ԳԻՏԵ՞Ք ՄԵՔՔԱՆ ԻՆՉ ՔԱՂԱՔ Է ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Դուք ճանաչո՞ւմ եք սաուդցի Իյադ իբն Ամին Մադանիին: Եթե չեք ճանաչում, այդպես էլ ասեք, ամոթ չէ, օրինակ մեր արտգործնախարարությունում չեն ճանաչում, բայց նրանց համար դա ամոթ է: Մարդը Սաուդյան Արաբիայի մշակույթի եւ ինֆորամատիկայի նախարարն է եղել, տեղիՙ «Անկախություն» կուսակցության անդամ է, իսկական մահմեդական, ավելինՙ Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղարն է եւ ամեն օր աշխատանքի է գնում Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղակայվածՙ վերոհիշյալ կազմակերպության շտաբ-բնակարան: Իմիջիայլոց, մեր ԱԳՆ-ից քանի՞սն են գոնե մեկ անգամ Ջիդդայում եղել, թեկուզ որպես զբոսաշրջիկ... Անշուշտ Ջիդդան զբոսաշրջության համար հարմար վայր չէ, սա աշխատանքի, ավելի ճիշտՙ գործ անելու տեղ է, եթե մահմեդական չես, բայց շրջապատված ես մահմեդականներով, եւ ապրելու տեղ է, եթե մահմեդական ես: Մինչդեռ մենք այդ քաղաքում անգամ հյուպատոսարան չունենք: Կարելի՞ էր, անհրաժեշտ է: Ինչպես նախորդ համարում տեղեկացրել է «Ազգը», հոկտեմբերի 19-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների 43-րդ նիստը: Ընդունվել է փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչվում է ագրեսոր պետություն, քանի որ շարունակում է «օկուպացված» պահել «Ադրբեջանի տարածքի» մի մասը, իրականացնելով այնտեղ ամենատարբեր հանցագործություններ, մշակութային հուշարձանների ոչնչացումից սկսած մինչեւ զենքի ու թմրամիջոցների ապօրինի փոխադրումը: Այսինքն, կոնկրետ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները, որոնք Բելառուսի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հետ միասին ՀԱՊԿ շրջանակներում հոկտեմբերի 14-ին համատեղ հայտարարություն ընդունեցին, որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի եւ որ դրան պետք է հասնելՙ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի ...հիման վրա, իրենց երկրները վերադառնալով, մի քանի օր անց Տաշքենդ են գործուղում իրենց ԱԳ նախարարներին, որպեսզի ԼՂ հակամարտության կողմերից մեկին ագրեսոր ճանաչեն: Ու ճանաչում են: Հետո, իհարկե կպարզաբանեն, թե բա «մենք ձեռնպահ ենք քվեարկել, կամ շատ էլ դեմ ենք եղել, մենքՙ այդ թվում Իրանը, Եգիպտոսը, Լիբանանը, պարզապես քանի որ փոքրամասնություն ենք, մեր ձայնը չանցավ», եւ գուցե դա իրոք այդպես եղած լինի, սա չէ կարեւորը: Կարեւորն այն է, թե ինչո՞ւ մենք Ջիդդայում հյուպատոս չունենք, ինչո՞ւ մեր ԱԳՆ-ում Իյադ իբն Ամին Մադանիին չեն ճանաչում, գոնե մի անգամ հետը չեն հանդիպել, Հայաստան չեն հրավիրել, Ջիդդա չեն գնացել: Ինչո՞ւ է Հայաստանի մշակույթի նախարարությունը մշակութային կապերը խորացնելու միջպետական համաձայնագիր կնքում ոչ թե Իսլամական համագործակցության անդամ աֆրիկյան, օրինակ Մալիի, կամ Նիգերիայի հետ, այլ կնքում է ոչ մահմեդական Մադագասկարի հետ: Եւ առհասարակ, քանի՞ մահմեդական երկրում մենք դեսպանատուն ունենք, կամ թեկուզ մեկ, բայց աշխատող հյուպատոսարան: Հաշվե՞նք, մե՞կ, թե՞ երկու ձեռքի մատները կբավարարեն... Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտական կապերը կառուցվում են երկու սկզբունքով. նրանց հետ, ում հետ կապերի ավանդույթներ արդեն իսկ ունենք, եւ նրանց հետՙ օրինակ նույնՙ Իրանի, Եգիպտոսի, Լիբանանի եւ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ ունենալ կապեր: Դե քանի որ Իսլամական համագործակցություն կազմակերպության երկրների մեծամասնության հետ մենք կապերի ավանդույթ չունենք եւ նրանք մեղմ ասած չեն էլ ուզում մեզ հետ կապ հաստատելու նախաձեռնություն ստանձնել, մենք էլ հույսով ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը, որին Իսլամական համագործակցությունը ամեն տարի դիմում էՙ Հայաստանն ագրեսոր ճանաչելու կոչով, այս տարի էլ չի լսի եւ մեզ ագրեսոր չի ճանաչի: Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը, անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն ներթափանցան փորձի առնչությամբ հայտարարել էր, թե Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը կոշտ կարձագանքի Ադրբեջանի ագրեսիային: Միջազգային հանրությանՙ մահմեդական էական մասն էլ իրոք կոշտ արձագանքեց եւ ագրեսոր ճանաչեց, բայց Հայաստանին: Ամեն դեպքում Իյադ իբն Ամին Մադանիի մասին ասեմ, որ նա այս տարվա մարտին դարձավ 70 տարեկան: Իսլամական համագործակցության կազմակարպության գլխավոր քարտուղարն էՙ 2014-ի հունվարի 31-ից: Այդ պաշտոնում փոխարինել է Կահիրեում ծնված թուրք Էքմելեդդին Մեհմեդ Իշանօղլուին, որը տասը տարի գլխավորել է կազմակերպությունը: ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի շրջանավարտ Մադանին ծնվել է 1946-ի մարտի 2-ին (համաստեղությամբ ձուկ է)ՙ Մեքքայում: Մեքքան գիտե՞ք ինչ քաղաք է... Որտեղի՞ց իմանանք. Սաուդյան Արաբիայում անգամ դեսպանատուն չունենք: |