ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՈՒՄՙ ՀԱՄԱՐ 168 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքար: Վրեժ Ավետիսյան, Սեյրան Պետրոսյան, Գրիգոր Գրիգորյան, Արայիկ Տիգրանյան, Հովհաննես Պողոսյան, Հարություն Շահնազարյան. նրանք դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն են, մի քանիսը այն հազարավոր քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու հավատին: Հայերնասիրություն խորհրդանշող այս անուններն այսուհետ ոսկե տառերով պիտի գրվեն Հայոց Հայրապետի անունը կրող դպրոցի պատմության մեջ: Հուշաքարի տեղադրման գաղափարը Հովհաննես Պողոսյանի դասընկերներինն էր եւ դպրոցի տնօրենությանըՙ կրթօջախի տարբեր սերունդների սրտերում հավերժացնելու նահատակների հերոսական անունները: Նրանց անավարտ թռիչքը ապրողների համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու հավերժական խոստում: Հուշաքարի բացմանը ներկա էին հերոսների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ, Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ: Դպրոցի բակն կրկին բազմամարդ է, բակում յուրատեսակ դաս է. բացականեր կան: Հենց այդ բացականերն էլ այսօր կանցկացնեն դասըՙ իրական դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել հայրենիքըՙ սիրել սեփական անձից առավել: Ուսուցիչները լուռ են. նրանք էլ չգիտեն, թե որտեղ է ավարտվելու աշակերտներին կորցնելու վշտի ու նրանց հերոս նահատակ գիտակցելու սահմանը: Բայց մի բան հաստատ էՙ նրանք թաց աչքերում հպարտության զգացում կա. հայրենասիրության իրենց տված դասը տղաները լավ են սերտել: Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանի կարծիքովՙ նրանք այն տղաներն են, որ բարձր պահեցին ոչ միայն հայրենիքի, այլեւ դպրոցի պատիվը: «Այդ գաղափարի հանդեպ մեծ հավատով նահատակվեցինՙ սեփական արյունով ներկելով հայոց արնահունց հողը, այդ արյունով գծելով հայրենի երկրի սահմանները: Եվ մենքՙ ապրողներս, պետք է գիտակցենք, որ այստեղՙ Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա, մեր անելիքը մեծ է, պետք է շարունակենք մեր առյուծ որդիների կիսատ թողած գործը, իրականություն դարձնենք նոր եւ հզոր Հայաստան կերտելու նրանց մարմաջը»-նշեց դպրոցի տնօրենը: Որպես երկարամյա մանկավարժՙ նա վստահեցրեցՙ նոր սերունդը վաղը կլինի առավել կազմակերպված, հաղթաշունչ, չարիքը դիմագրավելու պատրաստ եւ կարող հայություն: Նա լիահույս է, որ այդ նոր սերունդը մեր հավիտենական թշնամու դեմ պայքարում ոչ թե անզոր ճիչեր կարձակի, ոչ թե կթմբկահարի գալիք վտանգի մասին, այլ ժամանակին կանի ամեն ինչՙ չեզոքացնելով վտանգը: Դպրոցի բակում իսկական դաս է, հայրենասիրության, միասնության. հուշաքարը տղաների յուրատեսակ ներկայությունն է, որ գալիք սերունդներին ստիպում է անսալՙ հայությունը ճակատագրորեն պետք է հարկադրված լինի հիշելու պատերազմի գործին ծառայող գիտությունների մասին եւ պատրաստվի հաղթանակի բերկրալի ժամին: Նրանց սխրանքն ուղղակի հիշեցում էՙ անմիաբան ու անհամերաշխ ժողովուրդը միայն պատրաստի զոհ է իր հարեւանների համար.պետք է լինել միաշունչ, միակամ հայություն: Ի դեպ, դպրոցի բակում 6 հերոսների անուններով խորհրդանշական եղեւնիներ տնկվեցին: Մշտադալար եղեւնիները կխորհրդանշեն նրանց մշտարթուն ներկայությունն ու կրթօջախի տարբեր սերունդներին կզինեն նույն ոգով ու խիզախությամբ, կամքով ու արիությամբ, որ ունեին իրենքՙ ընտրյալները, լավագույնները: «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն». Վազգեն Առաջինի այս խոր իմաստությամբ են նրա անունը կրող դպրոցում առաջնորդվում ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշակերտները: |