ՀԱՅԵՐԵՆԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԻՆԵՍԱ ԹՈՒՄԱՍՅԱՆՑ, Բուխարեստ Վենետիկը ջրով է պարուրված: Նրա կամուրջները տարբեր կողմերն իրար միացնողՙ մարդկանց սրտեր են կապում, հոգիներն երազով լցնում: Դու սիրահարվում ես քաղաքին ու մոլորվում նրա փողոցներում: Գեղեցկությունըՙ բաց աչքերով գնահատում, իսկ աչքերդ փակՙ նրա սերը գողանում: Հեքիաթային քաղաք... Քայլում եսՙ հասկանալով, որ առաջինը չես եւ ոչ էլ վերջինը: Ժամանակը Վենետիկի գրկում է հանգիստն իր գտնում ու մի պահ կանգնում, հենց այդ պահին ջրի վրա մարգարիտներն են հայտնվում, ժպտում ու անհետանում: Այս ամենն այլ երանգ է ստանում, ավելի արժեքավոր է դառնում, երբ ծփացող ջրի հետ, կողքի շենքում ծփում է նույնքան պատմություն եւ գեղեցկություն ունեցող մեր հայերեն լեզուն: Ինչպես նշեց Գերապայծառ Լեւոն Զեքիյանը , երբ ամեն լեզու իր երգն ունի, իր հնչողությունն ու գեղեցկությունը, լեզուն նկարագրող միայն իրեն հատուկ բառերըՙ հմայիչ է... Իհարկե, այս ամենն այդքան սքանչելի էՙ շնորհիվ մեր դասընթացի եւ թանկագին ուսուցիչների: Վենետիկի «Պո-Արաքս» մշակութային ընկերակցությունը, որը հիմնել է գերապայծառ Լեւոն Զեքիյանը, Վենետիկի «Studium Marcianum» հաստատության հետ գործակցաբար, ամեն տարի կազմակերպում է Հայ Լեզվի եւ Մշակույթի ամառային խտացված դասընթացՙ սկսած 1986 թվականից: Մասնակցելով դասընթացինՙ ես հասկացա, թե ինչ ահռելի աշխատանք են կատարում ուսուցիչները: Այս տարի, համաճարակի պատճառով, աշակերտների թիվն ավելի քիչ էր: Դպրոցն ունի չորս մակարդակ, առաջին մակարդակի աշակերտներն արդեն մի շաբաթ հետո գիտեին այբուբենը, գրում եւ կարդում էին: Զարմացա, երբ իմացա, որ չորրորդ մակարդակում աշակերտները սովորում են նաեւ գրաբար, որը նրանց դասավանդում է Լեւոն սրբազանը: Զարմացա, քանի որ անգամ Հայաստանի պետական դպրոցների ծրագրում այն բացակայում է: Ըստ իս, ամեն հայի համար կարեւոր է գիտակցել, թե նա իր մեջ ինչպիսի՛ ուժ է կրում եւ ի՛նչ ազգից է սերում. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամՙ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է...» (Ջորջ Բայրոն): Պարոն Տորքի (Տորք Դալալյան) դասերը հետաքրքրական էին, լի քերականությամբ, ուղղագրությամբ, երբեմնՙ փակագծեր բացելով դեպի գրաբարը: Նրա դասընթացներին երրորդ խումբը սովորեց նաեւ Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունը, որը ներկայացրեց ուրախ երեկոներից մեկի ժամանակ: Պարոն Ավետիսի (Ավետիս Հաճյան) հետ հասկացանք, թե իրականում ինչպե՛ս պետք է գրվեն լրագրային հոդվածները, ինչպե՛ս է աշխատում լրատվական համակարգըՙ մամուլը, ի՞նչ է կամ ինչե՞ր են լինում թաքնված նյութերի ետեւում: Փորձեցինք նաեւ մենք ինքներս տեղեկություններ հավաքել, խմբագրել եւ կազմել հոդված: Այս ամենից հետո մեզ օգնում էին Պարոն Արծվիի (Արծվի Բախչինյան) դասընթացները, որոնց ընթացքում երգում էինք, ընթերցում բանաստեղծություններ, խոսում հայկական ֆիլմերից եւ արվեստից: Երգերը երգում էինք նաեւ ուրախ երեկոներին: Ի զարմանս բոլորիՙ Պարոն Արծվին երգեց նաեւ ճապոներեն եւ գնչուերեն: Շատ անսպասելի ու հաճելի էր լինում, երբ դասընթացի ժամանակ լսվում էր Տիկին Ռոզիի (Ռոզին Թաշճյան) հիասքանչ ձայնը, որը երգում էր առաջին մակարդակի ուսանողների հետ: Այդ պահին նրա դյութիչ ձայնով էին լցվում միջանցքներն ու դասասենյակները: Պարոն Րաֆֆիի (Րաֆֆի Սեթյան) դասընթացներին առաջին երեք մակարդակների ուսանողները հավաքվում էին մեկ դասասենյակում: Նա պատմում էր Հայաստանիՙ հազարամյակներ ունեցող պատմությունը անգլերեն լեզվով: Պարոն Րաֆֆին ամեն անգամ շատ զգուշորեն ընտրում էր այնպիսի բառեր, որոնք հասկանալի կլինեն բոլորին: Նա նաեւ զարմանալի վարպետությամբ, ընդամենը երկու շաբաթում, կարողացավ ներկայացնել հայ ազգի պատմությունն ամբողջությամբ: Ուսուցիչներից չեմ կարող չնշել նաեւ Տիկին Սոսիին (Սոսի Սուսանյան) ՙ հրաշալի մի կին: Նրա դասընթացներին, ցավոք սրտի, չեմ մասնակցել, սակայն ունեցել եմ բազմաթիվ հաճելի զրույցներ նրա հետ: Առավոտյան դասընթացներից բացի ունենում էինք նաեւ երեկոյան դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ, ուրախ երեկոներ: Ֆիլմերը, որոնք ընտրում էր Պարոն Արծվին, դուր էին գալիս բոլորին: Դրանք բովանդակալից էին, հաճելի ու տպավորիչ: Դիտել ենք «Մշո գեղեն» անիմացիան եւ «Ցորյանի ծովեր» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերը: Պարոն Ավետիսը իր դասախոսության ժամանակ մեզ ներկայացրեց իր «Գաղտնի Ազգը. Թուրքիայի ծպտյալ հայերը» գիրքը: Այն կարելի էր ձեռք բերել Ս.Ղազար կղզու փոքրիկ խանութում: Հենց այդտեղից էլ գնեց Տիգրանըՙ Ռումինիայի խմբի ուսանողներից մեկը, որի գրքի մեջ էլ մեծ սիրով Պարոն Ավետիսը իր ինքնագիրը թողեց: Դասախոսեց նաեւ Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը , որը մի քանի օրով այցի էր եկել Վենետիկ: Նա խոսեց Ռումինիայի հայերի մասին, ինչպես է ձեւավորվել հայկական համայնքը, ինչպես են կառուցվել հայկական եկեղեցիները եւ թե ինչ պատմություն ունեն դրանք: Օգոստոսի 8-ին Հայր Լեւոնի գլխավորությամբ մատուցվեց պատարագ Սուրբ Խաչ Հայոց եկեղեցում, որը գտնվում է Վենետիկի սրտումՙ Սան Մարկո գլխավոր հրապարակից ոչ հեռու: Եկեղեցին սկսել են կառուցել դեռ 1500 թվականին: Օգոստոսի 15-ին Ս. Ղազար կղզու հայկական եկեղեցում նշեցինք Խաղողօրհնեքը: Այդ նույն եկեղեցում կատարվեց նաեւ փոքրիկ շվեյցարահայ Ազատ-Տիգրան-Արթուրի մկրտությունը, որին մեծ սիրով մասնակից եղանք նաեւ մենք: Փոքրիկի ծնողներըՙ հայ հայրը եւ ֆրանսուհի մայրը, արդեն երրորդ անգամ էին մասնակցում դասընթացին: Իհարկե, այցելեցինք նաեւ Մխիթարյանների թանգարանը, որը հարուստ է ձեռագիր մատյաններով, պատին էին նաեւ Հ. Այվազովսկու կտավներից մի քանիսը, տարբեր նվերներ տարբեր իշխանների կողմից: Թվում էր, թե անգամ կղզու քարերն են հայերեն եւ բնությունը նույնպես շնչում է հայերեն: Ռումինիայի խումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում կազմակերպիչներինՙ ի դեմս Գերապայծառ Հայր Լեւոնի, բոլոր ուսուցիչներին, մասնակիցներինՙ նման հիանալի նախաձեռնության, կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն նաեւ Ռումինիայի Հայոց միությանըՙ Վարուժան Ոսկանյանի գլխավորությամբ, նման հնարավորություն ընձեռելու համար: Մենք բոլորս վերադարձանք նոր գիտելիքների մեծ պաշարով եւ, իհարկե, անմոռանալի հիշողություններով: |