RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



Տեղադրվել է` 2020-09-04 17:35:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1318, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է, ԱԶԳԱՅԻՆԻՑ ՆԱՀԱՆՋԸՙ ՀԱՆՑԱՆՔ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Եթե ԽՍՀՄ-ի երկաթե վարագույրը մեզ գոնե պաշտպանում էր դրսի աշխարհի տարբեր քայքայիչ ազդեցություններից ու պարտադրանքներից, ապա դրա վերացումից հետո մենք հայտնվեցինք այդ ամենի դեմ որպես տարբեր եղանակներով ներթափանցման «թարմ» դաշտ: Իսկ որպես առանձին պետություն առաջ եկավ նաեւ աշխարհի գործընթացներին համաքայլվելու երեւի բնական օրակարգը: Այսպես տարբեր միջազգային կառույցների անդամակցելուց բխող պարտադրանքով մենք ամեն անգամ մեր Սահմանադրության մեջ փոփոխություններ ենք մտցնում ու ավելացնում, կոնվենցիաներ ենք ընդունում ու այդ ամենի հիման վրաՙ օրենքներ, եւ հետո մեր հանրային կյանքը բնականաբար պետք է հարմարեցվի դրանց: Իսկ այդ կյանքը սկսվում է գաղափարական-բարոյական վերնաշենքից, դրսից թելադրվածի պարագայումՙ եղածի հաճախ խարխլումից ու խեղումից... Իսկ դա, անշուշտ, ցավոտ է լինում ու այս ամենին շարունակաբար այսպես անզգույշ-անվերապահ տրվելու դեպքում կարող է նաեւ ճակատագրական լինել:

Նման հարցերում քիչ դեր չունի նաեւ դրամի, դրսի փողի՛ հզոր գործոնը, որը հատկապես տնտեսական դժվարություններ ունեցող մեր երկրում այսքան տարի ինչ ասես որ չի արել, թելադրել ինչպես պետական-կառավարական, այնպես էլ, գուցե ավելի շատ, անհատական ու խմբային մակարդակներում: Երբեմն հասնելով անգամ տխուր զավեշտի, երբ, օրինակ, գլխավոր հովանավորչարարներին միջազգային կամ նման կառույցներից ֆինանսներ էին տրամադրում նույն այդ հովանավորչության դեմ պայքարելու համար:

Այդ դրսի փողերը, մերի համեմատ լավ վարձատրությունը մեր անկախության առաջին ամենադժվար տարիներից սկսած (երբ հայաստանցին օրվա անգամ ցամաք հացի սուր խնդիրն ուներ) ձեւավորեցին այսօր մեր կյանքում ու ենթադրաբար արդեն նաեւ պետական կյանքում ոչ աննկատ դերակատարում ունեցող, քաղաքացիական հասարակություն կոչվող հկ-ական խավն ու հկ-ական մտածողությունը... Ներառյալ նաեւ այսպես կոչված գրանտակերականը: Այս բավական տարածում գտած մտածողությունը կրողների մի մասը այսօր կարող է լինել համարյա ամեն թելադրանքի հլու կատարող կամ արդեն առանց թելադրանքի էլ «հարմար» ուղղությամբ գործընթացի մաս կազմել:

Սրան ավելացնենք նաեւ տարբեր նման շրջանակներում արմատացած ազգային անլիարժեքության հիվանդագին ու վտանգավոր բարդույթը: Մեր ունեցածի արժեքն ու կարեւորությունը ավելի ու ավելի հաճախ չի գիտակցվում, գնահատվում, եւ խնդիրներ լուծող շատերի մեջ էլ ձեւավորվել է տգիտությունից ծնված մի մտայնություն, թե այն ամենը ինչը մերն էՙ լավը չէ, հին է, իսկ այ, ինչը դրսից էՙ դա է լավն ու առաջադիմականը: Եվ ավերմունքը պատրաստ է...

Թվում է, ավել կամ պակաս չափով հիմնականում այս գործոնների ծնունդ են նաեւ կրթական ոլորտում ԿԳՄՍ նախարարության ասպարեզ նետած հեղափոխական փոփոխությունների նախագծերը, որոնք հատկապես սպառնում են հայագիտական առարկաներին ու միանգամայն պատճառաբանված մեծ հուզում են առաջացրել: Այդ փաստաթղթերի բովանդակությունն արդեն բավական մանրամասն քննադատվել ու վերլուծվել է, այժմ փորձագիտական խմբերը դրանց հետագա վերամշակման ժամանակ ունեն: Բայց խնդիրը, կարծում ենք, բխում է նաեւ այդ չափորոշիչների, ծրագրերի մշակման եւ նախագծերի քննարկման բուն գործընթացից: Նրանից, թե նախարարությունն այդ ամենը ինչպես է կազմակերպել եւ դրանց ինչպես է վերաբերվում:

Արտաքուստ կարծես թե արվել է նման գործընթացների համար անհրաժեշտը: Փաստաթղթերը մշակող փորձագետներն ընտրվել են բաց մրցույթով, ապահովվել է նաեւ շարադրված նոր նախագծերի իրենց ասելով ծավալուն քննարկում ուսուցիչների հետ: Բայց որքան հասցրել ենք հասկանալ, ազգային եւ մասնագիտական առումով ամենապատասխանատու այս գործընթացում հենց սկզբից նախ տարօրինակ կերպով անտեսվել, արհամարհվել է հանրապետության համապատասխան ոլորտի առաջատար ակադեմիական (սա էլ իր վտանգավոր հեռահար ուղերձն ունի...) եւ բուհական հաստատությունների, օղակների, դրանց հեղինակավոր մասնագետների դերը: Եթե նախկինում խնդիր է եղել գործող ուսուցիչների գուցե քիչ ընդգրկվածությունը, ապա այստեղ ընդհակառակը, ամեն ինչ կարծես թե թողնվել է միայն ուսուցիչների ու որոշ փորձագետների ուսերին: Որոնց էլ իրենք ընտրել ենՙ ելնելով իրենց տված առաջադրանքի բնույթից: Իսկ եթե ճիշտ է, որ առարկայական խմբերից մեկի նույնիսկ ոչ թե անդամ, այլ ղեկավար է կարգվել նախկինում Հայոց պատմության դասավանդման եղանակը թուրքերի հետ քննարկած ու գիրք գրած մեկը, սա արդեն ավելի քան շատ բան է ասում այդ առաջադրանքի բնույթի եւ «ուժեղ Հայաստանի ռազմավարության» պատկերացման մասին:

Հանրակրթության պետական չափորոշչի եւ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի կարծես թե ուրիշներից թարգմանված նախագծերը նախարարությունն ըստ ամենայնի նույնիսկ կարծիքի ու քննարկման չի ուղարկել նշված մասնագիտական հաստատություններին ու օղակներին, իսկ նրանց եւ տարբեր հայտնի մասնագետների հրապարակային կամ պաշտոնական քննադատություններն ու կարծիքները շարունակում է որակել ընդամենը որպես... աղմուկ: Սա ի՞նչ անընդունելի գործելաոճ է:

Այս վերջին հարցում առաջատարն, իհարկե, նախարարն է: Հանրային հեռուստատեսությամբ իր հարցազրույցներում նա կամ իր ընտրած աշխատողներից մեկը գոնե մի անգամ չասացին, թե այ, այս մի քննադատությունն ընդունում ենք եւ հետագա վերամշակման ժամանակ կքննարկենք: Փոխարենը, ըստ իրենց, քննադատողներից մեկը, մյուսը այսինչ կուսակցությունից են, այս հեղինակավոր մասնագետը ստախոս է կամ դասագրքերի հեղինակ ու պարզապես շահագրգռված անձ է, մեկ ուրիշը «մանիպուլյացիա» է անում, այն մյուսներն էլ ընդամենը պատմության կեղծարարներ են... Հարցազրուցավարի այն «անմեղ» հարցին թեՙ ձեզ մեղադրում են, որ ծրագրից հանում եք մեր Մաշտոցին, Նարեկացուն, Սայաթ-Նովային, Արայիկ Հարությունյանը պատասխանում է. «Մեզ ավելի մեծ մեղք են վերագրում, ասում ենՙ հայ գրականություն անվանումից հանում եք հայ-ը» (իբր չեն հանում): Եվ որպես իր իսկ բնորոշմամբ այդ կարեւոր հետազոտական եւ բուհական կենտրոններից հնչող «ստի ու կեղծիքի» արտահայտություն, ցույց է տալիս 7-9-րդ դասարանների գրականության դասագրքերի կազմերի լուսանկարները, թե տեսեք, մենք չենք հայ բառը հանողը, դրանք հենց «Գրականություն» են կոչվում, հեղինակն էլ (նայում-կարդում է, իբր անծանոթ մեկն է)ՙ Դավիթ Գասպարյան: Նախարարին ցույց տվեք 10-12-րդ դասարանների «Հայ գրականություն» գործող դասագրքերը, կողքը դրեք իրենց իսկՙ նախարարության կայքում օգոստոսի 14-ին հրապարակված իրազեկմամբ նախատեսվողըՙ «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) եւ հարցրեքՙ ո՞վ է տվյալ դեպքում «մանիպուլյացիա» անում ու մեղադրելով ուրիշինՙ այստեղ ո՞ւմ է ինքն ուզում մոլորության մեջ գցել... Հընթացս նաեւ ստվերել այդ կարեւոր հետազոտական ու բուհական կենտրոնների, նրանց հավաքական կարծիքի իրական (եւ ըստ ամենայնի ոմանց համար անհասանելի) արժեքը:

Դասագրքի անվանումը հեղինակը չի որոշում, իսկ այս պահին ձեռքիս եղած 9-րդ դասարանի դասագիրքն իր բովանդակությամբ գեղեցիկ ու համակող հայ գրականություն է, հեղինակն այդ է գրել, ու միայն մեր «Սասնա ծռերից» հետո տրված է համառոտ պատկերացում եւ փոքրիկ հատված հոմերոսյան «Ոդիսական» հունական դյուցազներգությունից եւ գրքի վերջումՙ Շեքսպիրին ու նրա «Համլետ» ողբերգությունը ներկայացնող մի բաժին: Եվ եթե հենց Դավիթ Գասպարյանի նման գրականագետ հեղինակի գիտելիքն ու կարծիքն Արայիկ Հարությունյանին պետք չեն, ապա մեզ, մեր դպրոցին, կարծում ենք, դեռ շատ են պետք: Որովհետեւ նման մասնագետը, նաեւ, երբեք դպրոցի դասագիրք չի մտցնի նոր ասպարեզ եկած ու դեռ ժամանակի քննությունը չբռնած որեւէ գրողի, էլ չենք ասումՙ ինչ-որ անընդունելի թեմաներ, չնայած նախարարի դատողությանը, թե «ժամանակը պետք է ցույց տաՙ արդյո՞ք արժեքավոր են էդ նյութերը եւ էդ ստեղծագործությունները եւ արդյո՞ք էդ հեղինակները արժանի են հետագայում էլ դասագրքերում տեղ ունենալու»: Եղա՞վ...

Բայց իրենք, հասկանու՞մ եք, «պրոյեկտային» ու «ինտեգրված» ուսուցում են անում, վերապատրաստման «մոդուլներ» են մշակում, իրենք կարծել էին, որ Հայոց եկեղեցու պատմության հետ կապված «կոնցեպտը» հասցրել են որոշ շրջանակների: Ու հիմա ապագայի համար «պռոյեկտում են» ու ցույց են տալու, թե որ «որակներն» (փոխանակՙ հատկանիշներն) են մեզ անհրաժեշտ ապագայումՙ «համակեցության կանոններով ապրող հասարակություն (...)» ունենալու համար: Ու իրենք պարրբերաբար առցանց հանդիպումներ են անցկացրել «թիրախ» խմբերի հետ: Իրոք որ թիրախ...

Ու մեկ էլՙ թեկուզ որոշակի քաղաքական ուժի հասցեին ասված, բայց ընդհանուր մարտահրավերի պես հնչող համառ մի պնդում. «Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ ձեր աղմուկից»: Ուրեմն ինչո՞ւ եք ձեւական քննարկում անում կամ ընդհանրապես անունը դնում քննարկում:

Անշուշտ, այս ընթացքում եղան նաեւ որոշ ուժերի կողմից շահարկումներ, եւ այս իմաստով կարելի է նախարարին էլ հասկանալ: Բայց ընդհանուր առմամբ նույնիսկ նախարարության կամքից անկախ բավական բովանդակալից ընդհանուր շահագրգիռ քննարկում ստացվեց դպրոցի հայագիտական առարկաների ուսուցման առանցքային խնդիրների վերաբերյալ: Կրթության լիազոր մարմինը գուցե չուզենա հաշվի նստել տարբեր հեղինակավոր մասնագետների գնահատականների ու կարծիքների հետ, ինչն ինքնին առնվազն լավ չէ: Սակայն քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց պաշտոնական դիրքորոշումներն ու բավական մանրամասն, հիմնավոր վերլուծությունները, առաջարկություններն են ներկայացրել նաեւ այնպիսի հաստատություններ, օղակներ, ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտները, Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնը, հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ հին եւ միջնադարյան գրականության ամբիոնը, Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի եւ հայ գրականության ամբիոնը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Բեյրութի կենտրոնական վարչությունը... Այ այս կարծիքներն ու առաջարկությունները չլսելու իրավունք նախարարությունը չունի:

Հասկանալի է, որ ժամանակն իր պահանջներն է առաջադրում: Բայց հեղափոխական ցնցումները դպրոցին հակացուցված են, համաշխարհայնացման ազգակործան հովերին անվերապահ տրվելըՙ հանցանք:

Դպրոցի իրական ռեֆո՞րմ եք ուզում. վերացրեք վերջին տարիների ձեւական ու կապկող նեյնիմ-նեյնիմները: Անվերջանալի փորձարարություններից շնչասպառ հանրակրթությունը նորից դարձրեք տասնամյա, ուսուցչի դրույքաչափըՙ էլի 18 ժամ, արժանապատիվ վարձատրությամբ: Եվ կարողացեք դպրոցը դեռ հասցնել նախկին որակական մակարդակին (որ հիմք լինի), հետո առաջ գնացեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ