RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2596, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՀԿ-ԻՆ ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանում ՀՀ նախկին դեսպան, դիվանագետ

Հայացք դեպի Արեւելք

Արդյո՞ք կարող ենք արձանագրել, որ «Շանհայան ակումբին» անդամակցելն Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության լրջագույն հաջողություններից էր, թե՞ տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու նպատակով Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ԻԻՀ նախկին նախագահ Ռոհանիի քաղաքականությունից հրաժարվելու եւ հայացքը դեպի Արեւելք ուղղելու ճարահատ քայլ:

2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) Իրանի անդամակցության մեկնարկից հետո, Թեհրանում կարծես հասունանում է արտաքին քաղաքականության հայեցակարգի վերանայման կամ փոխլրացման անհրաժեշտությունը: Ըստ ամենայնի, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ օգոստոսին ձեւավորված կառավարության արտաքին քաղաքականության հիմքում դրվելու է նոր գործընկերների հետ համագործակցության խնդիրը, որը պայմանավորված է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների գործադրման անհրաժեշտությամբ:

Ի դեպ, Իրանի նոր գործընկերների շարքում, ՇՀԿ-ին անդամակցող ու դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներից բացի, Հայաստանը նույնպես իր ուրույն տեղը կարող է ունենալ, քանի որ դեռեւս 2016 թվականին Պեկինում գտնվող ՇՀԿ կենտրոնակայանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին Հուշագիր:

ԻԻՀ-ի հետ երեսնամյա հարաբերությունների պատմության ընթացքում քանիցս համոզվել ենք, որ երկկողմ հարաբերություններից բացի, Հայաստանը պետք է հարեւան Իրանի հետ հաստատի բազմակողմ ու տարածաշրջանային համագործակցության բնույթի հարաբերություններ:

Այսպիսով, ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն ու Հայաստանին շնորհված երկխոսության գործընկերոջ կարգավիճակը նման համագործակցության հնարավորություն ընձեռնում են: ՇՀԿ-ից բացի, Հայաստանը Իրանի հետ բազմակողմ շրջանակներում համագործակցության հնարավորություն է ստանում նաեւ ԵԱՏՄ-ի հարթակում, որը նույնպես էական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ձեռք է բերում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ Իրանը շաղկապող երկրի կարգավիճակ:

Ինչեւէ, Շանհայի համագործակցության կազմակերպությունը 1996 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ ստեղծված «Շանհայան հնգյակի» իրավահաջորդն է: 2001 թվականին Ուզբեկստանի անդամակցությամբ ձեւավորվեց ՇՀԿ-ն, որն առերեւույթ զբաղվում էր անվտանգային, տնտեսական ու մշակութային հարցերով, սակայն կազմակերպության հիմնական ուղղվածությունն ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարն էր:

Այսօր արդեն Պակիստանից հետո Իրանն էլ է անդամակցության հնարավորություն ստացել: Իսկ Աֆղանստանը, Բելառուսն ու Մոնղոլիան առայժմ դիտորդի կարկավիճակ ունեն:

ՇՀԿ-ն իր առջեւ դրված խնդիրներից ելնելով, Արեւմտյան երկրների հետ որոշակի հեռավորություն է պահպանում: Անգամ ԱՄՆ-ն է մերժում ստացել կազմակերպությանն անդամակցելու հարցում, որին հետեւել է Արեւմուտքի բացասական արձագանքը: Նույնիսկ որոշ Արեւմտյան երկրներ, դեռեւս Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի անդամակցությունից առաջ, Շանհայի համագործակցության կազմակերպությունը «Միջուկայինի ՕՊԵԿ» էին անվանում:

Իրանի անդամակցության հարցում քաղաքականության վերանայում

Իրանը ՇՀԿ-ին անդամակցելու համար ստիպված է եղել լուրջ խոչընդոտներ հաղթահարել: Դեռեւս 2010 թվականի տաշքենդյան գագաթաժողովին կազմակերպության անդամ երկրներն արձանագրեցին, որ անդամակցության համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ենթարկված չլինի ՄԱԿ-ի պատժամիջոցներին, ինչը հստակ ուղերձ էր Իրանի անդամակցությունը մերժելու համար: 2015 թվականին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) ստորագրումից ու ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո, կրկին Իրանի անդամակցության հարցը քննարկման դրվեց: Սակայն Իրանի անդամակցությունը եւս մի քանի տարի հետաձգելու համար կային այլ պատճառաբանություններ եւս, որոնցից ամենագլխավորները Տաջիկստանի անհամաձայնությունն էր, ինչպես նաեւՙ ԱՄՆ պատժամիջոցներն ու Չինաստանի վերապահ մոտեցումը:

Տաջիկստանի հետ Իրանի հարաբերությունների լարվածությունն սկիզբ էր առել այն բանից հետո, երբ 2015 թվականին Իրանը «Իսլամական Միասնականություն» նշանաբանով թեհրանյան կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ուղարկել Տաջիկստանի «Իսլամական շարժում» կուսակցության առաջնորդ Մահի էդ-դին Քաբիրիին, որը միջոցառումից ընդամենը մի քանի ամիս առաջ մեղադրվել էր երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Դուշամբեում համոզված են, որ Իրանում կան ուժեր, որոնք աջակցում են ընդդիմադիր կուսակցությանը, եւ կոնֆերանսի շրջանակներում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի հետ Մահի էդ-դինի հանդիպումը ներայացվում էր որպես ապացույց: Իսկ Տաջիկստանը մտահոգ էր, որ ՇՀԿ-ում Իրանի դիրքի փոփոխմամբ կնվազեն «Իսլամական շարժում» կուսակցության վրա ներազդելու Դուշամբեի հնարավորությունները:

Այսօր, հակառակ նախկինում եղած տարաձայնությունների, ըստ երեւույթին, Թեհրանն ու Դուշամբեն կարծես որոշում են կայացրել իրենց հարաբերությունները կառուցել ոչ գաղափարական հենքի վրա: Դրա մասին է վկայում 2020 թվականի ապրիլին պաշտպանական ոլորտում համագործակցոթյան մասին համաձանագրի ստորագրումը երկու երկրների կողմից: Բնականաբար, Իրանը ձգտում է նոր գործընկերների միջոցով թեթեւացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառած հետեւանքների բեռը, Իսկ ցամաքի մեջ պարփակված Տաջիկստանն էլ ցանկանում է Իրանի օգնությամբ հասու դառնալ ազատ ծովային ուղիներին:

Ինչպես նշվեց, ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության գլխավոր խոչընդոտներից էին նաեւ միջազգային պատժամիջոցները: Ուստի, ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո, ՇՀԿ անդամ պետություններին մտահոգում էր, որ Իրանի անդամակցությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կանդրադառնան նաեւ իրենց վրա: Թեեւ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հետ երբեւէ ջերմ հարաբերություններ չեն ունեցել, բայց ՇՀԿ-ի նշված երկու առանցքային անդամները մշտապես զգուշացել են ԱՄՆ-ի հետ ուղղակի լարվածության գեներացումից: Իսկ ԱՄՆ-ն մշտապես դեմ է արտահայտվել ՇՀԿ-ում Իրանի անդամակցությանը, եւ ահաբեկչության դեմ պայքարի նշանաբանով ձեւավորված կազմակերպությանը, Վաշինգտոնի բնորոշմամբՙ «ահաբեկչությանը սատարող» պետության անդամակցությունը համարել է անտրամաբանական ու սխալ: ԱՄՆ-ի հետ խաղաղ գոյակցությանը ձգտող Չինաստանն էլ Իրանի անդամակցության հարցի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր: Իրան-ԱՄՆ խիստ լարված հարաբերությունների պայմաններում, Պեկինը մտահոգ էր, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին, այդ կազմակերպությանը կարող է հակաամերիկյան բնույթ հաղորդել:

Վերջին շրջանում իրավիճակը հօգուտ Իրանի փոփոխության է ենթարկվել: Տնտեսական մրցակցության, Հոնգ Կոնգի հիմնահարցի ու Սինցզյայի մահմաեդականներին վերաբերող խնդիրների պատճառով, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վատթարացման միտումներ են նկատվում: Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռացումը նույնպես ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հարցում դրական ազդեցություն ունեցավ: ՇՀԿ-ին միանալու հարցում Ռուսաստանն էլ իր մոտեցումները վերանայման ենթարկեց: Իսկ «Շանհայան ակումբին» Իրանի միանալու հարցում Ռուսաստանի խուսափողական դիրքորոշումը պայմանավորված էր Արեւմուտքի հետ հարաբերությունները չսրելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության մոտեցմամբ:

ՇՀԿ-ին Իրանի անդամակցության շահագրգռվածության պատճառները

Նախագահ Ահմադինեժադի կառավարման տարիներին Իրանը 2008 եւ 2010 թվականներին երկու անգամ ՇՀԿ-ին անդամակցելու ձախողված փորձ է ունեցել: Արեւմուտքի հետ հարաբերությունների ճեղքվածքը բարելավելու մտադրություն ունեցող Իրանը, Ռոհանիի նախագահության օրոք նույնպես առանձնակի ջանքեր չգործադրեց ապահովելու իր մուտքը «Շանհայան ակումբում», եւ 2017 թվականի կազմակերպության գագաթաժողովին ներկայացավ արտգործնախարար Զարիֆի մակարդակով: Իսկ 2020 թվականի գագաթաժողովին միջոցառմանը նախագահի մակարդակով ներկայացած Իրանը նույնիսկ անդամակցության մասին ակնարկով էլ հանդես չեկավ:

Սակայն ՀԳՀԾ-ի շուրջ Արեւմուտքի հետ ծագած խնդիրների պատճառով Իրանը կրկին իր ուշադրությունը դարձրեց դեպի Արեւելելք եւ շտապեց Չինաստանի հետ ստորագրել 25-ամյա ռազմավարական պայմանագիրն ու ընդառաջ գնալ դեպի ՇՀԿ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ