RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6531, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ԾԱԾԿՎԱԾ ՀՈՒՇԱՔԱՐԵՐ

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Վերջին ժամանակներս շատ է խոսվում ու գրվում անվանափոխությունների մասին: Այնպես է ստացվում, որ ամեն մի նոր իշխանություն հինը ջնջելով նոր միջոցառումներ է ձեռնարկում կարծելովՙ թե ամեն ինչ շտկվեց: Ճիշտ է, ժամանակն իր հետ նոր պատմություն է ստեղծում, բայց դրա հետ չպետք է մոռանալ անցյալը:

Երեքհարյուրամյա Պետերբուրգում էլ շատ փոփոխություններ են կատարվել, բայց Նեւայի պողոտայի անունը նույնն է մնացել: Իսկ 2800-ամյա Երեւանի հնություններից միայն Կոնդի թաղամաս անունն է հիշվում: Հենց միայն ներկայիս Մաշտոցի պողոտան չորս (եթե ոչ ավելի) անուն է կրելՙ Սունդուկյանի, Ստալինի, Լենինի եւ վերջապես Մաշտոցի անուն ունի:

Անվանափոխության ամենահրատապ հարցը Հայաստանի թուրքերեն հորջորջվող տեղանունները պետք է հայեցի դարձնելու խնդիրն է: Հետեւենք Արցախի հանրապետությանը (փոքրից էլ կարելի է մեծ բան սովորել): Արցախում, Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի անունը հայացնելով, դարձրել են Թաղեր: Փոփոխությունը շատ չնչին է. ադրբեջաներեն լար հոգնակի մասնիկը (ձեւը) դարձրել են հայերենի համազորըՙ եր եւ հարցը լուծվել է:

Եթե այդ փոփոխություններն անխուսափելի են, ուրեմն թող այլ բնույթի փոփոխություններ եւս կատարվեն: Այս տարվա օգոստոսին շատ խոսվեց, բայց քիչ գրվեց եզակի մեծության ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի մասին: Բայց ինչպե՞ս ենք գնահատում նրա մեծությունը: Մեծ նկարչի ծննդյան 175-ամյակին Երեւանի Կոմիտասի անվան երաժշտական տան հարեւանությամբ, մի փոքրիկ պատվանդանի վրա տեղադրվել է նրա մեծադիր-ուշագրավ արձանը: Փառք մտահղացմանն ու նախաձեռնողներին: Սակայն հուշարձանն իրեն վայել տեղում չի կանգնեցված, դրա համար էլ պղնձասերները նրա վրձինի կոթը «հիշատակ» տարան:

Ծով հեռանկարի փոխարեն Այվազովսկու հայացքը կանգ է առել նախկին Պիոներ պալատի ճակատին նայելով:

Ելնելովՙ Այվազովսկու հուշարձանի տեղի անհարմարությունից, առաջարկում ենք փոխել նրա տեղը: Դնել մի այնպիսի հարմար տեղ, որ տեսանելի լինի ոչ միայն Երեւանի շատ քիչ թվով բնակչության, այլեւ Երեւան եկող օտարազգիներին: Մեր կարծիքով Այվազովսկու հուշարձանի ամենահարմար տեղը Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի դիմաց, Մաշտոցի պողոտայի եւ Բաղրամյան փողոցի միացման, եռանկյունի տարածքն է, ուր գերիշխում են սրճարանները:

Այվազովսկու մեծությունն ավելի գնահատելի կլինի, ավելի երեւացող, եթե դրվի Կոմիտասի, Արամ Խաչատրյանի եւ Մարտիրոս Սարյանի համաստեղության տարածքում: Իսկ եթե ում-ում քմահաճույքով արգելվի Այվազովսկու հուշարձանի տեղադրումն այդ մարդաշատ հատվածում, ապա գոնե փոխադրեն «Սպիտակ առագաստներ» լճակի մոտ: Լճում մի կղզյակ սարքեն ու «ծովի» մեջ կանգնեցնեն «Ծովերի երգիչ» Հովհաննես Այվազովսկու հուշարձանը: Շրջապատն էլ կոչենՙ Այվազովսկու պուրակ: Այն ժամանակ կարող ենք ասել, թե մենք արժանին ենք հատուցում Այվազովսկուն:

Եվս նույն բնույթի երեք առաջարկ, որոնց լուծումը ոչ մի դժվարության հետ չի կապվում:

Մոսկվա կինոթատրոնը եւ Երեւան հյուրանոցն օղակող հրապարակն արդեն քանի տարի է կրում է մեր ժողովրդի փոքրամարմին, բայց մեծ զավակ, նույնպես աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անունը: Հրաշալի մտահղացում է: Բայց սա էլ ունի իր բայցը: Այն փոքրիկ հուշաքարը, որի վրա փորագրված է «Շառլ Ազնավուրի հրապարակ», շատ փոքր է ու անարտահայտիչ: Մանավանդ, որ փոքրիկ հուշատախտակն ու կինոթատրոնի պատերի քարերը նույն գույնի են: Ավելին, միայն հայերեն տեքստով ոչ մի օտար անցորդի ուշադրություն չի գրավում: Ուրեմն, հուշաքարը պետք է դարձնել գունավոր, տեքստն էլ երեք-չորս լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն): Դա կլինի մեծ երգչին արժանի գնահատականը:

Մոսկվա կինոթատրոնից մի քիչ վերեւ, Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկի շենքիՙ Աբովյան փողոցի պատին փակցված է սիրված դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի հիշատակին նվիրված հուշաքարըՙ այդ տանն ապրած լինելու մասին: Այդ շենքի ճակատին կպցրած հավելյալ ծածկոցը փակում է հուշաքարի տեսանելիությունը եւ փողոցով անցնողներից ոչ մեկին հայտնի չէ գոյությունը: Արեւի լույս է պետք այդ հուշաքարին, որ զուր չի փակցված նրա շենքի ճակատին:

Նմանօրինակ մի հուշաքար էլ Սախարովի հրապարակում է քողարկվել: Նալբանդյան փողոցի եւ հրապարակի հյուսիս-արեւելյան մասում շենքի պատինՙ հրապարակի կողմից, ամրացված է հրաշալի դերասան եւ ռեժիսոր Թաթիկ Սարյանի հուշատախտակըՙ այդ տանն ապրելու մասին: Բայց հենց սկզբից այդ հուշաքարը փակցնելու համար շատ անհարմար տեղ է ընտրվել:

Հուշաքարը փակցնելու շրջանում դիմացին մի փոքրիկ ծառ կար: Ամեն անգամ այդտեղով անցնելիս մտածում էիՙ կտրել տալ այդ ծառը (Երեւանում քի՞չ ծառ է կտրվել), բայց ո՞ւմ, տիրոջը չգիտեի: Տասնամյակներ են անցել: Այդ ծառն աճել, փարթամացել է ու նրա ճյուղերից մեկն էլ լիովին ծածկել է Սարյանի հուշատախտակը: Անցորդն ինչպե՞ս իմանա, թե ի՞նչ կա ծառի ճյուղի տակ:

Ծառի մի ճյուղը կտրելով բնությունը չի կարող խաթարվել: Փոխարենը կպայծառանա Թաթիկ Սարյանին նվիրված հուշատախտակի տեսքը: Անցորդները կիմանան, որ այդտեղ ապրել է թատրոնի եւ կինոյի մեծ դերասան Թաթիկ Սարյանը:

Հուսանք, որ այս առաջարկները մեծ հոգսեր չեն պահանջի: Արդյունքում կունենանք խոսուն հուշարձաններ, որոնցով հարստանում է մեծ հոբելյանի սպասող Երեւանի պատմությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ