«ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԽՈՐԱԳԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒՆԻ». ՊԱՅԾԻԿ ԳԱԼԱՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆ Հոկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Հայոց պետականությունըՙ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի եւ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Համաժողովի մասնակիցներից «Արմինյըն միրըոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի թղթակից, ամերիկահայ Պայծիկ Գալաջյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նախ անդրադարձավ համաժողովի խորագրինՙ ասելով. «Մեզ համար այս խորագրի ներքո համաժողովի անցկացումը խիստ կարեւոր էր: Իմ անձնական օրինակով կարող եմ փաստել, որ մինչեւ Հայաստանի անկախացումը երազում էինք, թե երբ է գալու պետականություն ունենալու եւ անկախ Հայաստան կերտելու օրը: Հետեւաբար ինձ համար խորագիրն ազգային միասնականության խորհուրդն ունի: Հայաստանն ինչպիսին էլ լինի, այն մերն է, մենք մի հյուլեն ենք մեր Հայրենիքի, որը պետք է պահենք ու փայփայենք այն: Լինելով մանկավարժՙ այս նույն գաղափարախոսությունը նաեւ աշակերտներիս եմ փոխանցել»: Պայծիկ Գալաջյանը կարծում էՙ նմանօրինակ համաժողովներին մասնակցելն աշխարհի տարբեր կողմերում սփռված հայերին Հայաստանի շուրջը համախմբվելու բացառիկ առիթ է տալիս: Նախկինում տեղի ունեցած բոլոր համաժողովներին մասնակցել է, որոնք բարձր մակարդակով են անցել եւ զգալի արդյունք տվել: Կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ լրագրողների միջեւ փոխճանաչման դաշտ է ձեւավորվում, մտքեր են փոխանակվում, հայապահպանական տարբեր թեմաներ արծարծվումՙ վերջնական եզրահանգման գալով: «Հայ լրագրողների միախմբումը չպետք է իրականանար, եթե ՀՀ սփյուռքի նախարարությունը գոյություն չունենար եւ նման հիասքանչ նախաձեռնությամբ հանդես չգար: Եթե համաժողովների ժամանակ ներկայացված առաջարկների միայն կեսը կյանքի կոչվեն, ապա ամեն բան, վստահաբար, լավ կլինի: «Առհասարակ, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ տարվող հսկայական աշխատանքը, որ կատարում է ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ժրաջան աշխատակազմով, միայն դրվատանքի է արժանի»,- եզրափակիչ խոսքում ասաց լրագրողըՙ հավելելով, որ համաժողովին մասնակցելն իրենց դրական էներգիա է տալիս, որից հետո, Հայրենիքի ուժով լցված, վերադառնալով բնակության երկրներՙ սկսում են ավելի եռանդով աշխատել: |