RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2270, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՎՈՐ ԱՐՍԵՆԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ տվեց նոր հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով, մինչեւ վերջին շունչը մարտնչեցին քանակապես եւ տեխնիկապես գերազանցող թշնամու դեմ, պատճառելով նրան մեծ կորուստներ: Անկախ պատերազմի արդյունքից, հայ զինվորը հերթական անգամ ցույց տվեց իր անկոտրում կամքը եւ բարձր մարտական ոգին: Հերոսների մասին խոսվելու է հավերժ: Նրանք իրենց անունները, ոսկե տառերով գրեցին հայոց պատմության էջերին: 18-ից 20 տարեկան տղաները իրենց սխրանքներով, զարմացրեցին ողջ աշխարհին:

Մերօրյա անմահացած հերոսներից է նաեւ Արսեն Խեչոյանը , ով պատերազմի թեժ օրերին մարտնչում էր Մատաղիսում: Հենց տեղի զորամասում էր իր ծառայությունն անցկացնում Արսենը, ով արդեն մեկ տարվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը:

Հոկտեմբերի 21-ին Արսենը կդառնար 20 տարեկան: Ցավոքՙ պատերազմն անավարտ թողեց Արսենի գեղեցիկ եւ լուսավոր կյանքը, անկատար թողնելով նրա բոլոր նպատակներն ու երազանքները: 19-ամյա երիտասարդը դարձավ հավերժի ճամփորդ, հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերելով ամենաթանկը` կյանքը:

Արսենն ուներ ֆիզիակական լուրջ տվյալներ, զբաղվում էր ըմբշամարտով, բնավորությամբ էլ` համեստ էր եւ համբերատար: Ահա այսպես է Արսենին հիշում նրա քույրը` Տաթեւ Խեչոյանը. «Արսենը ծնվել է Երեւանում, փոքրուց զբաղվել է սպորտով, հաճախել է Ա. Ազարյանի անվան մարզադպրոցը, այնուհետեւ Հ. Շահինյանի անվան մարզադպրոցը: Սովորել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, զբաղվել է նաեւ դասական ըմբշամարտով: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարան, ապա զորակոչվել է բանակ: Արսենը լուսավոր, ժպտերես, պարզ, անկեղծ, զուսպ, շատ սուր ու յուրահատուկ հումորով տղա էր: Ուժեղ էր ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, բայց իր ուժի հետ միասին շատ համեստ ու համբերատար էր, լի էր կյանքով, երազանքներով ու նպատակներով: Շատ սիրված ու հարգված էր, սիրում էր օգնել բոլորին ինչպես կարող էր: Առանձնանում էր իր բարի ու ջերմ ժպիտով, յուրաքանչյուր հարցի մոտենում էր շատ նրբանկատորեն, իր սիրելի մարդկանց համար պատրաստ էր ամեն ինչի, երբեք չէր տրտնջում եւ երբեք չէր մերժում, երբ իրենից ինչ-որ բան էին խնդրում: Նա մեր ընտանիքի հպարտությունն էր, մեր ուժն ու թիկունքը: Արսենը լավ որդի էր, հիանալի եղբայր, հավատարիմ ընկեր եւ հայրենասեր զինվոր, իսկ հիմաՙ մեր լույսն ու հրեշտակն է»:

Արսենը եղել է օրինակելի եւ բանիմաց սերժանտ, կարգապահ եւ աչալուրջ դիրքի ավագ: Վերջինիս դիրքը մշտապես լավագույններից է համարվել առաջնագծում իր պատրաստվածությամբ: Սա ընդգծում է Արսենի յուրահատուկ վերաբերմունքը` ծառայությանը: Իր խիզախության եւ միեւնույն ժամանակ բարձր մարդկային հատկանիշների շնորհիվ, նա մեծ հարգանք եւ վստահություն էր վայելում ոչ միայն ծառայակից ընկերների, այլեւ հրամանատարների կողմից:

«Արսենը վեց ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, այնուհետեւ տեղափոխվել Արցախի Մատաղիսի զորամաս, եղել է ջոկի հրամանատար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ: Արսենը իր պարտքն էր համարում ծառայել բանակին:

Պատերազմի թեժ օրերին մեծ է եղել Արսենի վրա դրված պատասխանատվությունը, ինչը նա պատվով է հաղթահարել: Նա իր զինվորական գիտելիքների ու հմտությունների, ուժեղ ֆիզիակական տվյալների շնորհիվ կարողացել է կատարել իրեն հանձնարաված հատուկ հանձնարարությունները ու իր գործողություններով թշնամուն լուրջ եւ նշանակալի կորուստներ պատճառել:

Արսենը զոհվեց հոկտեմբերի 2-ին, թեժ մարտերից մեկի ժամանակ, թշնամու արկից, այն պահին, երբ իր կրակով պաշտպանում էր զինակից ընկերների թիկունքը, ապահովելով նրանց նահանջը: Այդ պահին Արսենի համար բարձրագույն արժեքը հանդիսացել է ընկերների կյանքը:

Այսպիսին էր Արսեն Խեչոյանը` ուժեղ, հայրենասեր, չհանձնվող եւ չպարտվող, մեկն այն հերոսներից, որոնց մասին դեռ երկար պետք է խոսվի: Թեկուզ դարեր էլ անցնեն, նրանցից յուրքանչյուրն իր սխրանքով հիշվելու է սերունդների կողմից:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արսենը հետմահու պարգեւատրվել է «Արիության» եւ 6-րդ Պաշտպանական շրջանի «Անձնուրաց Պաշտպան» շքանշաններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ