ԱՅՍ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԹՈՒՐՔ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ՆԻԿՈԼԱ ԺԱՔԱՂ, Le Parisien (Փարիզ), 25-ը օգոստոսի 2020թ. Թուրքական ծագմամբ մի ծայրահեղական դատապարտվելու է «ատելություն հրահրելու» համար: Հայ համայնքը երկու բողոք է ներկայացրել հուլիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ բռնություն կիրառելու փորձի գործով։ Դեսին (Ռոն), 24-ը հուլիսի, 2020 Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերսկսված հակամարտության: Ցնցումից կոտրված ցուցանակի լուսավոր տառերն այլեւս հուշ են: Ցուցափեղկի վրա սեւ հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով հրազենի կրակոցի հետեւանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։ «Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջեւ,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»: Բայցեւայնպես հուլիսի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված եւ երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու: «Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»: Կրակոց եւ ամբոխի տեղաշարժ Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ․ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ․ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արեւմուտք գտնվող Դեսինումՙ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետեւում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատեւ հակամարտության վերսկսման դեմ: Ատելությամբ սնված եւ պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ ԴԱՆԻ-ԿԼՈԴ ԶԱՐԹԱՐՅԱՆ, ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՑՈՒՅՑԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ, «Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաեւ տեղի ընտրված պաշտոնյաները»,- պատմում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Սակայն միջոցառումը դեռ չսկսվածՙ մթնոլորտը փչացավ երեկոյի հենց սկզբից: Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»: Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին, ոմանք դիմակավորված, աջուձախ հայհոյելով եւ «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, եւ շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի...»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել, կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինըՙ Րաֆֆին, Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է եւ բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա: Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ գազազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երեւում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնելՙ հրամայելով իր հետեւորդներին զենքերը նետել, որին հետեւեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկըՙ անչափահաս եւ տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progres» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք: «Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված եւ պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս․ «Մինչեւ ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»: Ովքե՞ր են Գորշ գայլերը Օգոստոսի 17-ին Պերոննայում (Էն) ձերբակալված, իրեն «Գորշ գայլեր» շարժման անդամ համարող 23-ամյա թուրք ծայրահեղական Ահմեդ Չեթինը, կդատապարտվի սեպտեմբերի 17-ինՙ «բռնության կամ ռասայական ատելության հրահրման» համար: Ինստագրամի իր էջում «ֆրանսաթուրք»-ն (Francoturc) այլեւս ակտիվություն չի ցուցաբերում: «Բացակայությանս պատճառը կալանքի տակ գտնվելս է»,- նախազգուշացնում է հաշվի օգտատեր Ահմեդ Չեթինը: Իրականում, 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է օգոստոսի 17-ին Պերոննա քաղաքում (Էն) «բռնություն կամ ռասայական ատելություն հրահրելու» համար, այնուհետեւ տեղափոխվել դատական վերահսկողության վայր: Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանւթյան կոմիտեիՙ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են: «Կասկած չկա, որ Ահմեդ Չեթինի եւ նրա ընկերների նպատակը ցուցարարների վրա հարձակվելն էրՙ հայ համայնքի պատկանելության պատճառով»,- գրել է կոմիտեի փաստաբան Շառլ Կոնսինյին: Ռազմականացված կազմակերպություն Ըստ մեր տեղեկություններիՙ Ֆրանսիայի ամենակատաղի թուրք ծայրահեղականներից մեկինՙ Չեթինին շատերն են ճանաչում։ Նա տարածքային հետախուզության վերահսկողության տակ է: Իրապես, նա իրեն համարում է «Գորշ գայլեր»-ի անդամ, ծայրահեղական կազմակերպություն, որ վերստին առաջին պլանում է այն ժամանակ, երբ Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունը, որի զինյալ թեւն էր, աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Ի աջակցություն ադրբեջանցի եղբայրների» Չեթինը համացանցով մարդկանց էր հավաքագրել այս հակահավաքի համարՙ: «Թող կառավարությունը (խմբագրի նշումը. թուրք) ինձ 2000€ եւ զենք տա, եւ ես կանեմ այն, ինչ պետք է Ֆրանսիայում թե այլուր»,- բացահայտորեն հայտարարել էր նա: Հուլիսի 24-ի ցույցի տեսանյութերից մեկում նա երեւում է մի խումբ տղամարդկանց առջեւ կանգնած, որոնցից շատերըՙ դիմակավորված, ցուցադրում են «Գորշ գայլեր»-ի հանրահավաքի նշանը․ բութը միջնամատին եւ մատնեմատին միացրածՙ որպես գայլի գլուխ, իսկ ցուցնամատն ու ճկույթըՙ որպես ականջներ : «[Գորշ գայլերը] շատ թուրքական միությունների իրենցով են արել: Գիտենք, որ ամենուր են եւ մեզ հետեւում են»: Քրդական համայնքի դեմ բռնությունների վերսկսում Իբրեւ Արեւմտյան Եվրոպայում գործող ռազմականացված կազմակերպություն, «Գորշ գայլերը» որպես այդպիսին չունեն կազմակերպական կառուցվածք սակայն շատ թուրքական միությունների իրենցով են արել»,-մանրամասնում է հայ ակտիվիստը: Գիտենք, որ ամենուր են ու մեզ հետեւում են»: Նույնիսկ Դեսինից առաջ հուլիսի սկզբին, տասնյակ «Գորշ գայլեր» հարձակվեցին Վիեննայի կենտրոնում (Ավստրիա) գտնվող քուրդ ցուցարարների վրաՙ նրանց հասցնելով մեծ վնաս։ Ի դեպ, վերջին տարիներին նրանք կատարել են բազմաթիվ ռասիստական գործողություններ Ֆրանսիայում, որոնք ուղղված են հիմնականում քրդերի դեմ: Բռնությունների այս վերսկսումը հայերը համարում են Թուրքիայի ներքին քաղաքականության անբաժան մասը: «Գորշ գայլերի հավաքը կայացել է Դեսինի Դիթիբ մզկիթի դիմաց»,- նշում է CDCA-ի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Այս մզկիթը, ինչպես անունն է հուշում, Թուրքիայի կրոնական հարցերի նախարարությանը կից երկրպագության վայր է։: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մեր հարցմանը չի պատասխանել: Ահմեդ Չեթինի դատը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ոստիկանական կալանքի տակ գտնվելու ընթացքում նա վկայակոչել է «իր խոսքերը սխալ մեկնաբանելու ի մասին»: |