ՄԱՏՈՒՑՈՂԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ամեն սրճարան իր պատմությունն ունի: Կապ չունիՙ սիրո՞, թե՞ բաժանումի: Երեւի ավելի շատ սիրո, քանի որ այն մարդիկ, որոնք սրճարան են գնում, որպեսզի բաժանվեն, միայն ցույց են տալիս, որ սերը դեռ կա եւ այն հենց դիմացդ կամ կողքիդ նստած է: Սրճարանների պատմությունները կրում են մատուցողները: Ինձ թվում է, որ եթե մեկը գրի քաղաքի բոլոր մատուցողների հուշերը, կկարողանա նկարել քաղաքի դեմքըՙ ժպիտի բոլոր փոսիկներով ու ցավի ամենաբարակ կնճիռներով: Ի դեպ կա վարկած, որ սրճարանները ոչնչացրեցին արաբական հսկա-հզոր խալիֆայությունը: Բանն այն է, որ երբ արաբները սուրճ խմելու համար հատուկ վայրերում էին հավաքվում, սկսում էին ցածրաձայն բողոքել իշխանությունից: Հետո արաբական սրճարանների խոսակցությունները համազգային, նույնիսկ հեղափոխական աղմուկ դարձան, եւ խալիֆայությունը տապալվեց: Համաձայն եմ, սիրողական վարկած է, բայց սրճարանների ուժն, ամեն դեպքում, խորհուրդ չէի տա կասկածի տակ դնել: Օրինակ դրանցից մեկում, որտեղ Երեւանում ամենահամեղ կարտոֆիլն են տալիսՙ գյուղական ձեւով, եւ որտեղ հավաքվում էր քաղաքի բոհեմը, երբ քաղաքը բոհեմ ուներ, բոհեմն էլՙ հավաքվելու կարիք, մի մատուցող կա: Ամենակարեւորըՙ հումորով, նույնիսկ այն ժամանակ, երբ կեղտոտ մոխրամանի պարունակությունը թափում է օգտագործված ափսեների մեջ: Հենց նա բացեց դուռը, որի բանալին ոչ մի կերպ չէի գտնում: Գիտե՞ք, ասաց նա, բերելով մեր պատվերը, լինում են շատ հաճախորդներ, որոնք, բարի ցանկություններով, անշուշտ, վերցնում են սինիի միջից իրենց սուրճի գավաթը, փորձելով օգնել մեզ, բայց դրանից սինիի հավասարակշռությունը խախտվում է եւ դրա ամբողջ պարունակությունը թափվում: Հետաքրքիր են մտածում մատուցողները: Կարծում եմՙ այս մատուցողի խոսքը պետական-քաղաքական, նույնիսկ ազգային նշանակություն ունի: Պետք չէ անել բաներ, որոնցից ոչինչ չես հասկանում, նույնիսկ բարի ցանկությունները կարող են հավասարակշռություն խախտել, փլուզման պատճառ լինել,պետական գործերում, հասարակական գործերում, ընտանիքներում եւ ամեն մեկիս ներսում: Մենք չենք թողնում, որ մատուցողն աշխատի, ինչպե՞ս կթողնենք, որ պետության ղեկավարն աշխատի, կամ ընդդիմությունը, կամ դատավորները, օպերային թատրոնը, դրա շրջակա սրճարանները, կամ շրջիկ սրճարանները: Պետք է գրել քաղաքի բոլոր մատուցողների հուշերը: Նրանցից մեկն օրինակ, որի ամենասիրած գրողը Մարկեսն է, մի երեկո, երբ կողքի սրճարանում դադարեց մարդկանց տանջել անտաղանդ սաքսաֆոնահարը, ժպտաց ու ասաց, որ լավագույն բաները տեղի են ունենում անսպասելի: |