ՄԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. Վ. ՓԱՓԱԶՅԱՆԸ «ՕԹԵԼԼՈ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ ԹԱԳՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ Ներկայացվող հոդվածը լույս է տեսել փարիզի «Պըտի Պարիզիեն» պարբերականումՙ 1932 թվականին Վահրամ Փափազյանի ֆրանսիական հյուրախաղերի առթիվ: Սա այն սակավաթիվ իրողություններից է, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք: Հոդվածի կտրոնը գտնվում է Հայաստանի արխիվի Հակոբ Առաքելյանի ֆոնդում. ցավոք, նշված չէ թերթի ամիս-ամսաթիվը: ԱՆԴՐԵ ԼԸ ԲՐԵ
Վ. Փափազյանը, ով, հավատացեք, հայկական արմատներ ունի եւ որի հռչակը բավականին մեծ է Ռուսաստանում, օրերս Մոնմարտրի Ատելյե սրահում նորովի մեկնաբանեց Օթելլոն, որն, ամենայն հավանականությամբ, կդասվի ամենախելամիտ ու լավագույն կատարումների շարքը: Ծայրագույն բարդության այս դերը, որը քչերին է հաջողվել հասկանալ ու վերարտադրել, ապացուցեց, որ Փափազյանը բացառիկ կարգի դերասան է`անմիջական, ըմբռնող, շեքսպիրյան ոգով սնված եւ իր բոլոր հնարավորությունները լայնորեն օգտագործող: Հզոր, վեհասքանչ, արտառոց արտահայտչականություն ունեցող դեմքով, հուզիչ հնչերանգով օժտված տպավորիչ ձայնով, եւ, ի դեպ, ժեստերին, կեցվածքին ու նրբին երանգներին տիրապետելու իր արվեստով Փափազյանը մեզ ներկայացրեց մի Օթելլո, որը դրոշմված էր իր իսկ անհատականությամբ. որտեղից էլ` նրա այս գլխապտույտ հաջողությունը: Շատ հաճախ Օթելլո խաղալիս դերասանները հերոսին ներկայացնում են հենց առաջին տեսարաններից որպես մի մարդ, որին կրծում եւ թունավորում է խանդի զգացումը, իսկ այստեղ, օ՜ որքան ճշմարացիորեն, շեքսպիրյան այս հերոսը ողբերգության սկզբում երջանիկ լավատեսությամբ լի, կյանք սիրող ու վստահ մի էակ էՙ հպարտ իր հաղթանակներով, Դեզդեմոնայի նկատմամբ ունեցած իր սիրով, իսկ խանդի մասին ակնարկ անգամ չկա. այն կծագի անսպասելիորեն, պատեհանպաստ կերպով` Յագոյի քստմնելի բանսարկությունից հետո: Այս ամենը հիանալիորեն խորհել եւ նախապատրաստել էր Վ. Փափազյանը, ով երրորդ գործողության ժամանակ հասավ իր ամենասրտառուչ մեծությանը: Այնքան մեծ եւ անգնահատելի են դերասանի արժանիքները, որ տվյալ դեպքում կասկածելի առոգանությամբ (շեշտով) ներկայանալովՙ միայն իր վրա պիտի հույս դներ նա, հանդիսատեսին իր խոսքը տեղ հասցնելու ու հուզելու համար, ու որ նրա խաղընկերները` արդեն ապացուցված տաղանդի տեր ու գիտակից դերասաններ, գրեթե կորցրին իրենց փայլը դերասանի կողքին: Միայն երկրորդական պլանի` Էմիլիայի եւ Դը Լյուդովիկոյի դերերը կատարող օրիորդ Մադլեն Դյուրեն եւ պարոն Անդրե Վասլեն կարողացան մնալ իրենց բարձրության վրա: Ֆրանսերենից թարգմանեց |