RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-06-15 > #012, 2013-06-29 > #013, 2013-07-13 > #014, 2013-07-27 > #015, 2013-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 13-07-2013



Տեղադրվել է` 2013-07-12 23:20:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1167, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԳՐՔԻ ԵՐԿԻՐ

ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ

Հայաստանում հայերեն քանի՞ գիրք կա. ձեռագիր եւ տպագիր. Հանրայինում, Մատենադարանում, Մայր աթոռում, Հիմնարարում, Քաղաքայինում, Մանկականում, ԳԱԹ-ում, բարձր ու միջին դպրոցների, շրջանների գրադարաններում, թանգարաններում, Արցախում, Թիֆլիսում, Ախալցխայում, Ախալքալակում, իմ Սուլդայում. բոլորը միասին. ասենք մի 50-60 միլիոն: Կրկնապատիկը կլինի անձնական գրադարաններում. միայն պատմաբան, մատենագետ, համալսարանի ուսուցչապետ, հնատիպ եւ հազվագյուտ հրատարակությունների ունեւոր Պետրոս Հավհաննիսյանի առանձնատուն-գարադարանում բնակվում է ես ասեմ յոթ, դուք ասեք տասնյոթ հազար ընտիր հայախոս գիրք: Վերջերս էլ այդ հայագիտական եզակի, սովորական մահկանացուներիս համար անձեռնմխելի գրադարանում գրանցվեց մի նոր բնակիչՙ «Մովսես Խորենացի. մատենագիտություն»: Հեղինակը հենց ինքն էՙ հայ պատմագրության պատմաբան Պետրոս Հ. Հովհաննիսյանը:

Խոսքը միայն մեր բոլորի փայփայած, դժոխային սոցիալիզմից դրախտային կապիտալիզմի ուղին հոժարակամ ընտրած Հայաստան երկրի, այդ երկրում բնակվող գրքերի մասին է. իսկ եթե հանկարծ ու որոշենք հաշվել ամբողջ աշխարհում ապրող հայերեն գրքերը, ապա այդ թիվը գուցե եւ եռապատկվի. Վենետիկի եւ Վիեննայի մեր Մխիթարյանների, Պոլսի, Երուսաղեմի, Նոր Ջուղայի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, կրկնակի Ամերիկաների եւ մեսրոպատառ գրքերով բնակեցված այլ վայրերի, ինչպես նաեւ դրսի յոթ-ութ միլիոն մեր ազգակիցների տներում ով գիտե ինչքան գիրք ու մատյան կա:

Հաշտվենք այն մտքի հետ, որ միայն Հայաստանում մշտական բնակություն է հաստատել հարյուր միլիոն գիրք: Եթե այդ հարյուր միլիոնին ավելացնենք երեք միլիոն մեր բնակիչների թիվըՙ կլինի ճիշտ 103 միլիոն բնակիչ: Հուրախություն մեր ձայնով ընտրված իշխանությունների, տեղեկացնենքՙ այդ հարյուրերեքից ընդամենը երեք միլիոնն է հաց ու ջուր ուզում, մյուսներըՙ ընդամենը գլխի վրա ծածկ:

Այստեղ, ինչպես կարգն է, մի քիչ զեղումներ անենք. 103 միլիոն բնակչություն ունեցող երկիրը քանի միլիոն բանակ կհանի. ամենաքիչը մի տասը միլիոնանոց բանակ. դա կլինի աշխարհի ամենակարդացած բանակը: Վայ թե այս լուրը լսելուց հետո Ճենաց աշխարհի մարմնով սարսուռ անցնի, ինչպես եղել է Տիգրան Մեծի ժամանակներում:

Վաղը եթե Հայաստանի սահմանները «Աշխարհացոյցով» եւ Արշակ Ալպոյաճյանի գծած սահմաններով որոշենք Չինական պատի նման երկրի չորս բոլորը պարսպել ոչ թե թղթի, այլ հողի վրա, ազգիս համար դրսի դուռ թողնելով երկինքը,- երկինքը որպես մեզ միակ հուսալի հարեւան,- պարսպի պատերը քարի փոխարեն կարող ենք շարել գրքերով:

Իսկ վաղը չէ մյուս օրը, եթե ռուս սահմանապահները բնական անխուսափելի տաքացումներից հետո հոսեն հարավ,- իրենք գիտեն ինչպես,- կամ Աստված մի արասցե, համայնավար մի նոր ահեղ հեղափից ոգեւորՙ սահմանապահները իրենց ցուրտ գլուխները մեր տաք գլուխներից հուսախաբ թեքեն հյուսիս, ապա, ապա, մեր նվազող զինվորների փոխարեն գրքերն են կանգնելու սահմանի վրա, իսկ գլխավոր սահմանապահը դարձյալ լինելու է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» իր «Ողբ»-ով հանդերձ, աջակից ունենալով «Մատյան ողբերգությունը», «Վերքը», «Ձախորդ օրերը» եւ մշտնջենական «Հացի խնդիրը»...

***

Այս զվարթ եւ իրատեսական նախաբանից անցնեմ բուն նյութին. ինչպես արդեն ասացիՙ լույս է տեսել Պետրոս Հ. Հովհաննիսյանի «Մովսես Խորենացի. մատենագիտություն» հատորը (ԵՊՀ հրատ., 2013, 427 էջ): Շատերը գիտեն, Պետրոս Հ. Հովհաննիսյանը պատմաբան է, դասախոս, մատենագետ, գրքագետ, հայագետ-աղբյուրագետ, ավելի ստույգՙ հայագիտության եւ գրքի բնագավառներումՙ աբեղյանական տեսքով եւ տեսակով օժտված մշակ: Ճիշտ քառասուն տարի հայոց պատմության Միջնադար, Սփյուռքի պատմություն եւ հայագիտություն է դասավանդում Երեւանի Մովսես Խորենացու անվան համազգային համալսարանում (վրիպում չկա, կա ցանկություն. Պետրոսի, ինչպես նաեւ իմ վաղեմի երազանքն է Մայր բուհը կոչել Պատմահոր անունով),- նրա անվան ամենօրյա հնչեցումով երկիրը կլցվի գրքով ու գրականությամբ, գիտությամբ եւ լույսով. Երկիր Նաիրիից կգաղթեն անմիաբանությունը, օտարամոլությունը, տգիտությունն ու խավարը:

Հեշտ է ասել. քառասուն տարի մենակատարի նման մտնել լսարան եւ նոր-նոր ձեւավորվող ճերմակ ուղեղների վրա գրել ճշմարտությունը քո ժողովրդի անվերջանալի ցավի, կորուստների, մաքառումների, ստեղծարար ոգու, ոսկե ձեռքի, ուսման տենչի, սերնդե-սերունդ անցնող անմիաբանության, արծաթասիրության, Արեւմուտքին եւ Հյուսիսին անհուսորեն ապավինելու մասին. ժամանակի հոլովույթի մեջ կերի եւ փառքի որոնումներում, վառոդի եւ թղթի հակամարտությունների մեջ ճանաչել քո ժողովրդի ինքնատիպության եւ հարատեւության բանալին. այդ բանալին դասախոս Պետրոս Հովհաննիսյանն ուներ վաղուց, երբ դեռեւս ուսուցչապետ չէր եւ ոչ էլ ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի վարիչ:

Խորենացու Մատենագիտությունից առաջ նրա համառ ջանքերի շնորհիվ լույս տեսան մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի Երկերի վեց հատորները, ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի Երկերի Է, Ը հատորները, հուշերի գիրքը նրա մասին, Ավետիս Պերպերյանի «Հայոց պատմությունը», հայ ժողովրդի պատմության երկհատոր քրեստոմատիան, որ կազմել է հայ ժողովրդի պատմության վաղնջական ժամանակների վրա սեւեռուն Արտակ Մովսիսյանի հետ: Էլ չենք ասում մեր «Հայագիտակ» հրատարակչության հետ նրա համագործակցության մասին. Ն. Ադոնցի «Հայկական հարցը», «Հայաստանի ոսկեհանքը», «Ամենայն հայոց կաթողիկոսներ» պատկերագիրքը, Ղեւոնդ Ալիշանի «Սիսականը». հարկ է առանձնահատուկ նշել «Սեւ գրքի» հայերեն տարբերակի խմբագրական տարողունակ ու բարդ աշխատանքը, որը պահանջում էր մատենագիտական եւ աղբյուրագիտական խորը գիտելիքներ:

***

Թեեւ տարածված կարծիք է, որ մատենագիտությունը գիտության բանալին է, մեզանում այդպիսիք հազվադեպ են հրատարակվում, իսկ եթե այնուամենայնիվ մատենագիտություններ կազմվում ու լույս են ընծայվում, ապա անշուք ու փոքր տպաքանակով:

Բանն այն է, որ գիտության այդ նեղ բնագավառը սպասարկում են միայն գրադարանների եւ Գրապալատի աշխատակիցները, որոնց գիտական կոչումներ ու աստիճաններ հազվադեպ են շնորհվում:

Խորհրդային շրջանում, որ անվերապահորեն կարելի է կոչել ատենախոսությունների դարաշրջան, մեզանում ստեղծվել է հայ գրքի բազմահատոր, ինչպես նաեւ մի քանի պարբերականների եւ դասական գրողների մատենագիտություններ եւ կենսամատենագիտություններ:

Հասարակության գիտակցության մեջ գիտության այդ ծանրագույն եւ հոգնատանջ բնագավառը նախկինում եւ այսօր թերագնահատվում է. ես չեմ հիշում որեւէ օրինակ, որ մեր մայր քաղաքում հարյուրավոր գործիչների, գրողների, արվեստագետների կողքին գոնե մի մատենագետի անունով կոչվի դպրոց կամ փողոց, թեեւ մենք ունենք երեւելի դեմքեր այդ բնագավառում: Հիշատակեմ մի անուն, որ բացառիկ է ոչ միայն հայ իրականության մեջ. խոսքը վերաբերում է Հայր Արսեն Ղազիկյանին, ում կազմած «Հայկական նոր մատենագիտություն եւ հանրագիտարան հայ կյանքի» (1512-1905) երկահորը, որ դժբախտ դեպքերի բերումով մեզ է հասել մինչեւ Ն տառը ներառյալ, մի անգերազանցելի կոթող է ցայսօր, թեեւ նրա հրատարակությունից անցել է ավելի քան մի դար: Ճիշտ է, հետագայում հայ իրականությունը ծնեց Հակոբ Անասյանի նման մատենագետ, այնուամենայնիվ, Արսեն Ղազիկյանի մատենագիտությունը հայագիտության մեջ իր ընդգրկումով եզակի է:

Պետրոս Հովհաննիսյանի կազմած «Մովսես Խորենացի. մատենագիտություն» հատորը ամփոփում է խորենացիագիտության երեք հարյուր տարվա անցած ճանապարհը: Եթե 1991-ին Պ. Հովհաննիսյանի լույս ընծայած մատենագիտությունը ներկայացնում էր միայն Պատմահոր երկերի տարբեր լեզուներով հրատարակությունները, ապա այս նոր գրքում տեղ են գտել նաեւ նրա մասին ուսումնասիրություններն ու հոդվածները տարբեր լեզուներով:

Պետրոս Հովհաննիսյանը կատարել է ահռելի աշխատանք. նրա մեջ պատմաբանը, աղբյուրագետը, մատենագետը մեկտեղված կարողացել են հազարավոր աղբյուրներից պեղել, հավաքել եւ դասդասել այն ամենը, ինչ վերաբերում է Պատմահորը:

Ճիշտ է, նա բավական հեռացել է դասական մատենագիտության մշակած կանոններից, եւ Խորենացու մասին գրքերը եւ մամուլը չի առանձրացրել, չի նշել հրատարակչությունների անունները,- փոքր-ինչ ցավ պատճառելով հրատարակչիս,- չի նշել գրքերի էջերի քանակը. եւ ամենակարեւորըՙ այսպես ասած չի բացել գրքերի եւ կարեւորագույն ուսումնասիրությունների բովանդակությունը. թերեւս հաշվի է առել այն հանգամանքը, որ գրքի ծավալը կդառնար կրկնակի: Անհարկի կրկնվում են հեղինակների անունները, չի համառոտում Երեւան բառը (Ե.,): Գրքի սահմաններից դուրս են մնացել այնպիսի հրատարակություններ, որոնց հիմքում Խորենացու պատմությունն է. այսպես. Ալեքսանդր Դյուման (հայրը) «Կովկաս» գիրքը գրելիս, իր իսկ խոստովանությամբ, մեծապես օգտվել է Պատմահոր աղբյուրներից: Նույնը կարելի է ասել Սերգեյ Գլինկայի, Վիկտոր Աբազայի, Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Ամֆիտիատրովի եւ այլոց գրքերի մասին: Հետաքրքրական է, որ մատենագիտության մեջ տեղ չեն գտել Պետրոս Հովհաննիսյանի խմբագրած «Սեւ գրքի» մի շարք հեղինակներ (Գեորգ Բրանդես, Ջեյմս Բրայս), ովքեր ակնածանքով են արտահայտվել Խորենացու մասին: Ասածը վերաբերում է նաեւ Հ. Հակոբյանի «Ուղեգրությունների» 6-րդ հատորին, որտեղ բազմաթիվ օտարերկրացի ճանապարհորդներ անդրադարձել են «Հայոց պատմությանը»:

Մեր հիշատակած, ինչպես նաեւ չհիշատակած բացթողումները պատմաբան-մատենագետը, հուսով ենք, հաշվի է առնելու առաջիկայում հրատարակվելիք «Խորենացի» մեծադիր հանրագիտարանում, որի հիմնասյուները նորընծա մատենագիտությունն է:

Այսօր ում հայտնի չէ, որ հայ ամենաերեւելի մատենագիրը Մովսես Խորենացին է. նրա «Հայոց պատմությունը» դարեր շարունակ եղել է դասագիրք, յուրատեսակ «Հին կտակարան» եւ հայոց ծագումնաբանության վկայագիր: Պատմությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, նրա մասին գրվել են ուսումնասիրություններ տարբեր լեզուներով: Խորենացու ժամանակը եւ նրա հանճարեղ մատյանը վաղուց դարձել են հայագիտության փորձաքարը. եւ ոչ մի գրքի ճակատագիր այնքան նման չէ հայի հալածական կերպարին, որքան մեր առաջին ողբագրի հեղինակած մատյանինը,- տարբեր երկրների հայագետներ «սրեր են խաչել» նրա Պատմության գրության ժամանակաշրջանի շուրջ: Բուն պատճառն այն է, որ մեզ չի հասել հեղինակի սկզբնագիրը, ուստի հետագա դարերում եղել են այսպես ասած ընդմիջարկություններ: Առաջինը գերմանացի հայագետ Ա. Գուդշմիտը «Բրիտանական Հանրագիտարանում» կասկած է հայտնել, որ Խորենացին 5-րդ դարի պատմիչ չէ, որովհետեւ Պատմության մեջ հիշատակված են Առաջին, Երկրորդ, Երրորդ եւ Չորրորդ Հայք ստորաբաժանումները, որոնք սահմանված են Հուստինիանոս կայսեր 536 թ. հրամանով: Ուրեմն Պատմությունը դրանից առաջ գրված չէր լինի: Խնդիրը այստեղ վերջին երկու Հայքերին է վերաբերում, որովհետեւ Հուստինիանոսից առաջ գոյություն ունեին Առաջին եւ Երկրորդ Հայքերը: Թերեւս այդպես էլ եղել է սկզբնագրում: Հետագայում գրիչների կողմից եղել են հավելումներ: Գուդշմիտից հետո Օ. Կոնիբերը, Յ. Հյուբշմանը, Գ. Խալաթյանը, Ն. Ակինյանը, Հ. Մանանդյանը, Ն. Ադոնցը, Հ. Մարթայանը եւ ուրիշներ Քերթողահորը համարեցին 6-րդ, 7-րդ, 8-րդ, նույնիսկ 9-րդ դարի պատմիչ: Նրանք եւ նրանց համախոհները բազում ուսումնասիրություններ են հրատարակել այդ վիճելի հարցի շուրջ:

Ընթերցողը Պ. Հովհաննիսյանի կազմած Մատենագիտությունից առանց մեկնաբանությունների հասու է դառնում Պատմահոր ոդիսականին, որ հետեւանք է բանասիրական այլեւայլ մոտեցումների, հայ եւ օտարալեզու հին միջնադարյան աղբյուրների հետ բաղդատության: Ճիշտ եւ ճիշտ Հոմերոսի եւ Շեքսպիրի ոդիսականի կրկնությունը հայկական միջավայրում:

Մատենագիտության մեջ լիովին արտացոլված է այն տիտանական աշխատանքը, որ ներդրել են երկու մեծ խորենացիագետներըՙ Մանուկ Աբեղյանը եւ Ստեփան Մալխասյանցը: Նրանց երկարամյա ջանքերի շնորհիվ հարյուր տարի առաջՙ 1913-ին «Պատմագիրք հայոց» մատենաշարով վերջապես լույս աշխարհ եկավ Մովսես Խորենացու «Պատմութիւն հայոցը» քննական բնագիրը Մանուկ Աբեղյանի, Սեթ Հարությունյանի աշխատությամբ եւ Ստեփան Մալխասյանցի վերակացությամբ: Հայոց գրի ու դպրության մեծ գիտակները սարի պես կանգնեցին Խորենացու թիկունքին. Մ. Աբեղյանը իր «Հայոց գրականության պատմության» մեջ եւ բազմաթիվ այլ հետազոտություններում, իսկ Ս. Մալխասյանցը «Խորենացու առեղծվածի շուրջ» ուսումնասիրությամբ, «Հայոց պատմության» թարգմանության առաջաբանում եւ ծանոթագրություններում գիտականորեն հերքեցին բոլոր տարածված թյուր կարծիքները Պատմահոր վերաբերյալ, որ համառորեն եւ հետեւողականորեն հայտնվում էին մեզանում եւ Արեւմուտքում:

Պատմահոր անձի, նրա ժամանակի, «Պատմության» սկզբնաղբյուրների եւ այլեւայլ հարցերի շուրջ պատմաբանասիրական բանավեճերը ոչ միայն չեն նսեմացրել նրա մեծագործությունը, այլեւ ավելի են մոտեցրել մեզ, հարազատացրել նրա եզակի անձը, ով հայության Ժամանակը փաստել է որպես գրքի, գիտության ընթացք, ով հայության մեջքին կապել է միաբանության գոտիՙ ցեղի, տեսակի, ազգի պատմություն:

Խոսքս ուզում եմ ավարտել մեր մյուս հանճարիՙ Կոմիտասի «Ազգին վիճակը» փոխկանչ ողբով, որ գրել է հարյուր տարի առաջ, Խորենացու հանրահայտ «Ողբից» 1400 տարի հետո. «Հոտն անհովիվՙ մոլոր ու շփոթ, աներեւույթ, անզուսպ ալիքներ հախուռն կհուզին ի խորս մեր հալածական եւ ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորածՙ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, յուր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կյանքը դիակնացած...: Ուր է մեր խոհական Խորենացին. թող ելլե արյունքամ հողու տակեն եւ ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը. մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործնՙ ընչաքաղցությամբ:

Սիրտս փլած է»:

Նկար 2. Պետրոս Հովհաննիսյանի դիմանկարը. գործ` Ա. Իսոյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 13-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ