RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1554, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու նպատակով իշխանությունները, 11 տարվա մեջ 1-ին անգամ, Ազատության հրապարակում հանրահավաք, ապաՙ քայլերթ կազմակերպեցին: Խորհրդարանական ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան ու Լուսավոր Հայաստան կուսակցությունները նույն սուգը նշում էին կառավարող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից... առանձի՛ն: Ասել էՙ համընդհանուր սուգը ժողովրդին չէր միավորել, եւ դա այս միջոցառման ամենաթույլ կողմն էր: Վարչապետ Փաշինյանը հանրահավաքից ու քայլերթից առաջ հանդես եկավ հեռուստատեսային հատուկ ուղերձով, ուր պետության անունից ներողություն խնդրեց զոհերի ու տուժածների հարազատներից: Դա նրա ելույթի ամենաուժե՛ղ կողմն էր: Ո՛չ հանրահավաքում, ո՛չ Մյասնիկյանի արձանի մոտ այլ ելույթներ չեղան, ինչը, անտարակույս, ճիշտ էր: Քանի դեռ ոճրագործության մեղավորների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկաՙ հրապարակային որեւէ խոսք կարժեզրկեր երկու միջոցառումն էլ: Առանց այն էլ այս 11 տարիներին հակամարտ տեսակետներ ունեցողները, ելնելով իրենց քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, չափազանց շատ լուտանք են թափել մեկը մյուսի հասցեին, ձգտել են իրենց անմեղ հրեշտակ, դիմացիններինՙ սատանայի կամակատար ներկայացնել:

Այդ առումով խոցելի էր նաեւ վարչապետի մարտի 1-ի ուղերձը, որի գլխավոր նպատակը ողբերգության մեղքը ժամանակի ընդդիմությունից հեռացնելն ու բացառապես այն ժամանակվա իշխանությունների ուսերին բարդելն էր: Դա, ըստ իս, միակողմանի՛ մոտեցում էր: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե վարչապետը քաջություն ունենար հրապարակավ ընդունելու նաեւ անձամբ ի՛ր մեղքը: Ասեր, թե զոհերի համար իրեն մեղավոր է զգում թեկուզեւ այնքանով, որ զանգվածային անհնազանդության մղելով բազմահազար ցուցարարներիՙ չի պատկերացրել, թե մարդկանց վրա կարող են նաեւ... կրակե՛լ: Այն մարդը, ով առաջնորդում է հուզական բարձր շիկացման հասցված բազմություններին, պարտավո՛ր է այնքան հեռատես գտնվել, որ մարդկանց փորձությունների չտանի: Մինչդեռ թե՛ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, թե՛ այն ժամանակ նրա աջ ձեռքը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հեղափոխականացած զանգվածների էներգիան օգտագործում էինՙ իշխանությունը բռնազավթելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ընկերախումբը ՀՀՇ-ական հեղափոխության օրերին այդ կերպ արդե՛ն հաջողությա՛ն էին հասել: Բայց 2008-ին Տեր-Պետրոսյանի երկրորդ փորձը... ձախողվեց: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորվող երրորդ փորձի ժամանակ նորօրյա հեղափոխականները անհրաժեշտ դասեր էին քաղել նախորդ ձախողումներից եւ... հաջողությա՛ն հասան:

Հաղթանակի գումարելիների լուրջ ուսումնասիրությունը դեռ չի սկսվել, մենք առայժմ հետհեղափոխական պղտորությունների փուլում ենք, երբ լուտանքների հեղեղներ են ուղղվում նախորդ իշխանություններին եւ անզուսպ օվսաննաներՙ... նորերին: Անցողիկ բան է: Կգա ժամանակը, եւ այսօր նախոդներին փրփրաերախ հայհոյողները խորապես շնորհակալ կլինեն նախորդներինՙ անարյուն հեռանալու իմաստության համար:

Աշխարհում դեռ չի եղել հեղափոխություն, որից տվյալ պետության քաղաքացիները... շահեն: Տա Աստվածՙ մենք համաշխարհային պատմության մեջ այդ իմաստով բացառություն հանդիսացող երկրորդ պետությունը լինենք Հնդկաստանից հետո: Բայց չմոռանանք, որ ամեն հաղթանակած հեղափոխությունից հետո իրենց ակնկալիքների փլուզումը տեսնող զանգվածները նոր հեղափոխություն սկսելու ներքին գայթակղություն են ունենում: Աստվա՛ծ փրկի հնարավոր նոր հեղափոխություններից... Փաշինյանի շուրթերին Ժողովրդի անհարկի եւ խիստ հաճախակի վկայակոչումները, իմ տպավորությամբ, ստեղծված վիճակի համար անձնական պատասխանատվությունից խուսափելու, այդ բեռը հենց ժողովրդի ուսերին բարդելու փորձ են, որ կարող են հասցնել... նո՛ր պայթյունի: Մեր բանահյուսության մեջ մի հմուտ սուսերամարտիկի կերպար կա: Ըստ առասպելիՙ հորդ անձրեւի տակ նա սուսերն այնպիսի՛ արագությամբ էր պտտեցնում գլխավերեեւում, որ ոչ մի կաթիլ անձրեւ... չէր հասնում իր ուսերին: ... Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի հեռուստատեսային ուղերձը ճիշտ այդպիսի վարպետության դրսեւորում էր:

Վարպետությունը վարպետություն, մնայունը սակայն գործն է, արդյո՛ւնքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ