RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



ԼՐՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2019-09-26 23:47:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1469, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱԽՈՂՄԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԵՎ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՁԱԽՈՂՈՒՄ ՆՈՐ ՎԵՐԵԼՔՆԵՐՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Փորձագետ

Մաս երկրորդ

2018 թ.ապրիլի 1: Եվրոպայում Զատկի տոնն է: Բրյուսելում ամենուր տոնական տրամադրություն է, մարդիկ շտապում են այցելել ռեստորաններ, սրճարաններ: Քաղաքի ամենածանրաբեռնված շրջանը Սուրբ Եկատերինայի փողոցն է, որը գտնվում է «Գրան պլաս» հրապարակից ոչ հեռու: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում պրոֆեսորի տեսքով անցորդի վրա, որն առանց շտապելու քայլում էր կենտրոնական փողոցներով: Այդ անցորդը ազգությամբ չինացի էր: Սակայն դա միայն առաջին հայացքից էր թվում, որ նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Իրականում նրա ամեն մի քայլը, հայացքը, շարժումը ֆիքսվում էր բելգիական հակահետախուզության «արտաքին դիտարկման» ծառայության կողմից եւ անմիջապես դառնում քննարկման առարկա փողոցում դանդաղ երթեւեկող ավտոֆուրգունում, որտեղ տեղավորվել էին գործառույթի ղեկավարները:

Պրոֆեսորի տեսքով չինացին իրականում այնքան էլ պրոֆեսոր չէր, նա Չինաստանի Պետական անվտանգության նախարարության հետախուզության (Գուանբո) աշխատակից Սյույ Յույցզյունն էր, որն անշտապ քայլերով գնում էր իր ամերկյան գործակալի հետ հանդիպման:

Բելգիայի հակահետախուզությունը եւ նրան միացած ԱՄՆ ՀԴԲ (Հետաքննությունների դաշնային բյուրո) աշխատակիցները ծրագրում էին այդ օրը «ընդունել իրենց չին կոլեգային գործի վրա»:

Այս պատմությունը սկսվել էր մեկ տարի առաջՙ 2017 թ. մարտի սկզբին, երբ ամերիկյան «GE Aviation» շարժիչաշինական ընկերության առաջատար գիտաշխատողներից մեկը նամակ ստացավ Նանկինի (Չինաստան) օդագնացության համալսարանից:

Նամակում գրված էր.«Հարգելի կոլեգա, չէի՞ք համաձայնվի արդյոք ժամանել Չինաստան, մեր համալսարանում կարդալ մի քանի դասախոսություն եւ մասնակցել չին մասնագետների սեմինարներին: Անշուշտ Ձեր բոլոր ծախսերը կհոգա չինական կողմը, բացի այդ Ձեզ հոնորար է հատկացված 3500 ԱՄՆ դոլար գումար: Իհարկե համեստ գումար է, բայց համագործակցությունը երկարատեւ կլինի»:

Նման ուշադրությունից շոյված ամերիկացի գիտաշխատողը հուլիսի 2-ին արդեն Նանկինում էր. նրան օդանավակայանում դիմավորեց Չինաստանի հետախուզության 6-րդ բյուրոյի աշխատակիցը (6-րդ բյուրոն գիտա- տեխնիկական ուղղությունն է):

Մի քանի ժամ հետո, ամերիկյան գիտաշխատողը առանց որեւէ շանտաժի կամ սպառնալիքի համաձայնվեց համագործակցել չինական կողմի հետ եւ որոշակի գումարի դիմաց նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ «GE Aviation» ընկերության վերջին մշակումների վերաբերյալ:

Հինգ ամիս հետո, ընկերության անվտանգության ծառայությունը հայտնաբերեց, որ ինչ-որ մեկը պատճենահանում է մեծ քանակությամբ տեղեկություններ ներքին տվյալների բանկից: Այդ ինչ-որ մեկին գտնելը ընդամենը տեխնիկայի հարց էր...

Մի քանի ժամ տեւողությամբ զրույցը տեղի ունեցավ ՀԴԲ-ի գրասենյակում: Ինժեները խոստովանեց ամեն ինչ, զղջաց իր արածների համար, պատրաստակամություն հայտնեց ծառայել իր Հայրենիքին եւ համագործակցել ՀԴԲ-ի հետ: Հաջորդ տեղեկատվությունը, որը ինժեները պետք է հանձներ չին հետախույզին, արդեն պատրաստվեց ՀԴԲ կողմից:

...Հաջորդ հանդիպումը նշանակվեց Բրյուսելում 2018 թ. ապրիլի 1-ին: Մայոր Սյույ Յանցզյունը ձերբակալվեց տեղեկատվական փաթեթը վերցնելիս...

Արեւմուտքում խիստ մտահոգված են եւ գտնում են, որ չինական հետախուզական համաստեղության հետ պայքարում նրանք վաղուց տանուլ են տվել: Իրենց տեխնիկական գաղտնիքները անընդհատ «հոսում են» դեպի չինական գիտա-հետազոտական կենտրոններ: Եվ առանձին լրտեսական բացահայտումները ի վիճակի չեն կանգնեցնելու այդ հոսքը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում չինական հետախուզական համաստեղությունը: Դա Պետական անվտանգության նախարարության, Հասարակական անվտանգության նախարարության եւ Ազգային ազատագրական բանակի հետախուզական ծառայություններն են: Բոլոր այս ծառայություններն աշխատում են միասնական եւ շատ համակարգված:

Այս փաստն ընդունում են ոչ միայն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանՙ ԿՀՎ-ի կենտրոնումՙ Լենգլիում եւ «Էդգար Հուվերի» կենտրոնակայանումՙ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյումՙ ՀԴԲ-ում, այլ նաեւ ՆԱՏՕ-ի հետախուզական կենտրոնում եւ «Հինգ աչքեր» կազմակերպությունում (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Ավստրալիայի հատուկ ծառայությունների կոալիցիա):

Չինական հետախուզությունը, Չինաստանի կոմկուսի «սիրելի զավակն» է եւ դա բնական է, ցանկացած պետության համար, որն ուզում է ուժեղ լինել, հսկել իր պետության շուրջ տեղի ունեցող անցուդարձը, մշակել ճիշտ արտաքին քաղաքական հայեցակարգեր, պարզել ո՞վ է իր թշնամին, ո՞վ է բարեկամը, ո՞վ է թշնամու թշնամին, ի՞նչ է կատարվում աշխարհում, ի՞նչ են մտածում «աշխարհի տերերը» եւ գերտերությունները քո երկրի մասին, ի՞նչ է կատարվում քո սփյուռքում եւ ինչ սպառնալիքներ կան նրա նկատմամբ, ստանալ ճիշտ ակտուալ տեղեկատվություն եւ տալ ճիշտ գնահատական ու վերլուծություն: Դրա համար, առաջին հերթին, հարկավոր է ուժեղ, պրոֆեսիոնալ, լավ ֆինանսավորվող հետախուզություն եւ դիվանագիտություն, որոնք միմյանցից քիչ բաներով են տարբերվում: Եվ իհարկե այս պաշտոններում պետք է լինեն ընտրովի մարդիկ, միայն թե «ընտրովի» հասկացությունը, գոնե այս ասպարեզում, ճիշտ ընկալվի:

Գրեթե անտեսանելի, բայց գրեթե ամեն տեղ ներկա, որտեղ կան քո պետության շահերը, ահա ինչպիսին պետք է լինի հետախուզությունը, ահա ինչպիսին է չինական հետախուզությունը:

(Շար. նախորդ համարից եւ վերջ)

Նկար 1. Բրյուսելի «Գրան Պլաս» հրապարակը

Նկար 2. Չինաստանի Պետանվտանգության նախարարության շենքը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ