ՆԱՄԱԿ` ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ Հարգանքներով` Վահան, Անահիտ եւ Հռիփսիմե Գալստյաններ Ձեզ գրում են Աբովյան քաղաքի բնակիչներ, 40 տարի առաջ Հայաստան հայրենադարձված եւ «Ազգ» թերթի մշտական ընթերցողներ Վահան, Անահիտ եւ Հռիփսիմե Գալստյանները: Հատկապես մեծ հետաքրքրությամբ ու բավականությամբ ենք ընթերցում օտար ափերում ապրող եւ աշխատող մեր երեւելի հայրենակիցների մասին պատմող ակնարկները, ինչպիսին էր թերթի վերջին համարում տպագրված «ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ` ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ» հոդվածը (հեղինակ` Գոհար Բոտոյան): Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ եւ հոդվածի հեղինակին` ի լուր աշխարհի ներկայացնելու համար իրենց գիտելիքները եւ ուժերը հիվանդների ապաքինմանը նվիրող այն մարդկանց, ովքեր, իրոք, արժանի են ամենայն հպարտության եւ հիացմունքի: Թող Հայաստանում բնակվող հայ բժիշկներն էլ օրինակ վերցնեն սփյուռքում ապրող եւ աշխատող իրենց հայ գործընկերներից: Կցանկանայինք նաեւ տեղեկանալ, թե այս տարի նախատեսվո՞ւմ է ռուսաստանաբնակ հայ բժիշկների արցելությունը Հայաստան, եւ եթե այո, ապա ե՞րբ: Խմբ. կողմից.- Ռուսաստանաբնակ հայ բժիշկների Հայաստան այցը ամեն տարի կազմակերպվում է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ: Ընթացք տալով նամակագիրների հարցին, «Ազգ»ը դիմեց ՌՀՄ երեւանյան գրասենյակ, որտեղից տեղեկացրին, որ դեռեւս նման այցի վերաբերյալ տեղեկություն չունեն: Եթե այցը կազմակերպվիՙ տեղյակ կպահենք մեր ընթերցողներին: |