ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ ՄՆԱՑՈՂՆԵՐԻՆ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու Հայտնի դարձան 2016 թ. Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների մասին վիճակագրական տեղեկությունները: Դրանց համաձայնՙ վերջին հինգ տարիների ընթացքում մեկնած-չվերադարձածների բացարձակ թվերը տարեց տարի աճել են 32 հազարից հասնելով 48 հազարի: Այս թվերից եզրակացնելը, թե Հայաստանից հինգ տարում 200 հազարից ավել մարդ է հեռացել, միանշանակ ճիշտ դատողություն չէ, որովհետեւ մեկնածները կարող էին վերադառնալ հաջորդ տարվա, ասենք, գարնանը, ամռանը կամ աշնանը եւ կամ նորից մեկնել: Բայց կան հետազոտողներ, որոնք պնդում են, որ Հայաստանից վերջին յոթ տարիներին հեռացածների թիվը մոտ 300 հազար է: Այս հոդվածի նպատակը զանազան, երբեմն իրար չհամապատասխանող եւ բացատրությունների կարիք ունեցող թվական տեղեկությունների վերլուծությունը չէ: Այս հոդվածում տողերիս հեղինակը խնդիր դրեց հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք կանխել Հայաստանի ապաբնակեցումը (դեպոպուլյացիան) եւ ինչ ռեսուրսներ կան այդ նպատակին տրամադրելու համար: Հնարավո՞ր է արդյոք կանխել գերիշխող միտումը Մի հետաքրքրական պատմություն պատմեմ: 1995 թ,. երբ ես ԱԳՆ մամուլի խոսնակն էի, իմ սենյակ մտավ չափազանց հուզված ավագ ընկերներիցս մեկը, լուսահոգի Ռաֆայել Հարությունյանը: Ճանաչողները կհիշեն, որ նա մեծ խելքի տեր, կրեատիվ մտածողություն ունեցող եւ շատ տեղեկացված մարդ էր: Նա այդ օրը հեւիհեւ հասել էր իր ճանաչած պետական պաշտոնյային հատուկ պատմելու, որ Ծաղկաձորում անցած մի կրեատիվ խաղի ժամանակ ամերիկյան պետքարտուղարությանը մոտ կանգնած վերլուծաբանները հայաստանցի ինտելեկտուալներին առաջարկել էին մտածել 30 տարի անց Հարավային Կովկասի վիճակի ու հիմնախնդիրների մասին: Ըստ ամերիկացի ելույթ ունեցողներից մեկի, 2025 թ. Ադրբեջանում ապրելու էր 11-12 մլն. մարդ, Վրաստանումՙ 3 մլն. եւ Հայաստանումՙ ընդամենը 1,5 մլն: Մեկ այլ ելույթ ունեցող վերլուծաբանի գնահատմամբ այդ ժամանակ Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերն էին լինելու էներգետիկան եւ զբոսաշրջությունը: Այս կարգի վերլուծություններից խիստ ազդված ու վրդովվածՙ Ռաֆայել Հարությունյանը ինձ էր բերել իր գրառումները եւ ուզում էր, որ Հայաստանի իշխանությունը մտածիՙ ինչպես դիմակայել ու թույլ չտալ իրականություն դարձնելու այդ կանխատեսումները: Ես սահմանված կարգով փոխանցեցի նրա գրառումները եւ այլեւս այդ խնդրին չառընչվեցի: Դրանից տասը տարի հետո, երբ աշխատում էի հեռուստատեսությունում, թեման կրկին արդիական դարձավ ինձ համար, որովհետեւ այդ երկու-երեք տարիներին գնացող-չվերադարձողների թվերը սկսել էին նվազել եւ կարծես հույս էր հայտնվել, որ կարելի է գտնել հիմնախնդրի լուծման բանալին: Հիմա, երբ վերջին յոթ տարիների աննախադեպ տնտեսական ճգնաժամերի ու դժվարությունների արդյունքում արտագաղթը սկսեց ընդունել ապաբնակեցման բնույթ, պարզ է, որ մեր քաղաքական վերնախավին առ այսօր չի հաջողվել գտնել գործընթացը կանխելու արագ ու արդյունավետ միջոցներ: Մի առիթ ունեցել եմ այս մասին գրելու եւ հիմա նորից կրկնում եմ: Հայաստանի նախկին եւ ներկա իշխանավորներից եւ ոչ մեկը իրեն մեղավոր չի զգում այս հարցում, որովհետեւ համարում է այս գործընթացը տնտեսական իրողություններից բխող օբյեկտիվ վիճակ: Ավելին, մեր իրականության մեջ ոչ նախկին ու ներկա իշխանավորները, ոչ էլ նախկին ու ներկա ընդդիմադիրները չեն ցանկացել կամ չեն կարողացել մի հիմնավոր վերլուծությամբ հանդես գալ նկարագրելու համար այն ապագան, որտեղ աղետալի չափերի հասնող արտագաղթի հետեւանքը ուղղակի սպառնալիքն է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության: Երբ գրում եմ այս տողերը, ամենից քիչ ցանկանում եմ որեւէ մեկին մեղադրել, որովհետեւ շատ քաջ գիտակցում եմ, որ աշխարհի բազմաթիվ ուրիշ մեծ ու փոքր երկրների պես Հայաստանն էլ հայտվել է մի վիճակում, երբ տնտեսական ու քաղաքական իրողությունները ահռելի թվով մարդկանց պարզապես ավելորդ են դարձնում: Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի գիտական միտքը ի վիճակի չեղավ հասկանալ եւ իմաստավորել ժամանակակից տնտեսական կացութաձեւի ամբողջ բացասական հետեւանքը մեր հասարակության համար: «Ազատական տնտեսաձեւի առավելություններ» կեղծ թեզը մանտռայի պես անգիր արած մեր մեկնաբաններն ու գիտնականները չեն էլ փորձել հասկանալ, թե ինչ տնտեսություն է պետք մեր երկրին, որպեսզի բնակչության անընդհատ նվազումը չբերի-հանգեցնի համակարգի ֆունկցիոնալ անկարողության: Հիմա, երբ խորհրդարանական ընտրություններ են, քաղաքական ուժերը անպայման կփորձեն խաղարկել աղետալի արտագաղթի թեման: Բայց դժվար թե գտնվի մեկը, ով առաջարկի արագ ու արդյունավետ դեղատոմս վիճակը շտկելու համար: Եթե մի քանի տարի առաջ այս մասին խոսելը կարող էր ընդդիմադիր կեցվածքի դրսեւորում լինել, ապա այսօր դա մի սովորական բան է դարձել եւ որեւէ հետեւանք չի ենթադրում: Արդյունավետ միջոցներ վիճակը շտկելու համար Երեւի ավելորդ է ասելը, որ կառուցողական փնտրտուքի համար նախընտրական շրջանն ամենավատն է: Նախընտրական քարոզարշավը հեռացնում է միմյանցից քաղաքական ուժերին, առաջ մղելով մրցակցության, անհամաձայնության, բանավեճի սկզբունքները: Շատ լավ կլիներ, եթե մեր քաղաքական համակարգը այնքան հասունացած լիներ, որ ի վիճակի լիներ օլիգարխիական շահերը հետապնդելու հետ միասին ինքնամաքրվելու ուժ ու կարողություն ունենալ: Բայց խորհրդարանական ընտրությունները ամենահարմար ժամանակն են, եւ թարմ մտքեր փնտրող-վերհանող քաղաքական ուժերը կարող են ուշադրություն դարձնել փորձագիտական ու գիտական մոտեցումներին, դրանով խթանելով գիտափորձագիտական մտքի զարգացումը: Իմ ընկեր տնտեսագետներից մեկը մի քանի առիթներով բարձրաձայնել է, որ մեկ միլիոնանոց աղքատության եւ չդադարող արտագաղթի դեմն առնելու միակ վստահելի միջոցը արդյունաբերական քաղաքականությանը զարկ տալն է: Ընդ որում, Հայաստանի կառավարության կողմից այժմ որդեգրված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը անհրաժեշտ նվազագույնն է, որ հնարավոր է իրականացնել առանց սոցիալական ու քաղաքական ցնցումների: Իմ մեկ այլ ընկեր սոցիոլոգը պնդում է, որ Հայաստանի բնակչության 90 %-ը պետությունից է ակնկալում առավելագույն ակտիվ կեցվածք տնտեսությունը զարգացնելու համար: Այլ կերպ ասած, հասկանալով կամ առանց հասկանալու մեր հասարակոթյան 90%-ը ձախ, սոցիալիստական մոտեցումների կրող է: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքական վերնախավի ուժերի բացարձակ մեծամասնությունը չի դավանում ձախ հայացքներ: Զարմանալի է, չէ՞: Նույն իմ սոցիոլոգ ընկերը, վերջերս ելույթ ունենալով մի միջազգային համաժողովում հիմնավորում էր, որ ծնելիության աճը բացարձակ կապ չունի տնտեսական վիճակի անընդհատ բարելավման հետ: Եթե այդպես լիներ, ասում է նա, Եվրոպայում բնական աճ կլիներ, այլ ոչ թե անկում: Նրա համոզմունքով ավելի կարեւոր է ավանդական ընտանիքի պահպանումն ու մեծարումը, քան միայն նյութական միջոցներով ծնելիությունը խրախուսելու փորձը: Ավանդական ընտանիքի ինստիտուտին հարգալից, փաղաքշական վերաբերմունքը կարող է օգնել, որ բնական աճը դառնա իրողություն: Այս դատողությունները վերոհիշյալ համաժողովի շատ մասնակիցների թարմ ու հետաքրքրական թվացին: Ուրեմն պետք է ոչ թե ջախջախել ավանդական ընտանիքը «յուվենալ արդարադատության» նման խորթ ու օտար երեւույթներ սառնասրտորեն հայ իրականության մեջ ներմուծելու միջոցով, այլ իսկապես մտածել եկեղեցին, ավանդական ընտանիքը, ազգային սովորույթներն ու մեր մշակութային ֆենոմենները պահել-պահպանելու մասին: Գնում են վերադառնալու հույսով Ընդունված է համարել, որ ԱՄՆ ու Եվրոպա գնացողները կհաստատվեն այնտեղ ընդմիշտ եւ դժվար թե այլեւս վերադառնան: Ընդունված է նաեւ մտածել, որ Ռուսաստան եւ ետխորհրդային տարածք մեկնողները երբեւէ դեռ կարող են վերադառնալ: Վերջին հինգ տարիներին ժամանակավոր աշխատանքի մեկնող հայ գաստարբայտերների մասին ճշգրիտ վիճակագրական տեղեկություններ չկան: Ճիշտ է, որ 2012-2013 թթ. տվյալներով Հայաստանից Ռուսաստան եւ Մաքսային միության այլ երկրներ են տարեկան մեկնել 225 հազար մարդ: Ճշմարտություն է նաեւ, որ վերջին տարիներին այդ երկրներից Հայաստան մտած տրանսֆերտները թույլ են տալիս եզրակացնել, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը խոշոր հաշվով կայուն է, որովհետեւ եթե նույնիսկ դոլարային առումով մուտքերը Հայաստան նվազել են, ապա ռուսական ռուբլով վերցրածՙ թվերը կայուն են: Մեզ որակյալ վիճակագրություն է պետք: Մենք պետք է իմանանք, թե որքան մարդ է տարեկան մեկնում աշխատանքի կամ որքան մարդ է ուզում ստանալ ՌԴ, Ուկրաինայի, Ղազախստանի կամ Բելառուսի քաղաքացիություն: Մեզանում պետք է գերիշխի այն մոտեցումը, որ այս կարգի վիճակագրական տվյալները ոչ թե թուլացնում են մեր քաղաքական-տնտեսական համակարգը, այլ ընդհակառակըՙ կարող են բուժել, եթե գտնվի ճիշտ դեղատոմս: Մեր երկիրը պարտք ունի իր քաղաքացիների նկատմամբ: Իրենց պարտքը պետության առաջ կանոնավոր եւ պատրաստակամորեն կատարող շարքային քաղաքացին պետք է իրավունք ունենա օգտվելու պետության տեղեկատվական, կազմակերպչական, խորհրդատվական աջակցությունից: Նույնը վերաբերում է նաեւ մասնագետներ պատրաստելու հարցին: Պետությունը կարող էր լինել իր քաղաքացու բարեկամը եւ նրան զինել բարձրորակ մասնագետի սպառազինությամբ Հայաստանից դուրս աշխատանք գտնելու ճանապարհին: Մարդը կարող է կապված մնալ իր երկրի հետ, եթե զգա պետության ու իշխանության աջակից վերաբերմունքը: Չէ՞ որ սա կապված չէ ուղղակիորեն տնտեսական զարգացման կամ երկրի հարստանալու խնդրի հետ: Եթե վեր կանգնենք նախընտրական քարոզչության ճարպիկ բանախոսական հնարքներից, սրտացավորեն խնդրենք մեր մասնագետներին անկախ ու կոմպետենտ եզրակացություններ անել ապաբնակեցումը կասեցնելու համար, կարող ենք հույս ունենալ, որ կգտնվեն թարմ, հետաքրքրական, հիմնավորված մասնագիտական մոտեցումներ: Իսկ եթե այդպես չլինի, մենք կամաց-կամաց մոտենալու ենք մռայլ կանխատեսումների իրականացմանը, երբ օրինակ նույնիսկ պայմանագրային, պրոֆեսիոնալ զինվորական ծառայության վրա հիմնված բանակը չի լուծի մեր սահմաններն ու ռազմաճակատի գիծը պաշտպանելու գերխնդիրը: Հայաստանից հեռացողները շատ տարբեր պատճառներով են դա անում: Ասում են, որ մեծ մասը փախչում է աղքատությունից: Բայց գնում են նաեւ սովորական դարձած անարդարության պատճառով: Վերջին երկու տնտեսական ճգնաժամերի արդյունքում Հայաստանը շատ ծանր հարվածներ է կրել: Բայց մեր հասարակությունը հերոսաբար է դիմակայում այդ դժվարություններին, որովհետեւ պատասխանատու կերպով հասկանում է, որ մեջտեղում Արցախի հիմնահարց կա: Լավ կլինի, որ հասարակության հանդեպ մեծ պարտք ունեցող քաղաքական ու տնտեսական վերնախավերը այս պարզ իրողությունից ոչ թե եզրակացնեն, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, այլ մտածեն ու գործեն հանուն քաղաքացիական համերաշխության, սոցիալական արդարության հաղթանակի եւ ինքնիշխանության, առանց չափազանցության, փրկության: |