ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԶՐՈՅԻՑՙ ՉՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ Փաստորեն միեւնույն օրը տեղի ունեցան Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մոսկովյան այցելությունը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու: Շոյգուի այցը համընկավ այն պահի հետ, երբ ավելի վաղ թուրք-ադրբեջանական ռազմափորձի վերջին փուլին ներկա գտնվելու համար այտեղ էր ժամանել Թուրքիայի ամբողջ բարձրագույն զինվորական հրամանատարությունը, իսկ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանի առաջին ռազմավարական գործընկերն է դառնում սպառազինությունների գնման եւ ռազմարդյունաբերական համալիրի հետ համագործակցության առումով: Այս կապակցությամբ որոշ փորձագետներ ենթադրում են, որ վերջերս տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո Ալիեւը ազդանշաններ է ուղարկում Մոսկվային, որ կարող է դիմել նրա հետ ռազմատեխնիկական համագործակցության կրճատմանը, եթե Մոսկվան չփոխի իր վերաբերմունքը ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ: Նման համատեքստում Շոյգուի այցը Բաքու ստանում էր բազմանշանակալիություն հատկապես ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության տեսակետից: Հիշեցնենք, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել հինգ միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Այնպես որ, կորցնելու բան կա: Նման գաղափարախոսության կողմնակիցները պնդում են, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանին եւ ոչ անդամ Ադրբեջանին զենքի մատակարարումները թույլ են տալիս պահպանել ուժերի հավասարակշռությունըՙ կողմերից որեւէ մեկին չտալով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների դիմելու հնարավորություն: Փաստարկն այնքան էլ հիմնավոր չէ, բայց դեռեւս գործում է: Այսպիսով մենք հանգում ենք երկու այցելությունները միավորող խնդրինՙ ԼՂ հակամարտությանը, որը ժամանակի ընթացքում կարող է որոշել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ բնույթը: Քանզի Ադրբեջանի նոր արտգործնախարար Բայրամովի Մոսկվա կատարած առաջին այցելությունն առանձնահատուկ էր ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության վերջին դրամատիկ իրադարձությունների, այնպես էլ բուն Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Երկրի նոր արտգործնախարարը շեշտը դնում էր իրադրության սրացման վրա, ինչը պարզ դարձավ իր ռուս պաշտոնակցի հետ կազմակերպված մամլո ասուլիսում: Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսեց խոսել այն մասին, որ «գոյություն ունեն մի ամբողջ շարք փաստաթղթեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների ստորագրություններովՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ», որ «այդ փաստաթղթերում, թեկուզ ընդհանուր գծերով, բայց ամրագրված է կարգավորման նկատմամբ համալիր մոտեցում, որը մեզ պետք է հասցնի խնդիրների վերջնական լուծմանը, եւ ցավալի էր կորցնել ղարաբաղյան կարգավորման ընթացքում մշակված այդ հիմքը», հասկանալի էր, որ Բայրամովը հակված է ամեն ինչ սկսել զրոյիցՙ պաշտոնապես չհրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ծառայություններից: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ծրագրում են հակամարտության տարածաշրջան այցելել եկող ամիս: Սակայն ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, նախընտրելի կլիներ, որ նրանք կազմակերպեին Բայրամովի հանդիպումն ու բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հետ, թե չէ Ռուսաստանը, ընդհանուր դիրք բռնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս նախագահների հետ, անդադար հայտնվում է առաջնագծում: Բացի դրանից, Ադրբեջանը որեւէ նոր բան չի առաջարկում: Նրա ջանքերը կապվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ անդամի գործողությունների հետ, բայց նման ցանկություններ ունեցողներ չկան, բացի Մոսկվայից, որը նույնպես չունի ԼՂ հակամարտությանը վերաբերող նոր առաջարկություններ: Դատելով ըստ ամենայնի, Բաքուն ներկայումս պատրաստ չէ Երեւանի հետ բանակցությունների եւ հնարավոր է ակտիվ ջանքեր գործադրի արտատարածաշրջանային մանեւրների համար: Բայց դրա համար եւս, ինչպես ասում է Լավրովը, անհրաժեշտ է նորմալացնել իրավիճակը, այդ թվում դադարեցնել ամեն տեսակ միջադեպերը ոչ միայն Արցախին սահմանակից գոտիներում, այլեւ անմիջականորեն հայ-ադրբեջանական սահմանում: Իսկ ինչպե՞ս դրան հասնել առանց հակամարտող կողմերի շփումների, եւ ո՞վ է պատրաստ կազմակերպել դրանք: |