ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՇԼԱՄԱ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (Այս տարվա վերջին համարն է, այնպես որ հանգիստ իրացնում ենք մեր կատակելու իրավունքը) Տարեվերջին «Ֆլորենս» ռեստորանում աչքի ընկնող քաղաքական գործիչները, նախարարներից ոմանք, պատգամավորներից ոմանք, Հայաստանի նախագահի մասնակցությամբ, մի ափոփիչ-տարեվերջյան հավաքույթ են անում: Խնջույքը` խնջույք, բայց մեր քաղաքականները ամեն գնով ուզում են իմանալ նախագահի բերնի գոլը` նախագահի ժամկետը լրանալուց հետո մնալ-չմնալու նրա ցանկության մասին. ախր բոլորը շվար են մնացել, չգիտեն ում կողմը նայեն` ներկա վարչապետի, թե՞ ներկա նախագահի: Ու էս երկդիմի վիճակը ախորժակ է հարամում, անգամ խեցգետնի խաշլաման ուտելու ցանկությունն է կորչում: Բայց դե ուղիղ հո չեն կարող հարցնել` նրանք էլ իրենց առօրյա ու շատերիս հայտնի բառապաշարով մանեւրում են, իսկ Սերժ Սարգսյանը քթի տակ խնդմնդում է ու մեկ -մեկ կում է անում իր «Բելուգայից», մեկ-մեկ էլ աննշան դիտողություններ անում, այդպես էլ ոչինչ չբացահայտելով եւ կարծես, ինչպես ոգելիցից, արդեն հաճույք ստանալով իր խորհրդապահությունից: Ազգային ժողովի նախագահը խոսում է վերջին արտահերթ նիստի խառնիճաղանջից, Դատական օրենսգրքի` աղմուկ հանած քվեարկությունից, որ հազիվհազ էր գլուխ բերել` գումարելով Նապոլեոն Ազիզյանի տարած-հետբերած մեկ ձայնը, Ռուստամ Մախմուդյանի` կոճակ չաշխատած-բանավոր մեկ ձայնը եւ Արփինե Հովհաննիսյանի էպիստոլյար մեկ ձայնը: - Արա, մի քիչ շուտ իրար մեջ որոշեք` սահմանադրական նախագի՞ծ է , թե սովորական, 63 ձայնով պիտի անցկացնե՞մ, թե պարզ մեծամասնությամբ, հո դուք խայտառակ չե՞ք, ձեր ձեռը կրակն եմ ընկե՞լ, դիմում է իրար կողք նստած Դավիթ Հարությունյանին եւ Հրայր Թովմասյանին Արա Բաբլոյանը : Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը, փոխանակ Բաբլոյանին արձագանքելու, խեցգետնի խաշլամայի կտորները քիչ է մնում իրար վրա շպրտեն, բայց իրենց տիրապետելով` մսով պատառաքաղները դնում են ափսեների մեջ, ու, առանց քաշվելու նախագահի ներկայությունից, նոր թափով են սկսում բանավեճը` սահմանադրակա՞ն էր Դատական օրենսգրքի նախագիծը, թե՞ ոչ: - Սահմանադրությունից բխող նախագիծ է, ես որպես սահմանադրական իրավունքի մասնագետ... սկսում է Հրայր Թովմասյանը , բայց Դավիթ Հարությունյանը կոպիտ ընդհատում է նրան. - Էդ Սահմանադրությունը ես չե՞մ գրել, նախագիծը ոչ թե Սահմանադրությունից է բխում, այլ գործող Դատական օենսգիրքն է ընդամենը փոփոխվում: - Ո՞վ ասաց, որ Սահմանադրությունը միայն Դուք եք..., փորձում էր հակաճառել Հրայր Թովմասյանը, սակայն նախագահի կողքին նստած Գալուստ Սահակյանը ընդհատում է նրան. - Տղերք, մի կռվեք, սահմանադրական փոփոխություններին բոլորով ենք մասնակցել, անգամ ՀՅԴ-ն, ասում է Սահակյանն ու նայում իրար կողք նստած խնամիներին` Աղվան Վարդանյանին եւ Մարգարիտ Եսայանին: - Ես եւ խնամիս կարծում ենք...ձեռքի լայն շարժումով փորձում է պասը վերցնել Աղվան Վարդանյանը , բայց Գալուստ Սահակյանը, շեղակի նայելով խնամիներին, հիմա էլ Վարդանյանին է ընդհատում. - Մարգարի՞տն է քո խնամին, թե՞ դու ես նրա խնամին; - Ասողը ՀՀԿ-ն է, իրեն չի կորցնում Աղվան Վարդանյանը` Մարգարիտի հալեցնող ժպիտի ուղեկցությամբ: Նախագահը, որ մինչ այդ կասկածամիտ նայում էր Աղվանի կողմը, նույնպես մի այտով ժպտում է: Արմեն Աշոտյանը , որ այդ պահին խպշտում էր խեցգետնի ձախ թաթը, փորձում է ավելի առարկայական խոսակցություն սկսել. - Իհարկե ասողը ՀՀԿ-ն է, ու մենք ասում ենք, որ մեր վարչապետի թեկնածուն 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն է: - Արա, մի քիչ համբերեք, էլի, հո պաժառ չի, ասացի` դրա ժամանակը չի դեռ, դժգոհում է նախագահը: - Բա Կարեն Կարապետյանի հետ ի՞նչ ենք անելու: Պարոն վարչապետ, բա Դուք չէիք ասում, որ պատրաստ եք վարչապետ աշխատել 2018-ին, հետաքրքրվում է «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը : Վարչապետը, որ գլուխը կախ` չէր մասնակցում խոսակցությանը, չէր էլ ուտում, այլ խաղում էր ափսեի խեցգետնի հետ, գլուխը բարձրացնում է եւ ժպտում. - Եթե տնտեսական աճից եք հարցնում` հենա ԱՎԾ-ի տվյալները նայեք, 7 տոկոսից ավել տնտեսական աճ եմ տվել, խուսափողական պատասխանում է Կարեն Կարապետյանը` շարունակելով անորոշ մի կետի նայել: Էլի խառնվում է Գալուստ Սահակյանը. - Կարեն Կարապետյանը կարող է, իհարկե, վարչապետ աշխատել, բայց հարցրեք` ուզո՞ւմ է նա վարչապետ աշխատել: Ոչ ոք վարչապետին այդպիսի հարց չի տալիս, անգամ մինչ այդ մի կերպ լռություն պահպանած Նիկոլ Փաշինյանը : Անհանգիստ շուռումուռ գալով տեղում, նա կատաղած փշրում էր ափսեի խեցգետինը` ուտելու ոչ մի մտադրություն ի ցույց չդնելով, հետո հանգիստ է թողնում պատառաքաղն ու երկու ձեռքով մոնոտոն սկսում է հարվածել սեղանին: - Ինչ ես ակնարկում, բղավում է Արտաշես Գեղամյանը ` կատաղած հետեւելով Փաշինյանի դհոլածեծությանը: Փաշինյանն ուշադրության չի արժանացնում բղավոցը: Բաբլոյանը դիտողություն է անում. - Էս էլ հո Ազգային ժողովի դահլիճը չի, քեզ հանգիստ պահի, պարոն Փաշինյան, ներողություն, պարոն Փաշինյան, մոտեցեք ու աշխատակազմից պահանջեք-նայեք Արփինե Հովհաննիսյանի նամակ-տեղեկանքը, որով նա հայտնում է օրենքին կողմ լինելու մասին...օֆ, ներողություն, մի պահ ինձ էլ թվաց, թե ԱԺ նիստ է: Այդ պահին Սերժ Սարգսյանի անթափանց դեմքն աշխուժանում է.. - Բաբլոյան, էդ պաշտոնի ձեռքը լրիվ ձեռքից գնացել ես, էս ինչ եմ լսում, Վահրամ Բաղդասարյանը քո դեմ է աշխատում, հա՞, քեզ ուզում է հանի, որ տեղդ նստի: Գալուստ Սահակյանի կողքին նստած Վահրամ Բաղդասարյանն անմիջապես վրդովվում է. - Սուտ է, պարոն նախագահ, մամուլն ինչ ասես կգրի, մամուլին մի հավատացեք, նախագահականից ֆինանսավորումը էդ դեղին մամուլին պետք է դադարեցնել, զայրանում է նա: Նախագահն անպատասխան է թողնում Բաղդասարյանի վրդովմունքն ու վերստին դիմում Բաբլոյանին. - Հլա մի հատ պատմեք` Ազգային ժողովում ինչ է եղել էս երկու օրը, Նիկոլն ինչու էր, գեներալ Սարոյանի ասած` «կուռկուռի ձագ դարձրել» բոլորիդ ու գցել 20 րոպեանոց ընդմիջման տակ, ու էդ ով է «պադստավկա» անում Բաբլոյանին: Ներկա ՀՀԿ-ական պատգամավորները կախում են գլուխները, ու միայն Մարգարիտ Եսայանն է համարձակվում ասել. - Ժողովրդավարությունը հենց սա է, պարոն նախագահ, փոքրամասնությունն իրացնում էր իր իրավունքները: - Էն կարտոլի պատմությունն էլ է՞ր ժողովրդավարությունից, Մարգարիտ ջան, ընկերներիցդ ոմանց ասա` մտածեն, նոր խոսեն: Չսպասելով արձագանքի` նախագահն այս թեման եւս կիսատ է թողնում ու դիմում դհոլ խփող Փաշինյանին ու նրա կողքին նստած Էդմոն Մարուքյանին. - Հլա մի պատմեք, նախագահի թեկնածու ունե՞ք, հա, բա ո՞վ ա ձեզ քոմագ անելու, Ծառուկյա՞նը, հա՞, «Ելքի» ելքը մնացել է Ծառուկյա՞նը: Մինչ այդ լայն ժպիտը երեսին նստած ու արհամարհանքով ափսեի խեցգետնին նայող Ծառուկյանը վեր է թռչում զայրացած: - Ոնց թե, նախագահ ջան, բա չլսեցիր, թե մեր Գեւորգ Պետրոսյանն ինչ է ասել, Գեվորգ, հլա մի հատ առաջ արի: Միջամտում է Նաիրա Զոհրաբյանը. - Պարոն Ծառուկյան, Գեւորգ Պետրոսյանն այստեղ չի հրավիրվել, բայց ես կարող եմ բառացի մեջբերել, թե ինչ է ասել Գեւորգ Պետրոսյանը` մոտավորապես սա. «Ինչի մենք թեկնածու չունե՞նք, որ «Ելքի» թեկնածուին պետք է սատարենք»: - Էդպես էլ ասե՞լ է, հետաքրքրվել է Ծառուկյանը: - Բառացի էսպես` «իսկ իրենք պարզե՞լ ենՙ մենք ունե՞նք թեկնածու, ի՞նչ էՙ մենք պարտադրվա՞ծ ենք սատարել նրա թեկնածությունը»: Նախագահը կասկածանքով նայում է մեկ Զոհրաբյանին, մեկ Ծառուկյանին, երեւի ուզում է հարցնի, թե ո՞վ է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն, պարզ է, որ ոչ թե նախագահի, այլ վարչապետի, բայց ժամանակին տիրապետում է իրեն ու հայացքն ուղղում Կարեն Կարապետյանի կողմը, որը շարունակում էր նստած մնալ` այս անգամ ձեռքերը սեղանի տակ ու այդպես էլ առանց դիպչելու ուտելիքին ու խմիչքին, որը նրա սեփականն էր: Այդ պահին լսվում է Էդուարդ Շարմազանովի ձայնը` նա սովորաբար գուշակում է, թե ինչ կուզենար հարցնել նախագահը. - Այդ մասին եկեք հարցնենք հարգելի Ազգային ժողովի հարգարժան փոխխոսնակ, հարգարժան պրոֆեսոր, Ազգային ժողովի հարգելի պատգամավոր Միքայել Մելքումյանին: Միքայել Մելքումյանն ուզում է բերանը բացել, բայց այդ պահին Բաբլոյանը վրա է տալիս. - Նիստ վարողները պետք է չեզոք լինեն, որքան էլ Մելքումյանն իր քաղաքական կարծիքն ունենա` այժմ ղեկի վրա է եւ իր կարծիքը հայտնելու իրավունք չունի: Պայթող ծիծաղը լիցքաթափում է իրավիճակը` ուղեկցվելով Բաբլոյանի փնթփնթոցով: - Ներողություն, ինձ էլի թվաց, թե Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստն եմ վարում: - Իմ համբերությունը սպառվեց, այստեղ բոլորդ հավաքվել եք օրենք խախտողներով, քանի որ թույլ տվեցիք Դատական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քվեարկությունը կոպիտ խախտումներով, դա քիչ էր, դեռ երկրորդ ընթերցմամբ էլ օրենքի այդ խախտումը վավերացրիք: 20 րոպե ընդմիջում: Վայ, հա, ԱԺ նիստ չի, բայց դա ոչինչ էլ չի նշանակում, բա դուք ասում էիք` փոքրամասնության իրավուուուու~նք, ժողովրդավարություուու~ն, ֆլան-ֆստաաաա~ն: Իրավական ի՞նչ հիմնավորմամբ, կանոնակարգի ո՞ր կետով է ԱԺ նախագահը հաշվի առել Ռուստամ Մախմուդյանի բանավոր ասածը, թե կողմ է քվեարկել նախագծին, բայց, վիդիտե լի, կոճակը չի աշխատել, կամ ինչո՞ւ հաշվի չի առել Նապոլեոն Ազիզյանի ասածը, որ դեմ է նախագծին ու կոճակն է սխալմամբ կողմ քվեարկել: Ու էդ 1+1+1 ձեներով, վերջինն Արփինե Հովհաննիսյանի ուղարկած էպիստոլյար ձայնն է, օրենք սղղացրիք, էդ օրենքը չի անցել, դեռ նախորդ օրվա հուզմունքների մեջ էր Նիկոլը: Տիրում է լռություն, նախագահը նայում է, թե ով կստանձնի Նիկոլին ընդդիմախոսելու պարտականությունը, այդ պահին սեղանի ամենածայրից ուրվագծվում է խոսափող փնտրող ու չգտնող, ի վերջո մի թթու վարունգ միկրոֆոնի պես բռնած նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի բյուստը. - Դա սահմանադրական օրենք է, պարոն Փաշինյան, սահմանադրական օրենք լինելը մենք ենք որոշում, ոչ թե կառավարությունն ու արդարադատության նախարարը, հո կառավարությանը չենք լսելու, սահմանադրական օրենքի իրավակա՛ն ռեժիմով է քննարկվելու պարզ է որ, ինքնագոհ ժպտալով ու խնդմնդալով ասում է նա: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անհանգիստ շարժումներ է անում, նա ակնհայտորեն ուզում է պնդել, որ Դատական օրենսգիրքը սովորական օրենք է, ու հարկ չկար քվեարկությամբ այն դարձնել աղմուկի առարկա: - Դուք էլ, Հրայրի պես, Դավիթ Հարությունյանի հետ անձնական վատ հարաբերություններ ունեք, ու դա տարածում եք օրենդրական աշխատանքի վրա, անձնական հարաբերությունները պետք է օրենսդրության նորմալ ընթացակարգին չխանգարեն, Հարությունյանից առաջ է անցնում Էդմոն Մարուքյանը : Գեւորգ Կոստանյանը սկսում է վերուվար անել ձեռքերը եւ մատը թափ տալ. - Սխալվում եք, Դավիթ Հարությունյանն իմ կնունքի ու հարսանիքի քավորն է, անտրամաբանական ու անբարոյական է մեր միջեւ անձնական հակադրություն գտնել, նա հարգված իրավաբան է, բայց ես էլ իմ կարծիքն ունեմ, հուզունքից քավոր-սանիկային կապերն է մատնում նախկին գլխավոր դատախազ-ներկա պատգամավորը: - Լավ, հիմա՞ պետք է քննարկենք, թե ով ում սանիկն ու ով ում քավորն է, դժգոհում է Սերժ Սարգսյանը, էդքան ջանացի, մեկառմեկ ընտրեցի, որ խորհրդարան ուղարկեմ իրավագրագետներին, բայց իմ ջանքերի արդյունքը էս է` մի Նիկոլի էլ չեք կարողանում իր տեղը դնել, իրա 20 րոպեներով զզվացրեց: Փաշինյանը հաղթական քմծիծաղում է, իսկ նախագահը վեր է կենում աթոռից. - Պարոն Կարապետյան, լավ կլինի` ուղեկցեք ինձ, ճանապարհին ասելիք կունենաք ինձ, իսկ մնացողներին ցանկանում եմ հաճելի Նոր տարի, ասում է նա` ուղղվելով դեպի դուռը: Վարչապետ Կարապետյանը հետեւում է նրան: Մի փոքր նեղսրտած` նրանց հետեւից հեռանում է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Իսկ մնացածները մի կարճ պահ շվարում են, նայում են իրար երեսի` կարծես հասկացնելով, որ էլի բան չիմացան, ապա անմիջապես ձեռնամուխ լինում տոնական սեղանի բարիքների ոչնչացմանը: |