ԱՄՆ-Ի ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԱՐԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆԿՄԱՆ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱԼ Արեւիկ Քեշիշյան Ամառային տաք եղանակը չի կարող կասեցնել կորոնավիրուսի տարածումը, նշել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները Սպիտակ տուն ուղարկած նամակում։ Նրանք ավելացրել են, որ վիրուսը կարող է պակաս արդյունավետորեն տարածվել բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում։ Բայց դա չի կարող հանգեցնել հիվանդության տարածման զգալի նվազմանը, քանի որ մարդիկ դրա նկատմամբ իմունիտետ չունեն։ Ինչպես հաղորդում է news.ru-ն, ավելի վաղ ռուս վիրուսաբան Սերգեյ Նետյոսովը ենթադրություն էր արել, թե տաք եղանակին կորոնավիրուսը շատ ավելի արագ կոչնչանա։ Նրա կարծիքով, դա պայմանավորված է այն բանով, որ բարձր ջերմաստիճաններում վիրուսի կիսատրոհման ժամկետը զգալիորեն կրճատվում է։ Չինաստանում վիրուսի հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը արագորեն տարածվում է նույնիսկ բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է բժշկական բնույթի առավել լուրջ ջանքեր գործադրել։ |