... Չնայած, ըստ իս, չի բացառւում նաեւ ուկրաինական ուղղութիւնը... Քանզի թուրքերը եւ նրա հովանաւորները փորձում են ակտիւացնել այդ ուղղութիւնը: Մասնաւորապէս երկու ԱԳ նախարարներիՙ Լաւրով-Չաւուշօղլու հանդիպումից անմիջապէս յետոյ, ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալութեան հաղորդագրութեան, թուրքական կողմը յայտարարեց Ղրիմի միանշանակ ուկրաինական պատկանելիութեան մասին... Ռուսական կողմը, շարունակելով ռազմական նախապատրաստութիւնները, վերջին շաբաթուայ ընթացքում արագօրէն արդիական զրահատեխնիկայի նորանոր խմբաքանակներով հանդերձում է իր հարուածային ուժերից եւս մէկըՙ օդադեսանտային զօրքերը... Եւ այսքանից յետոյ բոլորովին զարմանալի չէ, որ Ռուսաստանի ռազմական նաւատորմի մէկ այլ ահեղ խմբաւորում, աւելի որոշակիՙ Խաղաղօվկիանոսեան նաւատորմի մի պատկառելի ջոկատ այցելել է Հնդկաստանի Արեւելեան ռազմածովային հրամանատարութեան գլխաւոր ռազմածովային բազանՙ Վիշակհապատնամ... Այստեղ ՌԴ եւ Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զօրավարժութիւններ կանցկացնեն թէ՛ ծովում, թէ՛ ցամաքում... Ռուսական ռազմանաւերի հրթիռային սպառազինութիւնը, անշուշտ, այստեղից էլ կարող է խոցել ցամաքային շա՜տ հեռաւոր նպատակակէտեր... Իսկ Հնդկական օվկիանոսում, իսկ գուցէ Արաբական ծովում ծովային հետեւակի զօրավարժութիւնները թափանցիկ ակնարկներ են հարաւային ծովերի ափերին գտնուող երկրներում ռուսական զօրքերի ափհանման մասին: Այնպէս որ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսֆորը փակելովՙ ռուսական նաւատորմին չի կանգնեցնի: Այն կարող է Մերձաւոր Արեւելք հասնել թէ՛ Կասպից ծովով, թէ՛ Հնդկական օվկիանոսով... Բաւական երկար են Վ.Վ.Պուտինի ձեռքերը... Այս առումով վերջերս շատ հետաքրքրական քայլեր է անում ԲՐԻԿՍ-ի գծով ՌԴ դաշնակիցներից Չինաստանը: Վերջինս պատրաստւում է ռազմածովային բազաներ ստեղծել Հնդկական օվկիանոսի աֆրիկեան ափի միանգամից երկու երկրումՙ Ջիբութիում եւ Մոզամբիկում: Ի դէպ, Ջիբութի պետութիւնը Մերձաւոր Արեւելքում է գտնւում, իսկ, աւելի որոշակիՙ Կարմիր ծովի հարաւային մուտքի մօտ... Ռուս-չինական հեռուն գնացող ռազմական համագործակցութեան եւս մի, ԱՄՆ-ին խիստ անհանգստացնող դրուագն էլ հետեւեալն է: Ռուսաստանում յաջողութեամբ անցկացուել են հակահրթիռային եւ հակատիեզերական Ա-235 «Նուդոլ» հրթիռների փորձարկումները... Ըստ ամերիկեան «Colorado Spring Gazette» լրատուամիջոցիՙ դեռ 2015թ.նոյեմբերին ԱՄՆ ՌՕՈՒ-ի Տիեզերական հրամանատարութեան ղեկավար գեներալ Ջոն Հայթենը յայտարարել է, թէ ՌԴ-ն եւ Չինաստանը մշակում են սպառազինութիւն, որը կարող է սպառնալ ԱՄՆ-ի կենսականօրէն կարեւոր տիեզերական արբանեակներին... Նոյնը հաղորդում է նաեւ ամերիկեան «Washington Free Beacon» լրատուամիջոցը, նշելով, որ ռուս-չինական հրթիռները կարող են հարուածել ԱՄՆ-ի հետախուզական, կապի, նաւարկման արբանեակներին, կարեվէր խոցելով ԱՄՆ-ի թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքացիական կենսական ենթակառոյցները... Ըստ ռուսաստանեան «Российская газета» (''Ռոսսիյսկայա գազետա'') պարբերականի, ՌԴ Օդատիեզերական ուժերի ՀՕՊ եւ ՀՀՊ 1-ին բանակի No դիվիզիայի հրամանատար, գնդապետ Անդրէյ Չեբուրինը հաղորդել է, որ Մոսկուայի հակահրթիռային պաշտպանութեան համակարգը ուղղակիօրէն փոխգործակցում է հրթիռային յարձակման կանխման եւ տիեզերական տարածութեան մշտադիտարկման համակարգերի հետ... եւ ունի խոցման կրակային միջոցներ: Միով բանիւ, Մոսկուան ու Պեկինը տենդագին զինւում են... եւ ոչ միայն նրանք... Իրադարձութիւններն այնքան արագ եւ թւում է, այնքան անկանխատեսելի են զարգանում, որ ո՛չ մի երկիր Մերձաւոր Արեւելքում եւ նրան յարակից տարածաշրջաններում չի կարող իրեն ապահովագրուած համարել վատթարագոյն իրավիճակներից... Յիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետութիւնն ընդամէնը մի քանի հարիւր կիլոմետր հեռաւորութեան վրայ է Մերձաւոր Արեւելքում մի քանի ճակատով մղուող հիբրիդային պատերազմական գործողութիւններից, իսկ այդ պատերազմական գործողութիւնների ամենակարեւոր նախաձեռնողներից ու մեղաւորներից մէկիՙ Թուրքիայի հետ ունի 267 կիլոմետր ընդհանուր սահմանագիծ... Իրադարձութիւնների զարգացման ընթացքը ցոյց է տալիս, որ թէ՛ Մերձաւոր եւ Միջին Արեւելքում, թէ՛ յարակից տարածաշրջաններում «կրակը» շարունակում է թեժանալ: Ուշագրաւ է յատկապէս Ռուսաստանի դէմ դեկտ.ի 7-ի դրութեամբ փաստականօրէն Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմաքաղաքական դաշինքի կազմումը: Զարմանալի չէ, որ այդ ժամանակ Կիեւում յայտնուեց ամերիկեան էսթաբլիշմենթի շատ օդիոզ ֆիգուրներից մէկըՙ դեռ «մայդանեան էպոպեայից» անմոռանալի յուշեր թողած Ջո Բայդէնը... Ըստ ձեռք բերուած թուրք-ուկրաինական համաձայնութեան, երկու հակառուսականօրէն տրամադրուած պետութիւնները կհամագործակցեն թէ՛ ռազմատեխնիկական, թէ՛ հետախուզական, թէ՛ մի շարք այլ բնագաւառներում... Միաժամանակ, գնալով առաւել սերտանում է Ռուսաստան-Սիրիա-Իրան-Իրաք դաշինքը, որին, չի բացառւում, որ հեռանկարում կմիանան եւս մի քանի պետութիւններ... Եւ այս բոլոր դաշինքների ու այլազան զարգացումների հետեւում նկատելի են աշխարհաքաղաքական մի շարք ուժային կենտրոնների ուրուագծերը... Ամենայն հաւանականութեամբ, աշխարհաքաղաքական յետագայ զարգացումները տանելու են դէպի աշխարհի նոր վերաբաժանումը: Եւ այդ վերաբաժանման համար մղուող արիւնահեղ պայքարի կարեւորագոյն ասպարէզն է դառնալու հենց Մերձաւոր Արեւելքը: Այս տարածաշրջանը, ըստ իս, կարելի է դիտարկել որպէս ապագայ 3-րդ Աշխարհամարտի կարեւորագոյն ռազմաբեմերից մէկը... Ի դէպ, ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ 3-րդ Աշխարհամարտն արդէն իսկ սկսուել է, այն էլՙ վաղուց, եւ մղւում է հիբրիդային պատերազմին յատուկ բոլոր ձեւերով ու մեթոդներով... Մերձաւորարեւելեան ռազմաբեմում արդէն իսկ կարելի է նկատել մի քանի ռազմաճակատՙ ա - Սիրիական, բ - Աֆղանական, գ - Իրաքեան, հնարաւոր է, որ ի յայտ գան նաեւՙ դ - Թուրքական, ե - Սաուդեան ու եւս մի քանիսը... Այս պայմաններում դարձեալ այժմէական է դառնում Մերձաւոր Արեւելքի նկատմամբ նախկինում ի յայտ եկած պլաններին վերստին անդրադառնալը, ինչը, թերեւս, կօգնի հասկանալու ներկայումս ընթացող որոշ իրադարձութիւններ եւ հասկանալու ո՛չ միայն դրանց իրական պատճառները, այլեւՙ հնարաւոր ապագայ զարգացումները... Բայց այս մասին` յաջորդիւ Նկար 1. Ռուսաստանեան Ա-235 «ՆՈՒԴՈԼ» հակաարբանեակային հրթիռը |