ԳՅՈՒՂՈԼՈՐՏ. ԶԱՀԼԱ ՉԿԱ՞ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Հայաստանյան առօրյան անակնկալներով լի է, սկսած տնտեսականից ու քաղաքականից, մինչեւ անձնական ու համայնքային: Սպասումների տրված հանրությունն ակնկալում է, որ հերթական բացվող օրն իր հետ դրական լիցքեր պարունակող իրադարձություններ կբերի, մեր մարդկանց կյանքն ու կենցաղը կբարելավվի: Տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ իշխանությունների որոշ ձեռնարկումներն էլ որեւէ ձեւով իրենց ազդեցությունը չեն թողնում մեր մարդկանց առօրյայի վրա: Ընդհանրական ձեւակերպումներից խուսափելու նպատակով ասելիքս ներկայացնեմ կոնկրետ օրինակով: Օրեր առաջ ՀՀ վարչապետը Սյունիքում էր, հանդիպեց գյուղական համայնքների բնակիչների հետ: Թվում էր գյուղոլորտին աջակցության ՀՀ կառավարության ձեռնարկումները պետք է որ բարերար միջավայր ստեղծած լինեին գյուղաբնակների ու գործադիր իշխանության միջեւ, մարդիկ գոհունակությամբ ու ընդգծված նշեին այդ մասին: Սակայն ստիպված ենք «ավաղ» բառն օգտագործել, քանզի հեռուստահաղորդումների տեսքով այցի լուսաբանման ընթացքում դրականի մասին գրեթե կամ ընդհանրապես չխոսվեց: Հատկապես տպավորվեց անասնապահների ու իշխանավորների զրույցը. յուրօրինակ էր գյուղաբնակների այն պահանջը, որով առաջարկվում էր մթերվող կաթի գինը հասցնել 250-300 դրամի, միսն էլ 2200-2400 դրամի, արգելելով արտերկրներից կաթի փոշու եւ խորը սառեցված մսատեսակների ներկրումը: Վարչապետն իհարկե փորձեց բացատրել, որ այդ պարագայում կտուժի քաղաքաբնակ սպառողը: Պարզապես չասվեց, որ վերջինս իր հերթին կբարձրացնի սեփական ծառայությունների ու սպասարկումների արժեքը եւ երկիրը կհայտնվի վտանգավոր մի շրջապտույտի մեջ: Թե ինչու է նման մոտեցումով զրույց առաջանում, պարզից էլ պարզ է. մեր գյուղաբնակի պահած կովի տարեկան կաթնատվությունը հազիվ 2000 լիտր է, խոշոր եղջերավորի ու խոզի օրական քաշաճն էլ 150-200 գրամ, այլոց 1000 գրամ պլյուս-մինուսի պարագայում: Արդյունքներն այսչափ նվազագույն են, քանզի ան-ասունները խոսել-դժգոհել չեն կարող իրենց տերերի պահվածքից, որոնց ստեղծած անասնակերը հիմնականում չոր խոտն է, որը պարզվեցՙ այս տարվա երաշտի պատճառով էապես պակասել է. ելքն անասնապահությունից հրաժարվելն է, իր տխուր հետեւանքներով: Ակամա հիշում ենք եվրոպացի ֆերմեր-կաթարտադրողների ակցիաներըՙ կաթը փողոցներում դատարկելու հետ կապված: Նրանք դժգոհում էին կաթի լիտրի դիմաց 20 եվրոցենտ գնից, երբ մեզանում մթերվողը նվազագույնը 25 եվրոցենտ է եւ ավելի: Պարզապես եվրոպացի անասնապահները կայանում ու հարստանում են, որովհետեւ լիարժեք կերակրման արդյունքում կովերի միջին կաթնատվությունը կազմում է 10 հազար լիտր: Մեր վաստակաշատ գիտնականներից Լեւոն Գարեգինի Վարդեւանյանը , գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տարիներ առաջ 250 էջերից բաղկացած մի ուսումնասիրություն-ձեռնարկ է կազմել «Գյուղատնտեսական կենդանիների կերակրման նորմաներ եւ կերաբաժիններ. կերերի սննդարարություն» հարցերի շուրջ: Օրինակ, 94-րդ էջում կարդում ենք. 600 կգ կենդանի զանգվածով լիահաս կթու կովերի կերակրման նորմաներ: Նշվում է կերաբաժնի 23 բաղադրիչ, որն էլ որակվում է որպես խտացված լիարժեք անասնակեր: Կաթնամթերք արտադրող առեւտրային կազմակերպություններից կաթնատու գլխաքանակ ունեցողները մասամբ օգտվում են այսօրինակ կերերից, որի արդյունքում կովերի միջին տարեկան կաթնատվությունը կազմում է 4-4,5 տոննա, ծղոտով կերակրվողի դիմաց կրկնակի արդյունք: Այսօրինակ հարցերի մասին մեզանում չգիտես ինչու ընդունված չէ խոսել: Միայն երբեմնի գյուղնախարարության, հիմա արդեն ոլորտը ղեկավորող ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական հռչակվող փաստաթղթերից կարելի է տեղեկանալ, որ անասնակերերի արտադրության նպատակով ցանքատարածությունների ընդլայնումներ են սահմանվում: Գյուղաբնակներն այն առանց երկմտելու կոչում ենՙ անունը կա, ամանում չկա հայտնի արտահայտությամբ: Անշուշտ լրագրային էջն այսօրինակ հարցերի շուրջ խոսելու տեղ չէ: Դրանք գյուղգործունեություն- գյուղքաղաքականություն ձեւաչափերով հարկ է քննարկել գործադիր մարմիններում, որոնց գործունեությունը թերեւս հուշում էՙ զահլա չկա: Ինչ-որ բան ինչ-որ տեղ պահանջվող ձեւով չի արվում: |