ԹՐԱՄՓԻ «ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Իր նախագահության տարիներին Դոնալդ Թրամփը քանիցս սպառնացել է ռազմական հարված հասցնել Իրանին: Նույն ձեւով կարելի է հիշատակել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպեր, որոնք Վաշինգտոնը կկարողանար իբրեւ պատրվակ օգտագործել ռազմական գործողություն սկսելու համարՙ անօդաչու թռչող սարքերի հետ կապված պատմությունը, այսպես կոչված լցանավային պատերազմը եւ այլն: Սպիտակ տունը բավականաչափ ջանքեր է գործադրել տարածաշրջանում հակաիրանական կոալիցիաներ ստեղծելու նպատակովՙ չխոսելով արդեն փուլ առ փուլ ձեռնարկվող պատժամիջոցների մասին: Լուրեր են հայտնվել հավելյալ թվով զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու մասին, չնայած այնտեղ նրանց թիվը առանց այդ էլ բավական մեծ է: Ահա հիմա էլ, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումից հետո, որի համար սովորաբար ամբաստանում են Իրանին, ԱՄՆ նախագահը որոշել է հավելյալ զորք ուղարկել Էր-Ռիադի պաշտպանությունն ուժեղացնելու համար: Ըստ որում, Թրամփը հայտարարել է հետեւյալը. «Ես կարող էի հրամայել հարված հասցնել Իրանի տասնհինգ օբյեկտների, եւ մենք կանեինք դա: Բայց ես գտնում եմ, որ կարելի է ուժ ցուցադրել ՙ միաժամանակ զսպվածություն դրսեւորելով»: Բայց հիմա խնդիրը Թեհրանը չէ: Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենում եւ չորս օբյեկտ է ոչնչացրել հյուսիսեմենյան նավահանգստային քաղաք Խոդեյդայից հյուսիս, որտեղ, ինչպես հաղորդում են սաուդյան պետական հրատարակությունները, հուսիտները զբաղվում են սուզանավակների եւ ծովային ականների հավաքմամբ եւ սպառնում են նավագնացությանը հարված հասցնել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովի հարավում: Դա ցույց է տալիս, որ Էր-Ռիադը, որն օրերս ասել էր, թե իր նավթակայանքների վրա հարձակումն իրականացվել է ոչ թե Եմենից, այլ հյուսիսից, այժմ փոխել է իր դիրքորոշումը: Եմենյան «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ դադարեցնում են անօդաչու թռչող սարքերի գրոհները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եւ համանման քայլ են ակնկալում Էր-Ռիադից: Շարժման քաղխորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշադի խոսքերով, իրենք ակնկալում են, որ սաուդցիները կդադարեցնեն հարձակումները Եմենի ամբողջ տարածքի վրա: Ինչպես գտնում է Մերձավոր Արեւելքի գծով գերմանացի փորձագետ Միխաել Լյուդերսը , սաուդյան նավթակայանքների վրա կատարված հարձակումը մեծ խայտառակություն է սաուդցի զինվորականների համար, չնայած որ Սաուդյան Արաբիան աշխարհում զենքի երրորդ խոշորագույն ներմուծողն է ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո: Սակայն ամերիկյան զենքը չապահովեց սաուդցիների ռազմական հաղթանակը Եմենում, սաուդցի զինվորականները պատրաստ չէին դիմակայելու անկանոն զինված խմբավորումների հարձակումներին: Ավելին, ամերիկացի ռազմական փորձագետները խոստովանել են, որ հուսիտները վերջերս զգալիորեն ամրապնդել են իրենց ռազմական ներուժըՙ կատարելով իսկական տեխնոլոգիական ճեղքում: Թագաժառանգ իշխան Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը Սաուդյան Արաբիային առաջարկել է օժանդակություն պաշտպանության ոլորտում: Բայց այդ դեպքում հուսիտների հարվածի տակ կարող են հայտնվել հենց ամերիկացիները եւ Մերձավոր Արեւելքում կարող են ներքաշվել եւս մեկ ռազմական հակամարտության մեջՙ պաշտոնապես չհայտարարելով այդ մասին: Ակամա հիշում ենք նման իրադրություն. Եմենում համանման աշխարհաքաղաքական իրադրություն ստեղծվել էր հենց իրանական միջուկային ծրագրին վերաբերող բազմակողմ համաձայնագրի ստորագրման նախօրեին, երբ Թեհրանի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում նկատվել էր ինչ-որ բարելավում: Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հաջողվել էր վերջին հաշվով միջուկային գործարք կնքել Իրանի հետ, թեեւ Եմենում քաղաքացիական պատերազմը չէր դադարել, իսկ «Ալ-Ղաիդայի» ջոկատները տեղ-տեղ նույնիսկ մոտեցել էին Սաուդյան Արաբիայի սահմանին: Արդյոք դա կհաջողվի՞ Թրամփին, որը հայտնվել է Իրանի հետ միջնորդավորված պատերազմի շեմին: Ռուսաստանցի հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, ներկայումս Թրամփը տատանվում է, փորձում է ժամանակ շահելՙ հասկանալով իրանյան ինտրիգի ամբողջ աներեւույթ կողմը: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահը հասկացնում է, որ «Սաուդյան նավթակայանքների վրա հարձակման Իրանի մասնակցության աստիճանը դեռ պետք է պարզվի: Ներկայումս մենք քննության ենք առնում դա: Տարբերակները շատ են, բայց հիմա ես դրանց չեմ նայում: Մենք ուզում ենք պարզել, թե ով է արել դա: Մենք խոսում ենք Սաուդյան Արաբիայի եւ մյուս հարեւանների հետ: Այդ ամենը միասին քննարկում ենք, տեսնենք թե ինչ տեղի կունենա»: Այս պատճառով կայուն տպավորություն է ստեղծվում, թե Թրամփը զսպում է իր վարչակազմի «ճուռակներին», որոնք իրոք ձգտում են ԱՄՆ-ին դրդել Իրանի հետ պատերազմի: Նա «հետքերը» փնտրում է Եմենում եւ կարող է հուսիտների խաղաքարտը փաթեթային ձեւով խաղարկել Թեհրանի հետ: Ահա թե ինչու փորձագետները այս ուղղությամբ Թրամփի բոլոր քայլերը բնութագրում են որպես «վերապահումներով պատերազմ»: Սեպտեմբերի 10-ին Թրամփը պաշտոնանկ արեց ազգային անվտանգության հարցերով իր օգնական Ջոն Բոլթոնին, որը բացեիբաց հանդես էր գալիս Իրանի հետ պատերազմի օգտին: Նախագահը շարունակում է խուսանավել «աղավնիների» եւ «ճուռակների» միջեւ: Սակայն միամտություն կլիներ կարծել, թե խնդիրը միայն դա է: Սպիտակ տանը տեսնում են, որ Մերձավոր Արեւելքում փոխվում է ուժերի հարաբերակցությունը, եւ որ հակաիրանական պատժամիջոցները ամբողջ ծավալով չեն գործում: Բացի դրանից, ամենքը վաղուց վարժվել են Օրմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում տեղի ունեցող պարզունակ խաղերին: The Washington Post թերթը տեղեկացնում է, որ Պենտագոնը նախագահ Թրամփի համար նախապատրաստել է Իրանին ռազմական հարված հասցնելու ծրագիր, որը ենթադրում է օդային հարվածներ Իրանի հնարավոր թիրախներին, գնահատվում են նաեւ Իրանի հնարավոր պատասխան քայլերը: Ընդսմին, «նախագահը զգուշացված կլինի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են վերաճել պատերազմի»: Եվ ահա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասում է, որ իրենք ուզում են խաղաղ լուծում: «Կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նունն է ակնկալում»: |