RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1695, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱ՞Ն ԵՔ

Հ. ԱՖՅԱՆ

Երբ ես երրորդ կուրսի ուսանող էի, մեր հեռուսառեժիսուրայի դասախոս Կոտոյանը բոլորիս տվեց մի հանձնարարություն. պետք էր հարցազրույց վերցնել պատմական որեւէ դեմքից, ընդ որում` նշելով, թե մենք որտե՞ղ հանդիպեցինք տվյալ կերպարին: Ես, օրինակ, հարցազրույց էի վերցրել Հուդայից, որին հանդիպել էի Երեւանի փողոցներից մեկում` մուրացկանի հագուստով... Բայց դա կարեւոր չէ: Ընկերներիցս մեկի հերոսը Վասակ Սյունին էր, ում կուրսեցիս հանդիպել էր Ազգային ժողովում, քանի որ Սյունին պատգամավոր էր դարձել: Հիշում եմ, ընկերոջս հարցին, թե Դուք Ձեզ դավաճան համարո՞ւմ եք, Սյունին տվել էր հետեւյալ պատասխանը. «Ինձ դավաճան են համարում պատմիչները, ինչը նշանակում է, որ ես դավաճան կլինեմ սերունդների համար»: Ի դեպ, Հուդան իմ նույն հարցին տվել էր հետեւյալ պատասխանը` «Ես մարդ եմ»:

Ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է գրեն պատմիչները մեր ժամանակների մասին կամ թե որքանո՞վ է փրկվելու ճշմարտությունը մեր ժամանակների մասին, անգամ չգիտեմ, թե կա՞ն արդյոք հիմա պատմիչներ, բայց գիտեմ, որ եթե անգամ նրանք այսօր չկան, ապա կան լրատվամիջոցներ, եւ մեր ժամանակների ճշմարտության պահպանումը հենց նրանց` այդ թվում իմ եւ կուրսեցի` այժմ գործընկերջս գործն է:

Բայց, այստեղ մի խնդիր կա. բանն այն է, որ Վասակ Սյունու հետ զրուցած ընկերս այժմ աշխատում է ընդդիմադիր լրատվամիջոցում, ավելինՙ նա գնացել է հանրաքվեին եւ «Ոչ» է քվեարկել փոփոխություններին, ընդ որում այդ մասին հայտարարել էր սոցցանցում` նախքան քվեարկության օրը: Ես, անկեղծ ասած, հանրաքվեին չեմ մասնակցել, որովհետեւ այժմ բնակվում եմ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց գրանցված եմ Աբովյան քաղաքում, հետեւաբար հանրաքվեին մասնակցելու համար պետք է Մալաթիայից գնայի Աբովյան քաղաք, ինչը անել, այն էլ կիրակի-ընտանեկան օրով, ինձ հետաքրքրական չթվաց: Հիմաՙ կամա-ակամա, մեր օրերի մասին ճշմարտության հետ կապված, ես փորձելու եմ արդարացնել իմ` հանրաքվեին չմասնակցելը, իսկ կուրսեցի գործընկերս ամեն ինչ անելու է, որպեսզի ապացուցի, որ իրականում «Ոչ»-ը հաղթել է: Տարիներ անց, ոչ թե մի քանի, այլ մի քանի տասնյակ, գուցե հարյուր, Ազգային գրադարանի էլեկտրոնային տարբերակում մեր օրերի մամուլ փնտրող ուսանողը փաստորեն կպարզի, որ 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին իրականում հաղթել է «Ոչ»-ը, բայց այ «հանցավոր իշխանությունները»... Ապա կպարզի նաեւ, որ ճիշտը այդ հանրաքվեին չգնալն էր: Գուցե նա կարդա նաեւ մեկ այլ` «մեր օրերի ճշմարտություն», որի հեղինակը պարտադիր չէ, որ մեր կուրսից լինի, ով հստակ, փաստարկված կգրի, որ իրականում էլ է «Այո»-ն հաղթել, իսկ այն, ինչ ասում են «Ոչ»-ականները, ոչ թե ճիշտն է, այլ` սովորության համաձայն է:

Թե ո՞ր ճշմարտությանը կհավատա այդ ուսանողը, դժվար է ասել, եթե չասեմ` անհնարին է ասել: Բայց այսօր, հենց հիմա, կարելի է եւ պետք է պատասխանել մեկ հարցի` իսկ չե՞նք դավաճանում մենք այդ ուսանողին` մեր օրերի մասին ճշմարտությունը նրան փոխանցելով...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ