RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-21 22:41:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1217, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է. «ՄՈՐԱՎՅԱՆ ԱՇՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՓԱԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՓԱՌԱՀԵՂ ԵԼՈՒՅԹՈՎ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, «Օրեր» ամսագրի խմբագիր

Հաջորդ տարի կհնչի Տիգրան Մանսուրյանի նոր պրեմիերանՙ գրված հատուկ Բռնո ֆիլհարմոնիկի համար

Հայաստանը երաժշտական գերտերություն է, եւ դրա համար ենք մենք ցանկացել «Մորավյան աշուն» երաժշտական 51-րդ փառատոնում անցկացնել Հայկական օրեր: Այս մասին հայտնեց փառատոնի գլխավոր կազմակերպիչ, Բռնոյի ֆիլհարմոնիայի տնօրեն Մարիե Կուչերովան : Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ներկա իշխանությունները փակել են մշակույթի նախարարությունը, օտարները հայկական մշակույթն ու երաժշտական ժառանգությունը համարում են Հայաստանի գլխավոր այցեքարտը:

Դրա եւս մեկ վկայությունն էր հոկտեմբերի 17-ին Բռնո քաղաքում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի անմոռանալի ելույթըՙ մաեստրո Էդուարդ Թոփչյանի փայլուն ղեկավարությամբ: Դեռեւս մեկ շաբաթ առաջ փառատոնի շրջանակներում ելույթ էր ունեցել նաեւ «Նաղաշ» անսամբլը եւ ցուցադրվել էր հայ երաժշտությանը նվիրված ֆիլմ, հնչել էր ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտությունը:

Փառատոնի փակման ծրագիրը առաջարկվել էր կազմակերպիչների կողմիցՙ Մանսուրյան, Տերտերյան, Խաչատրյան: Համերգային ծրագրի առաջին մասում հնչեց Տիգրան Մանսուրյանի ալտի առաջին կոնցերտից «...and then I was in time again» հատվածը, որը նվագախմբի լարային բաժնի երաժիշտների հետ վարպետորեն կատարեց հայտնի ալտահար Լուկա Ռանիերին : Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան Հայաստանի ֆիլհարմոնիկը կատարեց ազդեցիկ եւ ստիպեց այդ դժվարամարս ստեղծագործությունը ունկնդրել մինչեւ վերջՙ քար լռության պայմաններում: Երկրորդ մասում հայ երաժիշտները Մաեստրո Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ կարողացան ցույց տալ խաչատրյանական Երկրորդ սիմֆոնիայի ողջ հզորությունն ու հայկական դասական երաժշտության հմայքը: Դահլիճը հոտընկայս ծափահարեց հայկական նվագախմբին, որին ի պատասխան Էդուարդ Թոփչյանը իբրեւ անակնկալ բեմ հրավիրեց Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ կատարողներ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին եւ տենոր Տիգրան Հակոբյանին , որոնք կատարեցին Դվորժակի Ջրահարսի եւ Մասկանիի Տուրիդայի դերերգերից արիաներ:

Մարիե Կուչերովան մեզ հետ զրույցում հայտնեց, որ շատ ուրախ էր փառատոնի հայկական ուղղության համար, եւ քանի որ «Մորավյան աշունը» հայտնի է իբրեւ բարդ փառատոն, նաեւ հայ կոմպոզիտորների գործերը ընտրվել էին այդ չափանիշով եւ իրենց հաջողվեց ներկայացնել հայկական երաժշտությունն իր բոլոր գույներով: Նրա կարծիքով, թե՛ «Նաղաշի» ներկայացրած ֆոլկ երաժշտությունը, թե գերմանական ֆիլմըՙ ժամանակակից հայ երաժշտության մասին, ակուստիկ ձայնագրությունը եւ Ալան Հովհաննեսի գործի կատարումը շատ հետաքրքրական էին: Իսկ գագաթնակետը Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթն էր: «Մենք ոչ թե հանրամատեչելի, այլ բարդ փառատոն ենք, եւ մեր հանդիսատեսը սովոր է ունկնդրել բարդ գործեր եւ գալիս է հատուկ նման գործեր լսելու համար: Այս ստեղծագործությունները ոչ ոք չէր լսել եւ բոլորը պրեմիերա էին Բռնոյի երաժշտասեր հանդիսատեսի համար: Բայց մեր հանդիսատեսը բաց է եւ դրա վկայությունն էին նաեւ բուռն ծափահարությունները: Երբ մենք հայտարարեցինք, որ Հայաստանը ներկայացվելու է այս փառատոնին, բոլորը մեծ հետաքրքրությամբ սպասում էին»,- ասաց նա:

Փառատոնի դրամատուրգ Վիտեժսլավ Միկեշի կարծիքով, հայկական օրերը կարելի է հաջողված համարել, եւ ինքը շատ ուրախ է, քանի որ ներկայացրել են հայկական երաժշտության բազմաժանրությունը, ոչ միայն դասականն ու ֆոլկլորը, այլեւ ֆիլմերի միջոցով նաեւ այլ ուղղությունները: Հաջորդ տարի ամռանը կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի նոր ստեղածագործությունը, որն անվանի կոմպոզիտորը գրում է հատուկ Բռնոյի ֆիլհարմոնիայի համար: «Ես հայկական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ, եւ այսօր էլ հանդիսատեսը ապացուցեց, որ սա ոչ թե քաղաքական ինչ-որ ակցիա է, այլ հայկական երաժշտության խորությունը զգալու պահանջ»,- ասաց նա:

Հայաստանի ֆիլհարմոնիկը 15 տարի առաջ արդեն ելույթ էր ունեցել այս փառատոնում:

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասելով.«Այստեղ նվագելը մեծ պատասխանատվություն է, քանի որ ունկնդիրը շատ բանիմաց է: Ծրագիրը ընտրվել էր փառատոնի կողմիցՙ ծանր հայկական ծրագիր էր: Խաչատրյանի Երկորդ սիմֆոնիան ոչ միայն փառահեղ ստեղծագործություն է, այլեւ դոկումենտ է մեր ժողովրդի համար, համաշխարհային լեզվով մարդկանց հետ խոսելու համար: Իհարկե, իմ տարիների երազանքն էր, որ մեր նվագախումբը լինի համաշխարհային բարձր մակարդակի նվագախումբ, եւ կարող եմ ասել, որ վերջին հինգ տարիներին այն բավականին աճել է: Այդ ուղղությամբ աշխատում ենք, չեմ ուզում ես ինքս մեզ գնահատական տալ, բայց այդ ճանապարհին հաջողություններ ունենք»:

Փառատոնային վերջին օրվա համերգին իբրեւ ունկնդիր ներկա էր համաշխարհային օպերային աստղ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը , որը սիրով կիսեց իր տպավորությունները. «Այս համերգը շատ մեծ լույս էր այս մղձավանջի մեջ: Եվ հատկապես ծրագիրըՙ Մանսուրյան, Տերտերյան, Խաչատրյանՙ հույս է տալիս, որ դեռ մենք կանք, լինելու ենք: Իհարկե, շատ հարցեր են նաեւ առաջանում: Մենք այսօ՛ր չունեցանք այս արվեստը, այս երաժշտությունը, այս մշակույթը: Հիմա մեզ այնքան են խեղճացրել ամեն ձեւով, որ ստիպված կառչում ենք այս փրփուրներից: Իհարկե, շատ-շատ տպավորված եմ ունկնդրի արձագանքից: Այդպիսի լուռ դահլիճՙ միակ բանը, որ այժմ Հայաստանում կարոտում եմ, Եվրոպայի լուռ դահլիճներն են»:

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը , որի հովանու ներքո անցկացվեցին Հայկական օրերը, շատ բարձր է գնահատում «Մորավյան աշուն» փառատոնի անցկացումը: Դեսպանը մի անգամ եւս հիշեցրեց, որ փառատոնի կազմակերպիչները հայկական օրերի անցկացումը համարում են նաեւ համերաշխության դրսեւորում առ Հայաստան: Թե՛ նախորդ օրերի կատարումները, եւ թե՛ այսօրվա ֆիլհարմոնիկի փառահեղ ելույթը նման էր մի հրաշքի, որին մենք ականատես եղանք»,-եզրափակեց դեսպանը:

Ի դեպ, հայ անվանի երաժիշտների ելույթներն այդպիսով չավարտվեցին: Հաջորդ օրը Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում Բրամսի ջութակի կոնցերտի կատարմամբ անկրկնելի ելույթ ունեցավ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը , իսկ հոկտեմբերի 23-ին Պրահայի կոնսերվատորիայի դահլիճում ելույթ կունենա հայտնի ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը : Դրանց նախորդել էր անվանի հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթը Պրահայում, եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ելույթը «Դվորժակի Պրահա» փառատոնում:

Մեկ ամիս շարունակ հայ անվանի երաժիշտները իրենց հայկական շքեղ գույներն ավելացրեցին երաժշտական Չեխիայի ներկապնակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ