N1. ՔԼԻՆԹՈՆԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹՐԱՄՓԸ Պ. Ք. Երբ խոսքը ազգային անվտանգության հարցերի մասին է, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր փորձառությամբ թվում է նախագահության ավելի հարմար թեկնածու, քան խիստ սահմանափակ գիտելիքներ ու փորձ ունեցող հանրապետական Դոնալդ Թրամփը: Սակայն պարզվում է, որ առաջիկա չորս տարում երկու թեկնածուներն էլ կարող են ԱՄՆ-ը ներքաշել շատ վտանգավոր արկածախնդրությունների մեջ, գրում են Գորդոն Ադամսը եւ Լոուրենս Վիլկերսոնը ամերիկյան National Interest թերթում հրապարակած վերլուծական հոդվածում: Հեղինակները նշում են, որ փորձառությունը թերեւս լավագույն ցուցիչ չէ այն բանի, թե ապագա նախագահի ազգային անվտանգության քաղաքականությունը կլինի խելամիտ ու հետեւողական, մինչդեռ խառնվածքն ու խոհեմությունը գուցեեւ ավելի կարեւոր հատկանիշներ են: Թրամփը չունի դրանցից ոչ մեկը: Քլինթոնի խոհեմությունն անբավարար է, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը կարող է հայտնվել մեծ փորձանքի մեջ: National Interest-ը ընդգծում է, որ պատմական տեսակետից արտաքին քաղաքականության հարցերում փորձառությունը միշտ չէ, որ շատ կարեւոր է եղել: Այսպես, բացառությամբ նախագահներ Էյզենհաուերի, Նիքսոնի եւ Բուշ ավագի, Ռուզվելտի մահից հետո Սպիտակ տան ղեկավարները կա՛մ աննշան, կա՛մ էլ խիստ մակերեսային փորձ են ունեցել արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հարցերում: Նախընտրական արշավի ժամանակ թեկնածուի բռնած դիրքը նույնպես ցուցանիշ չէ: Հեղինակները նշում են, որ վերջին 24 տարում նախագահության գրեթե բոլոր թեկնածուները խոստացել են հակազդել Չինաստանին, բայց ընտրվելուց հետո ոչ մեկը դա չի արել: Սակայն ընտրարշավի մասնակիցների հայտարարությունների հիման վրա կարելի է հետեւություն անել նրանց խոհեմության ու խառնվածքի, այսինքն ապագա նախագահի երկրորդ չափանիշի մասին: Այս առումով առանձնակի մտահոգություն է պատճառում Դոնալդ Թրամփը, քանի որ նրա բռնկուն խառնվածքը որոշակի վտանգ է ներկայացնում: Պակաս երկյուղներ չի հարուցում նախկին պետքարտուղար Քլինթոնը, որը թեեւ ավելի զուսպ է, բայց մյուս երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հարցում ռազմամոլական եւ ներխուժողական հակումներ ունի: Թրամփը երբեմն խելամիտ, երբեմն էլ իրարամերժ կարծիքներ է արտահայտում: Դատողությունների անկանխատեսելիությունը նրան դարձնում է շատ վտանգավոր նախագահացու: Քլինթոնի դատողությունները խորապես արմատավորված են սառը պատերազմին հաջորդած ազատական ներխուժողական ավանդույթի մեջ: Վերջինիս պատճառով ԱՄՆ-ը ողջ աշխարհում միջամտեց բազմաթիվ հակամարտությունների, որոնցում Սպիտակ տունը գրեթե ոչ մի հաղթանակ չտարավ: Այդ ավանդույթի պատճառով ԱՄՆ-ը կորցրեց նաեւ հսկայական թվով մարդկային կյանքեր եւ վիթխարի նյութական ռեսուրսներ, ողջ աշխարհում ներքաշվեց հակամարտությունների մեջ: Քլինթոնը ամերիկյան բացառիկության մոլի կողմնակից է եւ ԱՄՆ-ը համարում է «անփոխարինելի» տերություն, որը մշտապես պարտավոր է առաջնորդել աշխարհը: Պետքարտուղարի պաշտոնում աշխատելիս նա զինված միջամտության եւ նախահարձակումների կողմնակից էր: Նախագահ Օբամայի վրա հավանաբար նա էր ազդել Լիբիա ներխուժելու հարցում, ներխուժում, որն աղետ դարձավ: Քլինթոնը կողմ է արտահայտվել նաեւ Իրաք ներխուժելուն, Աֆղանստանում ամերիկյան զորակազմն ընդլայնելուն, կոչ է արել ռազմական ուժ կիրառել Ասադի դեմ եւ այլն: Նա Թրամփից տարբերվում է իր ռազմաշունչ ելույթներով: Պատահական չէ, որ նոր պահպանողականների ճամբարում ազգային անվտանգության փորձագետների մեծ մասը պաշտպանում է ոչ թե Թրամփին, այլ Քլինթոնին: Ամերիկյան թերթը Քլինթոնի եւ նոր պահպանողական վերնախավի այս դիրքորոշումը համարում է անչափ ողբերգական, քանզի Սպիտակ տունը որքան շատ է փորձում բացառիկ առաջնորդի դեր խաղալ, այնքան ավելի է հեռանում իր հռչակած նպատակներից, որոնք են ԱՄՆ-ի զինված ուժերով պահպանվող կայուն աշխարհակարգը եւ ԱՄՆ-ի ու իր ժողովրդի անվտանգությունը: Նման մտածողությունը ողբերգական է, քանի որ, առաջին, համաշխարհային ոստիկան լինելու ԱՄՆ-ի փորձերը ձախողվեցին եւ հանգեցրին հակառակ արդյունքին, երկրորդՙ այդ մտածողությունը ներհակ է պատմության ընթացքին, ինչը նշանակում է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ մեկ ուրիշ երկիր չեն կարող ամեն ինչ վճռել: Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար ամերիկյան զինված ուժերի կիրառումը բերեց սակավաթիվ հաղթանակներ, բայց հանգեցրեց հետպատերազմյան վերականգնման ու կառավարման ձախողմանը, ահաբեկիչների եւ ահաբեկչական կազմակերպությունների թվի աճին: ԱՄՆ-ի բանակը արտաքին քաղաքականության առաջին պլան բերելու պատճառով նվազեց վստահությունը ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության հանդեպ: Մյուս ազգերին ԱՄՆ-ից հեռացրեց ոչ թե ուժի կիրառումից Օբամայի հրաժարումը, այլ ներխուժողական բնազդը, կանոններ հաստատելու փորձը: Քլինթոնն արտահայտում է արտաքին քաղաքականությունը սահմանողների «կոնսենսուսային» մտածողությունը, որը ոչ միայն չկարողացավ ըմբռնել աշխարհում կատարվող փոփոխությունները, այլեւ իրականացնում է այնպիսի ռազմավարություն, որը հանգեցնում է հակառակ արդյունքների: Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելովՙ ԱՄՆ-ը կհայտնվի հակամարտության ներսում, ինչը կդառնա 2001-ից ի վեր երրորդ ներխուժումը: Այդ քայլը ոչ միայն չի տա որեւէ իրական արդյունք, այլեւ կհանգեցնի մեծ կորուստների, ինչպես նաեւ տարածաշրջանում կխորացնի թշնամանքը ԱՄՆ-ի հանդեպ: Նույնը վերաբերում է Մոսկվայի հետ Կենտրոնական Եվրոպայի եւ Ուկրաինայի առճակատմանը: Այսպիսով, եթե թեկնածուներից մեկն անզուսպ է եւ պատրաստ է հակամարտության մեջ մտնել պարզապես իր խառնվածքի պատճառով, ապա մյուսը կարծես թե ձգտում է ծրագրված ձեւով ներքաշվել պատերազմի մեջ, ճոռոմ փաստարկներ ներկայացնելով ԱՄՆ-ի «բացառիկության» եւ «անփոխարինելիության» կեղծ հայեցակարգի շրջանակներում, եզրակացնում են հոդվածագիրները, նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ-ին սպասում են մեծ տհաճություններ: |