ԱՅՍՕՐ ՄԱՐԱՂԱՅԻ ՋԱՐԴԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է Քաղեց` Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ 1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին` նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները եւ հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին եւ գտան 43 խաղաղ բնակչի դիակՙ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված։ «Այն ինչ որ մենք տեսանքՙ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղելՙ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրըՙ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեեւ հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասինՙ գլխատված եւ կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող եւ մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեզ հետՙ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել եւ այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ եւ շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»,- հիշում է Անգլիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը: Ըստ Քերոլայն Քոքսի` սպանվել է 45 հոգուց ոչ պակաս գյուղացի։ Ըստ հայկական անվանական ցանկի, զոհվել է 57 եւ գերեվարվել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց եւ մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության եւ Քերոլայն Քոքսի կողմից)։ Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը եւ 13 հոգի գերեվարվել են: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվումՙ 21 կին եւ 6 երեխա: Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիեւը ստացել է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում։ |