RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016



ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-10-28 12:30:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3808, Տպվել է` 416, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՐԻ ԿՅՈՒՆԻ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սովետական տարիներին, երբ դրսի հետ ելումուտն ազատ չէր, ավելինՙ վերահսկվում էր, օտարազգի մտավորականներն ու արվեստագետներն այնքան հաճախ չէին այցելում մեր երկիր, ինչպես հիմա է: Ով էլ որ եկել է, անջինջ տպավորություններ է ստացել, երբեմն գրել դրանց մասին, գրվածքներ ձոնել Հայաստանին, ինչպես Բրյուսովն ու Մանդելշտամը:

Ինչքան էլ բարձր լինի մեր ինքնագնահատականը կամ ինչքան էլ արժեւորենք մեր մշակույթն ու բնօրրանը, այնուամենայնիվ, սպասում ենք, թե դրսի աչքն ինչպես կգնահատի, ինչ կասի մեր մասին: Օրինաչափ է, երբ մշակույթի օտարազգի գործիչներից ենք գովեստի ու հիացմունքի խոսքեր լսում: Օրինաչափ է նաեւ, որ քաղաքական գործիչները, դիվանագետներն են շատ ժուժկալ ու ժլատ այդ հարցում: Սակայն պարզվում էՙ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին թաքուն սիրահարված է Հայաստանին, անգամ տիկնոջ հետ ռոմանտիկ շրջագայություններ է ունեցել Հայաստանի տարբեր վայրերում ու մեր բնաշխարհին, մշակույթի կոթողներին նայել սիրահարվածի աչքերով: Ավելինՙ Անրի Կյունին ուսումնասիրել է մեր պատմությունն ու մշակույթը, խորամուխ եղել մեր գրականության, կերպարվեստի, երաժշտության, լեզվաբանության շերտերում ու փորձել ըմբռնել հայի ոգին եւ ուժը դեռ նախաստեղծ ժամանակներից: Հայաստանն Անրի Կյունիի համար, փաստորեն, հերթական պետությունը չի եղել, որտեղ նա ուղղակի անց է կացրել իր դիվանագիտական առաքելությունը: Ֆրանսիացին Հայաստանի հետ հարազատական կապ է ունեցել, որը չոր դիվանագիտության ուղեծրից շատ վեր է. դա այն հոգեւոր աղերսն է, որը վերաճել է ստեղծագործական մղումների ու դարձել գիրքՙ ձոնված Հայաստանին:

Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի օժանդակությամբ լույս է տեսել Անրի Կյունիի «Հայաստան. մի ժողովրդի ոգին» ժողովածուն, որը ներառում է յոթ էսսե: Դրանք հեղինակի յոթ հայացքներն են, որոնցից յուրաքանչյուրը սեւեռված է մեր պատմության ու մշակույթի կոթողներին: Անրի Կյունին մեզ ուսումնասիրել է մեր օրոցքից ի վերՙ առասպելներից մինչեւ մեր օրերը: Նա գրում է. «Հունվարյան մի գիշեր ես ժամանեցի նախարմատների այս երկիրը, որտեղ, ըստ մեր նախնիներիՙ գտնվել է երկրային դրախտը: Իմ նստավայրի շքապատշգամբից պարզ եղանակին սահմանից անդին նշմարում եմ Արարատ լեռը, որի վրա իջավ Նոյյան տապանը... Աշունըՙ տարվա եղանակների թագուհին, իսկը Հայաստանը բացահայտելու համար է»: Այսպես, 2002-2006 թվականներին Անրի Կյունին թիզ առ թիզ բացահայտել է մեր երկիրը: Գրքից պարզ է դառնում, որ նրա համար Հայաստանը հայտնություն է:

Անրի Կյունին ուսումնասիրել է մեր առասպելները, պատմագիրների վկայությունները, հասել մինչեւ պատմության խորքերըՙ ուրարտական ժամանակներ, նաեւ ոսկեդար ու միջնադար: Հեղինակը մի քանի տասնյակ էջերում ընթերցողին փորձել է ներկայացնել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու պատմությունըՙ նաեւ հակիրճ տեղեկություններ հաղորդելու նպատակով: «Հայաստան. մի ժողովրդի ոգին» ժողովածուն հրատարակվել է ֆրանսերեն եւ ուղղված է ֆրանսախոս հասարակությանը, որին եւ Անրի Կյունին ծանոթացնում է իր բացահայտած Հայաստանի հետ ու ջանում անկեղծ ու չմիջնորդավորված տպավորություններ հաղորդել իր զգացածի ու տեսածի մասին: Գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Արուսյակ Ամիրջանյանը :

Անրի Կյունին անդրադարձել է մեր ծագումնաբանությանը, լեզվին, նախաքրիստոնեական ժամանակներին, առանձնահատուկ տեղ հատկացրել Գրիգոր Նարեկացուն, իր յոթ հայացքներում ընդգրկել սարյանական գույներն ու ազգային վրձնահարվածները: Ամենուր նա զգացել է հայի ոգու ուժն ու անբացատրելի ներկայությունը:

Կյունին Հայաստանում աշխատելու եւ ապրելու տարիներին գրառումներ է կատարելՙ դրանք մի օր ի մի բերելու եւ գիրք դարձնելու նպատակով: Հայաստանը մոտիկից ճանաչելու, զգալու եւ ըմբռնելու պարտադիր պայմաններ, իհարկե, նրա դիվանագիտական գործառույթների մեջ չեն եղել, բայց նրբազգաց ու նրբանկատ ֆրանսիացին արվեստագետի աչքերով է տեսել ու գնահատել մեր երկրի ամեն անկյունը, արժեւորել հայ ժողովրդի ստեղծածըՙ որպես հինավուրց ու համամարդկային քաղաքակրթության նմուշ: Իր գրքի շնորհանդեսին Անրի Կյունին խոսեց հայերեն. «Չեմ թաքցնում, շատ հաճելի է, որ այսքան տարի հետո Հայաստանն ու ես նորից հանդիպեցինք: Ես ու կինս շատ ենք սիրում այս երկիրը: Մենք քայլել ենք Երեւանի փողոցներով, զմայլվել Սեւանով ու Մասիս սարով: Երբեմն ինձ թվում է, որ ես մի քիչ հայ եմ :

Մեծ ազգերը չունեն ընկերներ, նրանք գործընկերներ ունեն: Հայ-ֆրանսիական ընկերությունը բացառություն է եւ ապացույց ամբողջ աշխարհի համար: Հոգեւորՙ ահա հայերին բնորոշ հատկանիշը: Իմ այս գիրքն ընդունեքՙ որպես փոքրիկ նվեր Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ»:

Պետք է նշել, որ 2002-2006 թվականներին Հայաստանում դեսպան եղած ժամանակ Անրի Կյունին եղել է Հայաստան կատարած ֆրանսիական պետության ղեկավարի առաջին այցի կազմակերպիչը: 2006 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն այցելեց Հայաստան: Դրանից հետո դեսպանի դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտվեց, սակայն մեր երկրի հետ նրա հոգեւոր կապը շարունակվեց: «Հայաստան. մի ժողովրդի ոգին» ժողովածուի ամեն տողը վկայում է, որ նա հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից կարոտում է Հայաստանըՙ այս հողի անբացատրելի ուժն ու հմայքը, վերերկրային զորությունը զգալով: Նա հայերիս համարում է վկա ժողովուրդ, այնքան հին ու բացառիկ քաղաքակրթության կրող, որին վերապահված է տարբեր երկրների աշխարհաքաղաքական, ժողովրդագրական փոփոխություների ականատեսը լինելու դերը: Եվ համաշխարհային տեղատվությունների ու մակընթացությունների համայնապատկերում նա իր ուշադրությունը սեւեռում է Հայաստանի վրա: Կյունին խորությամբ է ուսումնասիրել անգամ հայոց լեզվի քերականությունը, օժանդակ բայաձեւերի խոնարհմանը. իր էսսեներից մեկում անգամ համեմատական լեզվաբանությունից դիտարկումներ է արել: Նա անդրադարձել է նաեւ քերթողահայր Մովսես Խորենացու աշխատությանըՙ որպես հայոց դիցաբանության ակունք: Նա գրում է. «Ըստ իսՙ հայեցիությունը, նախ եւ առաջ, ողջախոհության հազարամյա ընթացք է: Եվ եթե այսօրվա հայերն իրենց ոգին դեռ գտնում են Մովսես Խորենացու գրվածքներում, նշանակում է, որ նա միաժամանակ եղել է դրա ոգեմիջնորդը եւ նախագուշակը»:

Անրի Կյունիի էսսեները պահի տպավորություն ու հիացական բացականչություններ չեն, դրանք խորքային վերլուծություններ են հայության ու հայկականության մասինՙ որպես աշխարհաստեղծ, մշակութաստեղծ, մարդաստեղծ գեն ու տեսակ:

Ֆրանսիացին գրում է այնպես, ասես ինքն էլ է արդեն կասկածում, թե արդյո՞ք իր գենի մեջ հայկականություն չկա. «Հայ չեն ծնվում: Մարդ իրեն կամաց-կամաց այդպիսին զգում է, քանզի մեր հոգու խորքերում միշտ անմար է հուշը Եդեմի մասին: Հայեցիությունը բոլոր հավանականությունները հաղթահարելու մեջ է: Եթե այն թելադրված լիներ միայն արյամբ, ապա վաղուց թաթախված կլիներ արյամբ» :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ