ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՂԵՐՍ ՈՒՆԻ՞ ՍԱԹԵՆԻԿԻՙ ԲՅՈՒՐԵՂՅԱ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Ինտերնետում անընդհատ շրջանառվող «զարմանահրաշ» լուրերից մեկը, որը պատմում է Հայաստանի Սպանդարյան գյուղի բնակչուհի 22-ամյա Սաթենիկ Կարազյանի բյուրեղյա արցունքների մասին, փորձել է «ստուգել» գերմանական RTL հեռուստաընկերությունը։ Հեռուստաընկերության կայքէջում սեպտեմբերի 25- ին տեղադրված հրապարակման մեջ ներկայացվում է, թե կնոջ աչքերից օրական մինչեւ 50 բյուրեղ է թափվում։ Տարբեր ԶԼՄ-ներին Սաթենիկը պատմել է, թե բյուրեղներն այնքան սուր են, որ վնասում են աչքերը։ Վերջին տարիներին մեծացել է այն մարդկանց թիվը, որոնց արցունքը կարծր բյուրեղ է ներկայացվում, գրում է կայքէջըՙ նշելով, թե բոլոր նմանատիպ պատմությունները իրական հենքից հեռու են, իսկ 22- ամյա հայուհու դեպքի մասին գերմանական վերոհիշյալ լրատվամիջոցը զրուցել է Քյոլնի ակնաբույժներից Մաթթիաս Մաուսի հետ։ Քարացած արցունք ( կամ արցունքաքար ) իրականում կա, բայց ոչ այս տեսքով, պարզաբանել է բժիշկը։ Ռուսական MIR 24.tv- ը ներկայացրել է Սաթենիկի եւ նրա հարազատների պատմածը, թե հազվադեպ հանդիպող այս անոմալիայի պատճառով աղջկա կյանքը դժոխքի է վերածվել։ «Երբ առաջին բյուրեղը հեռացրինք, ենթադրում էինք, թե աշխատելիս ապակին աչքն է մտել, Սաթենիկի ազգական Սվետլանա Ավագյանն է պատմել հեռուստաեթերում, բայց ցավը շարունակվում էրՙ աչքից շարունակ բյուրեղ էր թափվում, ուստի բժշկի տարանք»։ Գերմանական աղբյուրն այնուհետ ծանուցում է, թե մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում նաեւ բրիտանական Mirror-ի տեղեկատվության համաձայն, դեպքի մասին իրազեկ են նաեւ ՀՀ պաշտոնատարները, մասնավորապես առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ծանուցմամբ նախարարության փորձագետները զննել են Սաթենիկին, բայց բյուրեղների ախտորոշման արդյունքը դեռ հայտնի չէ։ Իրականության հետ աղերս ունի՞ Սաթենիկի պատմությունը, հարցնում է RTL- ը, եւ իր «ոչ»-ը հիմնավորումՙ ներկայացնելով երկու փորձառու ակնաբույժի կարծիք։ Ըստ նրանց ձեւակերպման «արցունքի բյուրեղացումը հազվադեպ, բայց հնարավոր երեւույթ է։ Արցունքի ճանապարհը փակվում է այնպես, ինչպես երիկամներում կուտակված քարը, միզաքարն է փակում մեզի ճանապարհը։ Մարդու օրգանիզմը կարող է օրական մոտ մեկ միլիլիտր արցունք կուտակել, այդպիսի բյուրեղներ ստեղծելու համար մարդու օրգանիզմը հեղուկի չափազանց մեծ քանակ պիտի կուտակի, որ անհնարին է այդքան արագ բյուրեղի վերածի ու կարծրացած դուրս գա»։ Այնպես, ինչպես Սաթենիկն ու նրա մերձավորներն են ներկայացնում պատմությունը, իրական լինել չի կարող, պնդում են գերմանացի մասնագետները։ RTL-ը նշում է, թե ցանցում սա միակ պատմությունը չէ, ամենահանրահայտը 1996-ին լիբանանցի Հասնահ Մուսլմանիի բյուրեղյա արցունքների տեսանյութն էր, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում է ցանցում։ Այն տեղ է գտել 2008-ին Կալիֆորնիայի Սան Դիեգոյի Museum of Hoaxes-ում («Կեղծ տեղեկատվության թանգարան» անվանյալ կայքէջում)։ |