«ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ» ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐՈՎ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 2001 թ. հուլիսին Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում բացվել էր «Տիեզերքի թանգարանը», որը գիտության այս ոլորտում Հայաստանի ոչ վաղ անցյալի նվաճումները ներկայացնող պատմական նշանակությամբ իրադարձություն էր. բացմանը մասնակցել են Գրիգոր Գուրզադյանը, տիեզերագնաց Վալենտին Լեբեդեւը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Խոսրով Հարությունյանը (Հայաստանում քրիստոնության ընդունման տոնակատարության հոբելյանական հանձնաժողովից), Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը եւ ուրիշներ: Գառնիի կենտրոնում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ ստեղծվել եւ տիեզերք են արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումներ, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ: Ժամանակներին հատուկ գաղտնիության պայմաններում, սակայն այդ գործունեությունը մնացել էր հանրությանը հիմնականում անհասելի: Նոյեմբերի 28-ին թանգարանը` էապես հարստացված` տեղափոխված Երեւան, բացվեց Նորքի զանգվածում` նոր ստեղծվող տեխնոպարկի տարածքում: Թանգարանի ընդարձակ, լուսավոր սրահը ցուցանմուշների պահպանման եւ ներկայացման համար պատշաճորեն հարմարեցված եւ գրավիչ է դարձված ժամանակակից մոտեցումներով: Այստեղ ներկայացված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից: Թանգարանի կազմակերպիչը թե՛ նախկին ցուցադրությանՙ Գառնիում, թե՛ ներկա` նորացված ցուցադրության, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը ներկաներին, որ հիմնականում ոլորտի մասնագետներ եւ հրավիրյալ անձեր էին, հանգամանալի տեղեկություններ հայտնեց ցուցադրության մասին: Ցուցասրահի կենտրոնական մասում դրված խոշոր գնդաձեւ սարքը 1962-ին տիեզերք ուղարկված, 500 կմ բարձրության հասած հրթիռային արձակման վայրէջքային մոդուլն է: Ցուցանմուշների մեջ է երեք անգամ տիեզերք արձակված հրթիռային աստղադիտարանի կայունացված հարթակը: Ահա եւՙ հանրահայտ «Օրիոն -2» տիեզերական աստղադիտարանի պատճենը (բնօրինակը մնացել է տիեզերքում). այն ցուցադրվել է Հանովերի միջազգայինՙ Էքսպո- 2000թ. ցուցահանդեսում: Այստեղ է գտնվում նաեւ «Օրիոն-1»-իՙ աշխարհում առաջին տիեզերական կայանում տեղադրված աստղադիտարանի պատճենը: Ի դեպ, Վահագն Գուրզադյանը ներկայումս եվրոպական LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ է: Ցուցադրվեց Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու կայանից նրա մասնակցությամբ եվրոպական նոր տիպի հրթիռի արձակման տեսաժապավեն: Թանգարանի բացմանը ներկա էին այդ ծրագրով աշխատող երիտասարդ մասնագետներ: Թանգարանը ընդգրկում է նաեւ տիեզերական հետազոտություններին առնչվող նշանակալից փաստաթղթեր, այդ թվում տիեզերագնացների, ԹԿհՁԿԽ, հԿՇի տիեզերանավերի ճարտարագետների, ակնառու գիտնականների ձեռագիր գրություններ, նաեւՙ NASA-ից: Թանգարանի արժեքավոր նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեի` միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի հոդվածի ձեռագիրը: Հոդվածը գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ: Այստեղ կարելի է տեսնել խորհրդային տիեզերագնացների երկու ձեռագիր փաստաթուղթՙ ուղղված Գրիգոր Գուրզադյանին, որտեղ վերջինիս անվանում են իրենց «Ուսուցիչ»: Նրանցից մեկը Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի հրամանատար, գեներալ-գնդապետ Պյոտր Կլիմուկն է: Այդ փաստաթղթերը, որ արտահայտում են նաեւ տիեզերական վաղ դարաշրջանի շունչը, խորհրդային շրջանի գաղտնիության մթնոլորտը, խնդիրների լուծման կազմակերպչական կանոնները եւ այլն, պետք է որ հանդիսանան բացառիկ փաստագրական նյութՙ պատմաբան-մասնագետների եւ նորություն` այսօրվա սերնդի համար: Արեգ Ճառագյանը , որ աշխատել է Գրիգոր Գուրզադյանի հետ դեռեւս Բյուրականի աստղադիտարանից` 1960-ականներից, իր ելույթում ընդգծեց մեկ անհատի որոշիչ դերը նշանակալից խնդիրներում` տվյալ դեպքում Գուրզադյանի դերը նոր բնագավառի` տիեզերական աստղագիտության սկզբնավորման մեջ: Նա մասնավորապես նշեց այն բացառիկ հեղինակությունը եւ վստահությունը, որ ուներ Գուրզադյանը ժամանակի ոլորտի ազդեցիկ դեմքերի` Կորոլյովի, Կելդիշի մոտ, եւ աջակցությունը` իր ուսուցչիցՙ Վիկտոր Համբարձումյանից: Նա հույս հայտնեց, որ նորացված թանգարանում կշարունակվեն կազմակերպվել դպրոցականների այցելություններ, որպեսզի սերունդների կապը չընդհատվի, չկորցնենք մեր տաղանդներին: Հետաքրքրական էին Գրիգոր Գուրզադյանի վաղեմի մտերիմ Զորի Բալայանի հիշողությունները. «Նա միայն աստղագետ չի եղել, նա փիլիսոփա էր, նրա այդ (խոհա-փիլիսոփայական) աշխատություններին շատերը ծանոթ չեն, մինչդեռ այնտեղ գլուխ գործոցներ կան: Դեռ որպես նկարիչ չեմ ասում... Համոզված եմ, որ գալու է ժամանակը, Գուրզադյանը աստղի նման փայլելու է, իսկ այստեղ լեփ- լեցուն մարդիկ են լինելու: Երջանիկ եմ, որ եղել եմ նրա ժամանակակիցը, մտերիմը»: Տպավորիչ էր 1976 թվականին Գառնիում Ուիլյամ Սարոյանի եւ Գուրզադյանի հանդիպման մի դրվագի նրա վերհուշը: Թանգարանային ստենդները հագեցված են տիեզերական հետազոտությունների կարեւորագույն իրադարձությունների մասին պատմող բազմաթիվ տեղեկություններով եւ լուսանկարներով: Թանգարանը բացի էականՙ պատմա-փաստագիտական, զբոսաշրջային եւ այլ բովանդակություններից, նախատեսված է հիմնականում որպես դպրոցականների կրթական ուղղվածության հաստատություն: Թանգարանի այցելուների մատյանը պարունակում է մեր հայրենակիցների` Հայաստանից եւ սփյուռքից, ներառյալ դպրոցականների, օտարազգի զբոսաշրջիկների հիացմունքի, հպարտության եւ զարմանքի բազմաթիվ գրառումներ, որոնցից մի քանի նմուշ ընթերցվեցին: Այսպես, Շվեդիայից մեր հայրենակիցը թանգարանը դիտելուց հետո գրում է. «Միայն մեկ խոսք - երջանիկ եմ, որ հայ եմ»: |