ՄԻ ՔԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Գայանե Խաչատուրյա՛ն: Միջազգայնորեն ճանաչված հայ նկարչուհի, որը 2008թ. համեմատաբար երիտասարդ, վախճանվեց: Գայանեն ապրում եւ աշխատում էր Թիֆլիսում` հակադրությունների քաղաքում: «Համաշխարհային նայիվ արվեստների հանրագիտարանում» նրա մասին գրված է. «Բնության եւ կյանքի հավերժական հանելուկի վերաբերյալ նրա զարմանքը, ինչպես նաեւ կտավի վրա դա արտահայտելու հնարավորությունը եւ միաժամանակ սեփական շարժմանը հետեւելը խորքում նայիվ են թվում»: Սակայն ինձ թվում է, որ Գայանեն խորհրդավոր նկարչուհի էր, հարուստ երեւակայությամբ նմանվելով Շագալին: Նրա նկարների միայն վերնագրերը, որ ինքն էր գրում նկարների հետեւում, ինչպես «Նարնջագույն օրը», «Հրեշտակների հանդիպումը լողացող գիշերում» կամ «Կարմիր բակը ապակե արեւով», ապացուցում են, որ նա ավելին էր, քան միայն նկարիչ: Սերգեյ Փարաջանովը զգացել էր Գայանեի գեղարվեստական ուժն ու ասելիքը եւ օժանդակում ու խրախուսում էր նրան, որտեղ որ անհրաժեշտ էր: Փարաջանովի հետ իր հանդիպման մասին Գայանեն գրել է 1991թ. լույս տեսած «Գայանե» նկարների իր ալբոմում. «Ինչ որ մի ժամանակ մի ճերմակ առավոտ հանդիպեցի Սերգեյ Փարաջանովին եւ երկնքում ծաղկով շշնջաց սրբությունը եւ ծառայեց մեզ իր ներդաշնակությամբ»: Գայանեի հետ ես ծանոթացա 1989-ի գարնանը, երբ Թիֆլիսով Երեւան էի ուզում գնալ: Իմ ծանոթներից մեկը տարավ նրա մոտ, հետո մեր միջեւ ստեղծվեց բարեկամական հարաբերություն: Հենց այդ ժամանակ գնեցի հատուկ ինձ համար արված նկարը: Երբ Թիֆլիսում ծանոթացա Սերգեյ Փարաջանովի հետ, նա ուզեց ինձ ծանոթացնել Գայանեի հետ: Ես ասացի, որ նրան արդեն ճանաչում եմ, որ նրա նկարն ունեմ: Փարաջանովն ասաց, որ նա ժամանակակից հայ լավագույն նկարիչներից մեկն է: «Գնիր նրա նկարները, դրանք ժամանակին մեծ արժեք կունենան»: Նա իրավացի էր: 1992-1993 թթ. ես Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացուցիչն էի Ավստրիայում: Այդ ժամանակ Վիեննայում երկշաբաթյա հայկական մշակույթի օրեր կազմակերպեցի: Հայկական ֆիլմերի շաբաթը տեղի ունեցավ արվեստագետների Կինոյի տանը` Վիեննայի մշակութային կյանքի կենտրոնում, որտեղ միաժամանակ ցուցադրվեցին Փարաջանովի կոլաժներն ու նկարները: Ունեինք նաեւ հայ նկարիչների ցուցահանդես, եւ ես Թիֆլիսից բերել տվեցի Գայանեի չորս աշխատանքները եւ դրանք նույնպես ցուցադրվեցին: Հայկական մշակույթի շաբաթներն ունեցան շատ այցելուներ եւ դրական արձագանք գտան Վիեննայում: Երբ ամեն ինչ ավարտվել էր, փորձեցի վաճառել Գայանեի նկարները` նկարների եւ ճանապարհի ծախսերը փակելու համար: Վիեննայի իմ հայ երկրացիների համար Գայանեի նկարների գները հավանաբար չափազանց բարձր էին: Սակայն որդիս ավելի խելոք էր եւ գնեց Գայանեի երկու նկարը: Մնացած երկուսը մնացին ինձ մոտ: Տարիներ անց, ինչպես մարգարեաբար ասել էր Փարաջանովը, այդ նկարների գինը քառակի անգամ բարձրացավ, իսկ ես ուրախ էի, որ Գայանեի նկարները չէին վաճառվել, որոնք զարդարում են այսօր իմ բնակարանը: 1992թ. ավստրիական հեռուստատեսության համար մի վավերագրական ֆիլմ պատրաստեցի Թիֆլիսի մասին: Ֆիլմի վերջում Գայանեն խոսեց Թիֆլիսի` այդ հիասքանչ բազմազգ քաղաքի, նրա հմայքի մասին, որը ոգեւորել էր շատ արվեստագետների: Փարաջանովի նման նա նույնպես ուզում էր միայն Թիֆլիսում աշխատել: Գայանեին առաջարկեցի Վիեննա գալ, միառժամանակ մեզ մոտ մնալ եւ նկարել: Նա շնորհակալությամբ մերժեց առաջարկս ասելով, որ ինքը միայն Թիֆլիսում է կարողանում ստեղծագործել: Հետո կնոջս հետ եղա Թիֆլիսում, եւ մենք այցելեցինք Փարաջանովին: Գայանեն նույնպես եկավ, եւ մենք միասին բալետային երեկո անցկացրինք, - Փարաջանովի ծանոթներից մեկը արել էր այդ գործի խորեոգրաֆիան եւ հրավիրել էր նրան: Նա էլ մեզ տարավ իր հետ: Ինձ պատմել էին, որ Գայանեն կարողանում է լավ երգել: Նա երգում էր Փարաջանովի ընկերական փոքր շրջանակում: Երբ նրան նախատում էին, թե ինչու երգեցողության դասեր չի վերցնում, որ նա կարող էր հիանալի երգչուհի դառնալ, նա պատասխանել է, որ ինքն իրեն նկարչությամբ բավարարված է զգում: 1996-ին Թիֆլիսի հայկական թատրոնում բեմադրեցի ավստրիացի ավանգարդիստ դրամատուրգ Հանս Կրենդլեսբերգերի «Դեմոնները» («Դեւերը»)ՙ հայերեն թարգմանությամբ: Հանս Կրենդլեսբերգերին գիտեի Ավստրիայի հեռուստատեսությունից, որտեղ նա աշխատում էր որպես դրամատուրգ: Ես պատիվ ունեի լինելու նրա ասիստենտը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» 16 մասանոց ռադիոբեմականացումը պատրաստելու ժամանակ: Հանս Կրենդլեսբերգերը շատ ուրախացավ, երբ ցանկացա իր թույլտվությամբ պիեսը Թիֆլիսում բեմականացնել եւ խոստացավ պիեսի պրեմիերային ներկա գտնվել: Դժբախտաբար պրեմիերայից մի քանի ամիս առաջ հանկարծակի հիվանդացավ եւ անսպասելի մահացավ: Գայանեն բնականաբար եկավ «Դեւեր»-ի պրեմիերային: Ներկայացումից հետո նրա հետ գնացի դերասանների հանդերձարան` շնորհավորելու: Երբ խմբով կանգնած խոսում էինք պիեսի մասին, Գայանեն ասաց. «Այսօր տեղի ունեցավ թատրոնի վերածնունդը: Դռները բացվեցին միանգամայն նոր բանի համար: Շատ հուզիչ է, նոր, այլ ռեժիսոր է եկել: Նա դերասաններին առանձնացրեց, բեմի վրա մերկացրեց դերասանի հոգին: Դա բեմականացման մի այլ ձեւ է... ես շատ հուզված եմ ... այս բեմականացումը ցնցեց ինձ»: Ավելի ուշ, երբ ես այդտեղ չեմ եղել, նա ասել է հայկական թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանին, որ հիմա ինքը հասկանում է, թե ինչու էր Փարաջանովը Արտեմին այդպես գնահատում: Գայանեի բառապաշարում ինձ դուր էին գալիս արտահայտությունները. «Ի՞նչ եք ասում: Ճի՞շտ եք ասում:» կամ ռուսերեն «ՉՏՑ»-ը: Այսօր, երբ կնոջս հետ խոսում ենք Գայանեի մասին, օգտագործում ենք նրա սիրած արտահայտությունները: Ցավոք Գայանեն հիվանդացավ: Ախտորոշումը` քաղցկեղ: Նա բուժվում էր հայաստանյան հիվանդանոցներից մեկում: 2005-ին կնոջս հետ այցելեցի նրան հիվանդանոցում, դա վերջին անգամն էր, որ տեսանք նրան: Նորից վերադարձավ Թիֆլիս, հետո նրան ուղարկեցին Գերմանիա: Բայց ամեն ինչ իզուր էր: Մի քանի անգամ խոսեցինք հեռախոսով, սակայն այցելել չէի կարող, նա ոչ մեկին չէր ուզում ընդունել: 2008-ին Գայանեն մահացավ մենակ, միայնության մեջ, քանի որ ինչպես հայ ուրիշ մեծեր, նա ուներ շատ ընկերներ եւ ոգեւորված երկրպագուներ, սակայն մենակ էր: Վիեննա Նկար 1. Սերգեյ Փարաջանովի թիֆլիսյան բնակարանում. Արտեմ Օհանջանյանը, իր կինըՙ Նասրին եւ նկարչուհի Գայանե Խաչատուրյանը |