RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3784, Տպվել է` 292, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԳՐԱԿԱՆ ՉԷ՞

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Բոլորովին վերջերս, անցած շաբաթ, ձեռքս առա «Գրական թերթի» վերջին համարն ու անակնկալի եկա:

Քանի որ գրական բովանդակությամբ թերթ էի գնել, մտադիր էի հենց առաջին էջում ծանոթանալ շաբաթվա գրական անցուդարձին: Բայց առաջին էջն ինձ ոչ մի գրական տեղեկություն չտվեց: Ավելինՙ տպավորություն էր, որ հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպի հերոսներիցՙ գերապատիվ բժիշկը, պատիվ անելով մեզ, ժամանել է Երեւան ու «զրույց բռնել Աբիսողոմ աղայի հետ»:

Լավ, բացեմ չակերտները, մի շարք գրողներ, գրականության հետ առնչություն ունեցող անձինք, թերթի առաջին էջում հանդես էին եկել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, դատական համակարգի փոփոխման մասին ունեցած իրենց պատկերացումներով: Ներողությու՛ն, տիա՛րք, «Գրական թերթն» այլեւս գրական չէ՞:

Եթե գրական է, ապա ինչպե՞ս բացատրել այս երեւույթը. բացում ես մեր երկրի գրական աշխարհը լուսաբանող առաջադեմ թերթերից մեկն ու այնտեղ բախվում բացառապես իշխանահաճո հայտարարությունների մի մեծ շարանի, շարան, որի նույնիսկ մոտիկ էջերում ոչ մի հակադիր կարծիք չես գտնում: Դա արդեն ոչ թե կարծիք է, այլՙ իշխանության ջրաղացին ջուրլցնոցի, որովհետեւ բերված տեսակետների հեղինակները, ըստ էության, կարծեսՙ ողջունում էին դատական համակարգը փոփոխելուՙ իշխանության գործելաոճը: Համակարգն իրոք պետք է փոխվի, որովհետեւ փտած է եւ փտում է, բայց այն, ինչ վերջերս տեղի ունեցավ իշխանության հրահանգով, եւ գովերգվեց «Գրական թերթում», իր մեջ սահմանադրական կարգի տապալման տարրեր է պարունակում: Ներեցե՛ք հանդգնությունս, բայց այդ ամենն ինձ թերթի 1930-ականների համարները հիշեցրեց, որի գրեթե բոլոր համարների առաջին էջերը ողողված էին «արեւափառ Ընկեր Իոսիֆ Վիսարոնովիչ Ստալինի», «Ընկեր Վլադիմիր Իլյիչ Ուլյանով Լենինի» ու իշխանության մյուս անդամների մասին գովքերով:

Գրելով այս տողերը, քաջ գիտակցում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր «Գրական թերթի» ապագրականացումը կբացատրեն «որպես մտավորականության հասարակական-քաղաքական հույզերը լուսաբանելու գործընթաց»: Դեմ չեմ: Չեմ էլ պնդում, որ գրականության աշխարհի մարդը պետք է միշտ «ընդդիմադիր» լինի եւ չնկատի երկրում կատարվող դրական տեղաշարժերը, կամ չխոսի հասարակական-քաղաքական թեմաների մասին, ավելինՙ գտնում եմ, որ նա պարտավոր է մատը այդ ոլորտի զարկերակի վրա պահել, բայց, կրկին ներողություն, ամեն թեմա ունի իրեն համապատասխան մամուլը, չէ՞: Գրականըՙ գրական, քաղաքականըՙ քաղաքական, մանկականըՙ մանկական եւ այլն: Այդ դեպքում ինչու է գրականության համար ֆինանսավորվող մամուլը դառնում քաղաքական հարթակ, այն էլՙ իշխանահաճո: Չնայած իմ մաշեցրած տարիները շատ չեն, բայց ես հասցրել եմ հասկանալ, որ մտավորականը, ինչ վիճակ էլ որ լինի, այսպես ասած, պետք է մի փոքր «ընդդիմադիր» լինի, որովհետեւ նրա իդեալը պետք է անհաս մնա, նա չպետք է բավարավի եղածով, եթե իրապես մտավորական է: Նախկինները վատն են եղել, նորերը, եթե կուզեք, լավն են, բայց անհաշվելի բացեր ունեն, ինչո՞ւ դրա մասին արձագանք չկա: Պարոնա՛յք, եթե նոր իշխանություններն իրենց հռետորական խոսքերով ու ոսկյա հայտարարություններով ձեզ դուր են եկել, դա դեռ չի նշանակում, որ մտավորականությունը, որը, որպես այդպիսին, ըստ իր գործառույթի, գրեթե բացակայում է, պետք է դառնա պալատական աշուղ ու երգի «տիրակալների համար»: Դա մտավորականին վայել բան չէ: Եվ ես այստեղ չեմ կարող մեջ չբերել մեր թերթի նախորդ համարում տպագրվածՙ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի հոդվածի այս հատվածը.

«Եթե ստիպված ես անվերապահորեն համաձայնել ամեն հաջորդող կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ, ապա միայն պրոպագանդա ես անում, ինչն այլեւս ոչ թե արվեստի տիրույթում է, այլՙ ստրկամտության» :

Որքան էլ հակառակվեք, միեւնույն է, ներքուստ բոլորդ էլ համաձայնելու եք Սերժ Ավետիքյանի հետ. հիմա կամ հետո:

Ես չգիտեմՙ սրանով ուր եւ ինչպես է պատրաստվում գնալ «Գրական թերթի» խմբագրությունը, բայց ասեմ, որ լավ տեղ չի հասնելու: Ի դեպ, եթե թերթի հարգարժան խմբագրակազմը իրոք ցանկացել է հենց գրական թերթում լսել մտավորականության հասարակակն-քաղաքական մտահոգությունները, ապա կարո՞ղ է ասել, թե ամիսներ առաջ ինչո՞ւ ոչ մի էջով, ոչ մի պարբերությամբ, ոչ մի նախադասությամբ ու բառ-ակնարկով չանդրադարձավ ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնումՙ ԱԺ-ում հայտնված սեռագարի մասին, մի երեւույթ, որը ռումբի պես պայթեց հասարակության մեջ: Ինչո՞ւ անդրադարձ չեղավ, երբ իշխանությանը շատ մոտ կանգնած մի կին հայ կնոջը դասեց սեռագար, այլասեր կնոջ կողքին: Եւ վերջապես, ինչո՞ւ անդրադարձ չեղավ, երբ մշակույթի հետ կապ չունեցող, մշակույթից ոչինչ չհասկացող աղջնակը դարձավ մշակույթի նախարար... այդ նախարարության լուծարմանն էլ անդրադարձ չեղավ: Ինչու՞: Մտավորականությունն ասելի՞ք չուներ, թե՞ խմբագրությունը հարմար չգտավ անդրադառնալ մի թեմայի, որն իսկական գլխացավանք է դարձել իշխանության համար: Կոպիտ չհնչի, բայց մեր ազգին պատեհապաշտ ու մորթապաշտ մտավորականություն պետք չէ...

Հ.Գ. Հայաստանի տարբեր բնակավայրերում անձամբ ես ճանաչում եմ տասնյակից ավելի շնորհալի գրողների, որոնք հնարավորություն չունեն իրենց ստեղծագործությունները գոնե հատվածաբար տպագրելու, բայց արի ու տես, որ այդ ամենը շրջանցելով, «Գրական թերթի» խմբագրությունը որոշել է զբաղվել իրավաբանությամբ, իսկ իր գործը կարծեսՙ ուրիշները պետք է անեն, որին, ի պաշտոնե, հենց կոչված է այդ թերթը:

Ի դեպ, վաճառքով երբեք աչքի չընկնող «Գրական թերթը» այդ շաբաթ «անհասկանալիորեն» ոչ մի տեղ գտնել հնարավոր չէր... նույնիսկ Գրողների միությունում: ... Աասում են, «աջ ու ձախ» ընթերցասերներ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ