RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #503, 10-04-2020



Տեղադրվել է` 2020-04-10 23:41:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 908, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏԵԼԱՑՈՒՄ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տագնապի առաջին օրերին ասում էին, չէ՞, մարդն այնպիսի արարած է, որ ամեն ինչին ընտելանում է, ամեն ցավ տանում: Թեքեյանն է գրել ՙ Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս:

Միջազգային լրատվահոսքը ընտելացրեց հազարավոր մահերի իրականությանը: Մեկ վարակակիրը մեկ ու կես միլիոնի վերածվեց: Արդեն սովորական են դառնում մահերը, մահվան ընկալումը, դրա հանդեպ վերաբերմունքը փոխվում է: Պատերազմները, համաճարակներն ու արհավիրքները մարդունՙ մահվան մտքի հետ ավելի հեշտ հաշտեցնելուն են տանում: Հոգեբանական ճնշումները, սակայն, հավասարակշռությունը շարունակում են խախտել: Հնարավո՞ր էր երկու ամիս առաջ պատկերացնել, որ մարդկային աշխարհը այսպես կփակվի իր պատյանի մեջ, որ երկրները կփակվեն իրենց սահմանների մեջ, որ դրսում եղող քաղաքացիները ամեն կերպ կփորձեն ընկնել սեփական երկիր... որ կյանքը կսահմանափակվի տան պատերից ներս, որ սրճարանների, փաբերի, ռեստորանների հոսքն ու աղմուկը կդադարեն, որ մարդիկ այսպես հանգիստ կնստեն տներում, ու պատշգամբները կդառնան դրսի հետ միակ հիմնական կապը: (Ես պատշգամբ չունեմ ափսո՜ս): Կալանավորի ժամանակավոր հոգեբանություն, տնային անձկություն, մտածելու տարածությունՙ իբր վերաիմաստավորելու շատ բաներ: Իրականում այնքան էլ այնպես չէ. սպասում են, թե երբ է վերջանալու այս մղձավանջը, ու կյանքը կգնա նախկին, ծանոթ հունով: Մինչդեռ աշխարհը փոխվում է. ապրելու, գործելու ձեւերը փոխվում են. մենք ընտելանում ենք հեռավար աշխատելու, սովորելու, ապրելու կերպին, ձեւավորվում են նոր հարաբերություններ, նոր մշակույթ: Լրատվամիջոցներից մեկը օնլայն հարսանիքի, օնլայն հոգեհանգստի կազմակերպման մասին է տեղեկացնում: Փարիզում ապրող մեր հայրենակիցը մտահոգ է բեմական արվեստիՙ այս օրերի ֆարսով, թե ինչո՞ւ անգամ պրոֆեսիոնալ արվեստագետն է խեղաթյուրում արվեստըՙ ժամանակավոր այս դադարը ինքնակատարելագործվելուն, մտածելուն ծառայեցնելու փոխարեն կիսատ-պռատ օնլայն համերգներ կամ մոնոներկայացումներ է սարքում տանըՙ մոռացության չմատնվելու ներքին տագնապ- անհանգստությունից: Երեք զավակների մայրըՙ հեռավար դասի կիսատ-պռատությունից, երեխաներիՙ նոր տիպի ուսուցմանը չընտելանալուց, մանավանդ հանձնարարականների անկատարությունից ու գնահատելու անհամարժեքությունից նյարդայնացած ասում էՙ հիմա թող դադար տան, ամռանը վերսկսեն դասերը: Բայց այս ժամանակը հարկավոր է հեռահար կրթության մոդելը փորձարկելու նաեւ հանրակրթական տարածքում, ու նաեւ հետագայի համար - այդպես չէ՞:

...Ուղիղ մեկ շաբաթ առաջ հարեւան խանութում ավելի լավատեսական տրամադրություն կար, թե մենք ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ ու բլոկադա տարած ժողովուրդ ենք, սա ի՞նչ է, որ չհաղթահարենք: Այսօր մտահոգ էին. առավոտյան անձնագիր չունեցող մի աշխատակցի տուգանել էին: Պարետատունը արգելել էր երեք անձով ծննդյան օրը ավանդաբար ծնողի շիրիմի այցելությունը. տխուր են մարդիկ: Նախկին սովորությունները նահանջում են, ետ են քաշվում, հրաժարումների ժամանակաշրջան է: Ժամանակավո՞ր է, այո՛: Եվ փորձաշրջան է, փորձաշրջանՙ մարդուն նոր աշխարհի փոփոխություններին վարժեցնելու: Ընտելացնելո՛ւ:

Փողոցները օտար են ու մետաղյա: Փողոցները դատարկ են: Մետաղե ավտոտնակները ավելի անտանելի են դառնում:

Լուռ պատերազմ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #503, 10-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ