RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-06-29 > #013, 2013-07-13 > #014, 2013-07-27 > #015, 2013-08-31 > #016, 2013-09-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 27-07-2013



Տունդարձ

Տեղադրվել է` 2013-07-27 01:01:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 979, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՎԱՐԴԻ ՔԵՇԻՇՅԱՆ

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՑ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Տարին դեռ նոր նոր է բոլորել իր կիսաշրջանը, բայց արդեն կարելի է հավաստել, որ 2013 թ. եւս բարեբեր ու առատաձեռն եղավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար: Միմյանց հաջորդեցին նորանոր ձեռքբերումներ, ձեռագրերի նվիրաբերումներ, ամեն մեկը երկար ճանապարհ անցած, ամեն մեկը յուրովի արժեքավոր, ինքնատիպ ու հետաքրքրական: Եթե մի կողմ թողնենք ավանդական ու բազմիցս կրկնված ճշմարտությունը, թեՙ մեր ձեռագրական ժառանգության մի չնչին մասն է պահպանվել ու մեզ հասել, եւ նրա անցած ուղին դիտենք պատմության հոլովույթից դուրս, անգիտանալով մի պահ բոլոր կորուստներն ու անգամ մշակութային եղեռնը, ապա պիտի տեսնենք, որ զարմանալիորեն հարուստ, անսպառ եւ, փառք Աստծո, անեզր է այդ աշխարհը:

Այո, անակնկալ երեւույթներով, որոնումներով, հայտնություններով ու ցավոքՙ կորուստներով լի է ձեռագրերի աշխարհը: Չմոռանանք, որ այն ընդգրկում է մի պատկառելի ժամանակաշրջան, որ հայ գրի անցած ճանապարհն էՙ Մեսրոպ Մաշտոցից մինչեւ հայերեն տպագիր առաջին գրքերի ի հայտ գալն ու տարածումը, այսինքնՙ մինչեւ 18-րդ դարի համարյա թե կեսը: Հետեւաբար, յուրաքանչյուր ձեռագիր իր մեջ պարփակում է ո՛չ միայն եւ ո՛չ այնքան տվյալ գրչագիրը ստեղծողի, ժամանակի ու միջավայրի հղացքը, այլեւ բովանդակ հայ կյանքի, մշակույթի ու պատմության ամբողջական շղթայի մի կարեւոր օղակը: Ահա՛ թե ինչու, յուրաքանչյուր ձեռագրի «տունդարձ»ը Մատենադարանՙ իսկական տոն է Մատենադարանի համար: Հիրավի, անհայտին է միայն հայտնի, թէ ի՞նչ ճակատագրի կարող էին արժանանալ այսօր Մատենադարանում պահվող հազարավոր ձեռագրերը, եթե ի սկզբանե գրքի հանդեպ պաշտամունքն ու աստվածահաճո բարեգործությունը ուղեկից չլինեին մեր ժողովրդին: Եվ որքան լավ է, որ կա՛ն, հարատեւում են այդ գիտակցությունն ու առաքինությունն ունեցող մարդիկ, եւ ավանդույթը շարունակվում էՙ Սրբազան գիրքը Աստծո տանը նվիրաբերելու նախասահմանումից անդինՙ դեպի ամենահաստատուն կայքն ու հանգրվանըՙ Մաշտոցի անունով սրբազնացած Մատենադարանում:

Ահա այդպիսի մի պայծառ օր էր մայիսյան այդ օրը, որ խոստանում էր դառնալ հիշատակելի օր, հայ ձեռագրերի նվիրաբերման մի նոր արձանագրությունՙ Մատենադարանի տարեգրության մեջ:

Այս անգամ Մատենադարանում սպասում էին Ախալցխայիցՙ պատմական Ջավախք աշխարհից ժամանած պատվիրակությանը, որ Երեւան էր եկել հատուկ առաքելությամբ: Պատվիրակության անդամները իրենց հետ բերել էին հայերեն երկու ձեռագրեր: Բանակցությունները սկսվել էին ամիսներ առաջ, եւ ահա ջավախահայերը ի կատար էին ածում իրենց խոստումը. հայտնի գործարար Սոս Սահակյանը եւ Աշոտ Հակոբյանը Ջավախքի Ասպինձա շրջանի Դամալա գյուղի եկեղեցու եւ համայնքի անունից Մատենադարանին հանձնեցին հայ ձեռագրական մշակույթի զույգ նշխարներ: Այսպես, երկար դեգերումներից հետո, ջավախահայոց մոտ պահվող զույգ ձեռագրերը իրենց տեղը գտան Մաշտոցի անվան Մայր մատենադարանում: Նրանցից մեկը Սիմեոն Ջուղայեցու «Քերականություն ըստ լեզուի մերում հայկազանց» նշանավոր երկն է (ԺԷ դար), իսկ մյուսըՙ 1666 թ. Եվդոկիայում ընդօրինակված «Պարզատումար»-ն է: Մատենադարանին նվիրաբերվեց նաեւ հարուստ մանրանկարչությամբ 1682 թ. գրված մի ձեռագիր հմայիլ, որ Հայոց ցեղասպանության տարիներին փրկվել էր էրզրումցի մի ընտանիքի կողմից եւ բերվել Ախալցխա: Տոհմական այդ սրբությունը Մատենադարանին հանձնեց տոհմի ժառանգներից Հովհաննես Չիթչանը :

Գնահատանքի եւ շնորհակալության ջերմ խոսքերից հետո լսելի է դառնում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հուզիչ ու խորախորհուրդ կոչը, որ հնչեց որպես «տունդարձ»ի հրավեր (տեսՙ կից սյունակը):

Մատենադարանի տնօրենՙ Հրաչյա Թամրազյանի կողմից նվիրատուներին հանձնվեցին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներ եւ մատենադարանյան արժեքավոր հրատարակություններ:

Շրջելով Մատենադարանում, հյուրերը եղան ոչ միայն ցուցասրահներում, այլեւ գիտական աշխատանոցներում, պահոցներում, տեսան նրա աննախադեպ վերելքն ու զարգացումը, եւ խոստացան այսուհետեւ եւս հետամուտ լինել նորանոր ձեռագրերի հայտնաբերման եւ հավաքագրման աշխատանքին: Հանդիպման ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրենությանը հրավիրեց Դամալաՙ հունիսի 2-ին կայանալիք հայրենի գյուղին նվիրված ամենամյա տօնակատարությանը: Այսպես, մատենադարանցիների փոքրիկ խումբըՙ տնօրենի գլխավորությամբ, ուղեւորվեց Դամալա:

Դամալացիները հպարտ են իրենց գյուղով, որն այսօր Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղն է: Բնակիչները գաղթել են 1829 թ. Էրզրումից: Գյուղի քարաշեն Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, որը 1920-ականներին ուրիշ շատ եկեղեցիների նման փակվել ու վերածվել էր պահեստի: Եկեղեցին վերականգնվել ու վերաօծվել է 2008 թ.: Այդ թվականից ի վեր համայնքը նշում է Դամալա գյուղի օրը:

Օրը նվիրագործվեց տոնին հատուկ բոլոր հանգանակներովՙ սկսելով պատարագի արարողությամբ, ու շարունակվեց հանդիսավոր հավաքի եւ ժողովրդական տօնախմբության գունագեղությամբ, բազմաթիվ հրավիրյալների եւ հյուրերի մասնակցությամբ: Դամալացիները պատմում էին համայնքի ձեռքբերումների, իրագործումների եւ գյուղի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին: Տպավորությունն այն էր, որ այս մարդիկ ամուր կառչած են իրենց հողին ու ջրին, եւ ամեն ինչ անում են պահպանելու մեծ աշխարհի փոքր անկյունում ծվարած իրենց մի կտոր հայրենիքը:

Հանդիսավոր մասի ավարտից հետո Մատենադարանի տնօրենն ու աշխատակիցները շտապեցին այցելել մի քանի ընտանիքների, որոնց մոտ ձեռագրեր էին պահվում: Ինչպես ասում ենՙ անակնկալը գերազանցեց բոլոր սպասելիքները: Մատենադարանին նվիրաբերվեցին տասնյակից ավելի ձեռագրական միավորներ. նվիրատուներն ենՙ Գագիկ Մկրտչյանը ՙ Ախալցխաՙ 1 հմայիլ, եւ դամալացի Սուրեն Բաղդասարյանի ընտանիքըՙ 9 հմայիլ, 1 հիշատակագրություն, 4 վավերագիր եւ թվով 15 զանազան պատառիկներ: Բոլոր այս միավորները կարված ու սոսնձված էին իրար, եւ Մատենադարանի վերականգնման բաժնում արդեն իսկ խնամքով վերականգվել եւ տարանջատվել են:

Խումբը նախապես ծրագրել էր անպայման այցելել նաեւ Ծղրութ (կամ Ծուղրութ) գյուղ: Հայ մշակույթի եւ առհասարակ ձեռագրական աշխարհի համար Ծղրութը հայտնի դարձավ այն օրից, երբ նշանավոր հայագետ, արվեստաբան Գարեգին Հովսեփյանը հայտնաբերեց եւ 1898 թ. հրատարակված իր հոդվածներից մեկում գրեց, որ հենց այստեղՙ Ծղրութում է պահվում «հայերեն հնագույն ձեռագրերից մեկը, գրված մագաղաթի վրա, Քրիստոսի 974 թ.», այսպես էլ ձեռագիրը գյուղի անունով մկրտվեց Ծղրութի Ավետարան անունով:

Այդ թվականից ի վեր այս ձեռագիրը անընդհատ հայտնվել է հայ թե օտար մասնագետ հետազոտողների ուշադրության կենտրոնում: Բազմաթիվ գիտնականներ պարբերաբար այցելել են Ծղրութ, ուսումնասիրել, մանրամասն նկարագրել եւ նկարել են այս ձեռագիրը, իսկ 2006թ. հրատարակվեց արվեստաբան Նիկոլայ Քոթանջյանի մենագրությունըՙ նվիրված Ծղրութի Ավետարանին:

Բնականաբար այս այցելությունների ընթացքում մեր մասնագետների կողմից փորձեր են եղել ձեռագիրը պահող ընտանիքին համոզելու, որպեսզի ձեռագիրը Մատենադարան բերվի, այս ուղղությամբ իսկապես ջանք չի խնայվել, բայց բոլոր դիմումները, խոստումներն ու առաջարկներն ի զորու չեն եղել տարհամոզելու նրանց. անգամ ձեռագրի պահպանման համար կենսական նշանակություն ունեցող լաբորատոր պայմաններում բուժում անցկացնելու վերաբերյալ խնդրանքը դրական արդյունք չտվեց, որովհետեւ ընտանիքն ու ողջ համայնքը ոչ մի կերպ չեն ուզում բաժանվել սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան սուրբ գրքից:

Մինչ տարիները արագ սահում են, Ծղրութի Ավետարանը շարունակում է ապրել նույն տեղում, նույն հոգածու հարկի տակ, այլ հարց է, թե բավարա՞ր է արդյոք այդ հոգածությունը, եւ թե որքա՞ն կարող է այն դիմանալ: Ի վերջո, բոլորին է հայտնի, որ ձեռագրերը, հատկապես հին մագաղաթյա գրչագրերը առավել քան կարիք ունեն կենսական միջավայրի, անհրաժեշտ ջերմակլիմայական պայմանների, որոնց առկայության եւ ժամանակակից սարքավորումների միջոցով միայն կարելի է երկարաձգել նրանց կյանքը:

Ափսոսանքը այս պահին շատ ավելի էր, քան սքանչելի Ավետարանը ձեռքով շոշափելու, աչքով տեսնելու բերկրանքը. ինչպե՞ս մի քանի բառով այս բարի, ազնիվ ու աստվածավախ մարդկանց բացատրել, որ դա միմիայն ընտանիքին կամ համայնքին պատկանող սրբություն չէ, դա ազգային, համամարդկային արժեք է եւ իրավունք չունենք այն պահելՙ փչացնելու գնով, կորցնելու գնով, քանի որ պարզ համեմատությունը 2006 թ. հրատարակության հետ ցույց է տալիս, որ վտանգված է այս եզակի ձեռագրի գոյությունը եւ վատթար պայմաններում գտնվելովՙ օր օրի քայքայվում է:

Մի քանի բառ Ծղրութի Ավետարանի մասին, եւ այն մասին, թե ինչ նշանակություն ունի այս ձեռագիրը ոչ միայն հայ, այլեւ համաքրիստոնեական ձեռագիր մշակույթի պատմության համար: Նախ նշել պետք է, որ այն պահպանված պատկերազարդ հնագույն ավետարաններից մեկն է, որն ունի ճշգրիտ թվագրությունՙ 974 թ.: Մասնագետների կարծիքով Ծղրութի Ավետարանը առանձնանում է ձեռագիրը զարդարող մանրանկարների արտահայտչականությամբ եւ պատկերագրության ինքնատիպությամբ: Ձեռագրի նշանակությունը, հետեւաբար նաեւ մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը նրա շուրջ, պայմանավորված է մանրանկարների պատկերային լեզվի բացառիկ արտահայտչականության, գեղարվեստական բարձր արժանիքներով եւ ձեռագրի բուն կառուցվածքի արտասովոր առանձնահատկություններով, որոնք իրենց վրա կրում են ընդհանրապես ձեռագրական արվեստի ամենավաղ շրջանի հետքեր:

Ծղրութի Ավետարանը հայ մշակույթի եւ գրքարվեստի մի հոյակապ հուշարձան է, որի մասին դեռ շատ պիտի գրվի ու խոսվի:

Ծղրութ գյուղում խումբն այցելեց նաեւ Գինոսյանների ընտանիքին, որոնց մոտ պահվում է մի այլ նշանավոր Ավետարան, որ հայտնի է նաեւ Կարմիր Ավետարան անունով. այն գտնվում է նույնքան վատթար վիճակում:

Մատենադարանցիները եղան նաեւ Ջալա գյուղում, ուր ավելի արտառոց դեպքի ականատես եղանՙ տեսանք Ավետարան, որ պահվում էր բետոնապատ «մատուռ»ում, ամբողջությամբ քայքայված վիճակում: (այս մասինՙ մի այլ անգամ):

Իսկ վերջին սրտառուչ դեպքըՙ կապված Մատենադարանի եւ Ջավախքի հետ, Ջալա գյուղի աշակերտների այցն էր Մատենադարան, որի ընթացքում գյուղի դպրոցին նվիրաբերվեցին գրքեր, որոնց կարիքն այնքան զգում են ուսուցիչներն ու աշակերտները:

Այս կապը երկուստեք կենսական նշանակություն ունի, որ կամրջում է նույն հոգեւոր ակունքներից սնվող Ջավախք աշխարհըՙ Մայր հայրենիքի եւ Մատենադարանի հետ:

Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ մեր նվիրական ցանկություններն ու մաղթանքները հղելու այս գյուղի բնակիչներին, նրա ապագա սերունդներին, որոնք ուսանելու են այս դպրոցում, շնորհալի ու տաղանդաշատ մանուկներին, որ զորացնելու են հայ գիտությունն ու մշակույթը եւ շենացնելու են մեր հայրենիքը:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ շեշտել, որ այս գյուղի համայնքը Սոս Սահակյանի եւ Աշոտ Հակոբյանի միջոցով երկու ձեռագիր է նվիրել Մաշտոցի անվան Մատենադարանին:

***

Մեր խորին հարգանքն ու խոնարհումը ձեզ, սիրելի ջավախահայեր, սիրելի դամալացիներ:

Մատենադարանը մեր Հոգեւոր հայրենիքի պատմության խտացումն է, նրա կենսագրությունը, իսկ Մատենադարանիՙ իբրեւ Հոգեւոր հայրենիքի զավակները նրա ձեռագրերն են: Ցավոք սրտի, այդ հայրենիքը եւս ունի իր պանդուխտ զավակներն ի սփյուռս աշխարհի: Ահա թե ինչու ամեն ձեռագրի մուտքը մեր սրբություն սրբոցիՙ Մատենադարանի շտեմարանՙ նման է տունդարձի, հայրենադարձության:

Եվ մեր նվիրատուների անունները ոսկե տառերով են գրվում Մատենադարանի կենսագրության մեջ, ինչպես նաեւ այն մարդկանց, համայնքների, հոգեւոր կենտրոնների անունները, որոնք դարերով սերնդեսերունդ փոխանցել, հաճախ կյանքի գնով փրկագնել են այդ ձեռագրերը:

Մատենադարանում նվիրատվության արարողության ժամանակ ես կոչ արեցի մեր բոլոր բարերարներինՙ փրկել այդ ձեռագրերն անվերադարձ կորստից, քանի որ աշխարհում թափառող մի մատենադարան կա Մատենադարանից դուրս, որի գոյությունը վտանգված է, որ կանգնած է կորստյան եզրին, որ սպասում է տունդարձի, որ կարիք ունի բուժման ու խնամակալության, քանի որ ձեռագրերը ոչ թե իրեր, այլ շնչավոր ոգիներ ու էություններ են, որ ամփոփում են անհատների, ամբողջական տոհմերի, սերունդների եւ ժողովուրդների կենսագրությունը, երբ մտնում են ժողովրդի գենետիկ արյան շրջանառության մեջ:

Այս տոնախմբությանը մասնակցելուց բացի մենք այստեղ ենք նաեւ այլ առաքելությամբ, որ ուխտագնացություն է հիշեցնումՙ տեսնելու Ծուղրութ գյուղի երկու նշանավոր Ավետարանները, որոնք մեզ հասած տեղեկություններով, գտնվում են վատթար վիճակում, եւ դրանք կորստից փրկելու հրամայական է առաջացել:

Եվ դա պիտի բոլորս միասին իրագործենք, իբրեւ մի հոգի եւ մի մարմինՙ միակամ ու միասիրտ, այն գիտակցությամբ, որ Հոգեւոր հայրենիքի մի կարեւոր մասն ենք փրկում:

Փառք ու պատիվ այն մարդկանց, այն տոհմերին, որ փրկել ու պահպանել են այդ ձեռագրերը: Այժմ խնդիր է առաջացել երկրորդ անգամ դրանք փրկելու:

Մատենադարանի պատմությունը լի է զարմանահրաշ եւ սրտառուչ դեպքերով ու դեմքերով, եւ այդ ամենի հիմքում նորին մեծություն բարեգործությունն է, մեր պետականության հենասյուներից մեկը, եւ թող թույլ տրվի ինձ ասելՙ այդ բարեգործները Մաշտոցի ճշմարիտ հոգեզավակներն են:

Առանց նրանց չէր կառուցվի Մատենադարանի հոյակերտ նոր շենքը, չէր վերակերտվի հին, կոթողային շինությունը, Մատենադարանի հավաքածուները չէին հարստանա հազարավոր ձեռագրերով եւ հնատիպ գրքերով եւ հարյուր հազարավոր վավերագրերով:

Այո, բարեխորհ բարեգործներն են աշխարհի հիմունքը, նրանք, Արարչի նման, հաստատում, պահպանում են աշխարհն իրենց հնարագիտությամբ: Նրանցից է առաջանում աշխարհի բարինՙ ի փառս Աստծո, ուրախություն ու ցնծություն պարգեւելով մարդկանց:

Ահա նման մարդիկ են մեր բարեգործները:

Ահա այդպիսի մարդիկ են բարեգործ Սոս Սահակյանը եւ իր համախոհներըՙ Սոխոյան Հովհաննեսը, Ֆարմանյան Աշոտը, Ավագյան Ժիրայրը, Խաչոյան Վահանը, Բաբայան Մանվելը, Սահակյան Աղասին, որոնք այս հրաշալի դպրոցի խնամակալներն են: Եվ թույլ տվեք իմ բարեմաղթանքներն ավարտել դարձյալ Մաշտոցի խոսքով. «Զի աղբիւրք են յիրաւանց Աստուծոյՙ ուստի կեանք բաշխին բարեգործացն...Եվ լույս գիտութեան աստուածային գրոց յայտ առնեն բարեգործացն բարի հատուցումն...»:

Թող Աստծո լույսնՙ իբրեւ հատուցում Ձեր բարի գործերի, հասանելի լինի Ձեզ:

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

(կրճատումներով)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ