RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



Տեղադրվել է` 2020-09-04 17:35:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 3247, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հիմա տեղեր կան, որ թաքնված տեսախցիկին փոխարինում է թաքնված ոստիկանը: Այդպիսի մի օր, երբ երեկո էր, փողոցով քայլող միակ անցորդին շատ հուշիկ քայլերով մոտենում է ոստիկանը, այնպես որ անցորդը չզգա, հանկարծ ուսի վրայից լսի օտար շնչառություն. սա պետք է անակնկալ լինի, որ հոգեբանորեն ավելի ազդեցիկ լինի, ոստիկանը տեսադաշտում չպիտի երեւա: Թերեւս լավ էՙ մուտքի կամ պատի չերեւացող կողմում լինի. աչքից հեռու: Նաՙ այդ ոստիկանը, կիրթ, վայելուչ խոսելաձեւ ունի, մեղմորեն դիմակ է փնտրում դեմքիդ: Ուզում ես ասել, որ դիմակավորվելը համարում ես վատ բան, մանավանդ որ օդը մաքուր է, ու փողոցը դատարկ, հեղձուկ տոթը մի կերպ նահանջել ու շնչելու տեղ է թողել, որ թթվածնային քաղց, ալերգիա, շնչառական խնդիրներ եւ այլ բաներ կան, բայց հիմա դրա ժամանակը չէ, new normal էՙ միայն թուղթ ու ձեւականություն, անկեղծությունն ու մարդկայնությունը ո՞ւմ շունն են: Երիտասարդ ոստիկանը քեզ կնայի խոշոր, արտահայտիչ աչքերով, կասի, որ ինքը աշխատանքի մեջ չի թերանում, անձնագրի պատճեն-նկարը կհամարի բավարար, համբերատար կսպասի, որ հեռախոսազանգին պատասխանեսՙ բավականաչափ հեռանալով, կլսի նաեւ նեղսրտած խոսքեր: Ահա հետեւից կլսվի վրդովված երիտասարդի ձայնըՙ «Մակուլատուրայի նյո՞ւթ եք հավաքում, հերի՛ք չի մարդկանց կյանքը փչացնեք, էս ի՞նչ փորձանք բերինք մեր գլխին, այնպես եք անելուՙ նախկիններին երանի տանք»:

Դու կխոսես տուգանքի անհամապատասխանության մասին, թե այդ ինչպե՞ս է լինում, որ մի երկրում թղթե դիմակ չկրելը կազմում է աշխատավարձի մեկ վեցերորդ, մեկ յոթերորդ մասը, հետո կիմանաս, որ տուգանքներն էլ խտրականության տակ են...

Ոստիկանը համբերատար կլսի ձայները, հետո կասի, որ իր պարտքն է կատարում, բայց դու կարդում ես աչքերըՙ նա հո՞ չի ուզում մարդկանց վատություն անել...

Դու կհիշես, որ դեղատան համար էիր տանից դուրս եկել, լիցքաթափող, նյարդերը մի քիչ թուլացնող հերթական դեղը կվերցնես, փողոցը ավելի մռայլ ու նեղ կդառնա, կզգաս կրկնակի օտարություն ու կմտածես, թե ինչ մեղմ էին անցած բոլոր հիասթափությունները...

Հետո մի քիչ վերեւում երիտասարդ աղջիկներ հարազատավարի կմոտենան ու կասենՙ այնտեղ ոստիկան կա: Ու դա կլինի օրվա գեղեցկությունը... Ասել էՙ թե դիմակը տուգանքից խուսափելու համար է, ոչ թե վիրուսից, հետո կհիշես ծանոթների խոսքերը, որ այս ամբողջ ընթացքում մեկ դիմակ են կրել, բացատրելով, թե ախտահանում, կամ լվանում են, քանի որ դա ոստիկանի համար է. իրականում հիգիենան ոչ մեկին չի՛ հետաքրքրում, մեր առողջությունը ոչ մեկին չի՛ հետաքրքրում: Ետդարձին կմոտենա տարիքով մեկը, կբողոքի շնչառական խնդիրներից, դիմակը կուզենա շպրտել, երիտասարդ աղջիկները կզգուշացնեն դարանակալած վտանգների մասին: «-Բայց այսպես ինչքա՜ն կարող ենք ապրել»,- կասի մարդն ու կանցնի, նրան կարձագանքի մեկ ուրիշը փողոցի մյուս ծայրից: Չգիտեմ, Բեռլինում օրեր առաջ մի քանի հարյուրհազարանոց բողոքի ցույց էր, Լոնդոնումՙ նույնպես:

Հետո կհիշես հայտնի խոսքերը. «Մարդկանց ստրուկ դարձնելու համար նրանց մեջ հարկավոր է վախ առաջացնել: Եթե իմանաք, թե ինչից են նրանք վախենում, դուք նրանց հետ կարող եք անել այն, ինչ ուզում եք»:

Տուն գալուց կհիշես, որ դեղից բացի հաց էլ էր հարկավոր գնել, ու դու մոռացել էիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ