ԱՅՍ ԶԱՏԻԿԸ ՔՆՆՈՒՄ Է ՄԵԶ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ավագ ուրբաթն ավարտվում է, վաղն սկսվում են Սուրբ Զատիկի բուն արարողությունները: Երբեւէ կմտածե՞ինք, թե այս կերպ ենք տոնելու հայերիս սիրած տոնըՙ տներում փակված, առանց միմյանց այցելելու, հարեւան հարեւանի հետ զատկական ձու փոխանակելու, առանց ճրագալույցի պեծը տուն բերելու, առանց գերդաստանով մի սեղանի շուրջ հավաքվելու: Մեր կյանքը, որից դժգոհում, տրտնջում էինք տեղի-անտեղիՙ առանց հասկանալու սովորական, հասարակ կյանքի ողջ հմայքը, միանգամից վերածվեց ինչ-որ անհայտ բանի: Մենք բոլորս վերածվել ենք անտեսանելի թշնամուց փախչող ու տներում թաքնվող արարածների, սովորական ուրախությունը հիմա երազանք է, ազատ կյանքըՙ հեռու, ու ոչ ոք էլ չի կարող ասելՙ երբեւէ նույն սրտով ու հոգով կվերադառնա՞նք ազատ կյանք: Ամեն ինչ է փոխվում, աննկատ փոխվում ենք նաեւ մենք, տպավորություն է, թե աշխարհի հզորները մեզ բոլորիս քշել են մեր տներն ու ինչ- որ փորձարկումներ են անում մեր գլխին, մարդկությանն անկյուն են քշել: Նրանք առել են բոլորին տներում փակելու, այդ կերպ մարդկանց ու նրանց մտքերի վրա վրա իշխելու համը, ու ոչ ոք չգիտե, թե նորից ու հաջորդաբար ինչ նոր վիրուսներ կմոգոնեն նրանքՙ մարդկանց տներում փակված զանգված դարձնելու համար: Արդյոք քրիստոնյաները մի անգամ էլ են Պիղատոսի փորձություն կրո՞ւմ, արդյոք կգան նրանք, որոնք կազատեն մարդկությանը մեղքերից: Ո՞րն է մարդկությանը փորձության ենթարկողների բուն նպատակը կամ նպատակները, եւ կհայտնվե՞ն նրանք, որոնք մարդկության բյուր մեղքերն իրենց վրա կառնեն: Բոլոր դեպքերումՙ Սուրբ Զատիկը մտքերը հավաքելու առիթ է, տոնի արմատը քրքրելու, մարդկանց եւ մարդկության մեղքերի մասին մտածելու առիթ, որոնք քավելու համար ժամանակին եկավ Հիսուսը, իսկ մնացածը նրա արյամբ ու հարությամբ մաքրագործվեցին: Արդյոք տիեզերքն այս վիրուսով սթափեցնում է մարդկանց, նույնիսկ եթե մարդու ձեռքի գործ է վարակը, նույնիսկ եթե ինչ-որ ծավալապաշտ պետության խեւ ղեկավարի հորինած զենքն է դաՙ առանց տիեզերքի դա չի կարող մոլորակի վրա մի քար շարժվել: Մտածենքՙ ի՞նչն ենք սխալ անում, ինչո՞ւ ենք փոշիացնում մեր բաժին կյանքն ու մեր բաժին մոլորակը, գտնենք մեր նախաստեղծ որակներն ու մեր մեջ դրված խորհուրդը: Կորոնավիրուսով համեմված Զատիկը քննում է մեզՙ քրիստոնյա ե՞նք մենք իրոք մեր հոգու մեջ, որ այս վիճակից դուրս գալուց հետո կարողնանք ապրել պարզ ուրախություններով, մարդկային ստուգված կանոններով, չընկնենք ծայրահեղությունների գիրկը, իրոք սիրենք աշխարհն ու մերձավորին, հեռու մնանք անմարդկայինից, դաժանից, ատելությունից ու անբարիշտությունից: Բայց մինչ այդ դեռ պետք է դուրս գալ այս վիճակիցՙ հոգու ու մարմնի նվազագույն կորուստներով: |