ԽԱՉԻԿ ԹՈԼՈԼՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator) Ֆրեզնոյում գործող «Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը» (SAS) իր հիմնադրման 45-ամյակն է նշելու Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում (UCLA) հոկտեմբերի 12-13-ին կազմակերպելով երկօրյա միջազգային գիտաժողով ի պատիվ Խաչիկ Թոլոլյանի, որ ընկերակցությունում սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի հիմնադիրներից է եւ «Սփյուռք» (Diaspora) հեղինակավոր ամսագրի հիմնադիր-խմբագիրը: Ներկայումս նա անգլերենի եւ համեմատական գրականության դասախոս է Ուեզլյան համալսարանում: SAS-ը մի խումբ գիտնականներ, ներառյալ Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռոբերտ Թոմսոնը, Նինա Գարսոյանը, Տիգրան Գույումճյանը եւ Ավետիս Սանճյանը, հիմնադրել էին 1974-ին: «Սփյուռքը եւ պետականությունից զուրկ ուժը (տիրույթը): Ինքնության ձեւավորումը հայկական սփյուռքում 20-րդ դարի ընթացքում» խորագրով գիտաժողովի հովանավորներն են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, UCLA-ում Ռ. Հովհաննիսյանի Արդի հայ պատմության ամբիոնը, նույն համալսարանում Հայկական ուսումնասիրությունների Նարեկացի ամբիոնը, Իրվինի Կալիֆոռնիա համալսարանի Մեղրունի ընտանիքի նախագահական ամբիոնը, Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, Ֆրեզնոյի եւ Նորթռիջի Կալիֆոռնիա պետհամալսարանների Հայկական ուսումնասիրությունների ծրագրերը եւ «ՆԱԱՍՐ» ազգային ասոցիացիան: Թոլոլյանի անխոնջ ջանքերին նվիրված գիտաժողովը անդրադառնալու էՙ իր իսկ բնորոշմամբ պետականությունից զուրկ այն ուժին, որ մի ամբողջ դար ձեւավորեց ու կազմակերպեց հայկական սփյուռքը: Նա հիմքը դրեց հայկական սփյուռքի ուսումնասիրությունների եւ մեծ դերակատարություն ունեցավ տեսականորեն քննարկելու այդ տիրույթը եւ մասնագետներ պատրաստելու գործընթացներում: «Սա եզակի առիթ է լինելու ոչ միայն պատվելու Թոլոլյանին, այլեւ ի մի բերելու տարբեր բնագավառների այն գիտնականներին, որոնք ուսումնասիրում են հայկական սփյուռքի բարդ կառույցը», նշել է SAS-ի նախագահ եւ Նեբրասկա-Լինկոլն համալսարանի պատմության դասախոս պրոֆ. Պետրոս Տեր-Մաթոսյանը : Հավելյալ մանրամասնությունների համար այցելել «societyforarmenianstudies.com» կայքը: |