6 ԴՊՐՈՑԱԿԱՆ` ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Հոկտեմբերի 26-ին, Երեւանի N 29 դպրոցում անցկացվեց «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի Երեւան քաղաքի ավագ դպրոցների մրցույթը: Փառատոնն անց է կացվում արդեն 4-րդ անգամ: Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի մասսայականացմանը, հանրապետության դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, ինչպես նաեւ նպաստել Ռուսաստանի նկատմամբ նրանց հետաքրքրության ակտիվացմանը: Փառատոնը կազմակերպում են «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնը: Փառատոնի հիմնական հովանավորը ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանն է` «Ռուսսկի միր» հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ: Միջոցառումն իրականացվում է Հայաստանի կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ: Երեւանի ավագ դպրոցների մրցույթին մասնակցում էր 69 աշակերտ, որոնցից հանրապետական փուլ անցան 6-ը. Էռնա Թամազյան (ԵՊԳՀ «Հերացի» ավագ դպրոց), Տաթեւ Վարդանյան (184 ավագ դպրոց), Անահիտ Սիմոնյան (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց), Հասմիկ Լալայան (109 ավագ դպրոց), Անահիտ Դաշտոյան (198 ավագ դպրոց), Մարիա Բալասանյան (29 ավագ դպրոց): «Ռոմանս», «Հայերեն երգ ռուսերեն լեզվով», «Հայրենասիրական երգ», «Ռուսական էստրադայի եւ մանկական երգ», «Ռուսական ժողովրդական երգ» ժանրերում դպրոցականները հնարավորություն ստացան հանդես գալ հանրապետական մրցույթին: Երեխաների վերաբերմունքը մրցույթին բավականին լուրջ է, սպասումներն ու հուզումները` շատ, հատուկ ընդգծմամբ, որ ռուսերեն երգերի կատարումը եւս մեկ լավ առիթ ու հնարավորություն է շփվելու, ծանոթանալու ռուսերենի հարուստ աշխարհի բազում գանձերին: |