RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-06-15 > #012, 2013-06-29 > #013, 2013-07-13 > #014, 2013-07-27 > #015, 2013-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 13-07-2013



Ճապոնիա

Տեղադրվել է` 2013-07-12 23:20:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 840, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆ

ԱՆԻ ՄԱԳՈՒՄՅԱՆԸ

Ճապոնիան մի երկիր է, մի գողտրիկ անկյուն երկիր մոլորակի վրա, որտեղ ամեն ինչ ինքնատիպ է եւ գեղեցիկ:

Յուրաքանչյուր անգամ ուսումնասիրելով այդ երկրի մշակույթը, փիլիսոփայությունը, մարդկանց, բացահայտում ենք մի նոր դրախտային աշխարհ, որտեղ ամեն ինչ տանում է դեպի կատարելություն:

Բացառություն չէ նաեւ ճապոնական թեյախմության արարողությունը, որտեղ ամեն ինչ չափազանց գեղեցիկ էՙ կատարելություն համարվելու համար:

Թեյախմության արարողությունը (ճապոներենՙ տյանոյու) դասվում է ինքնօրինակ, եզակի արվեստների շարքին:

Թեյախմության, ինչպես նաեւ ճապոնական արվեստում եւ կյանքում պետք է լինենՙ վա - ներդաշնակությունը, կեյ - հարգանքը, սեյ - մաքրությունը եւ դյակու - հանգստությունը: Վա -ն թեյախմության արարողության հենց այդ մթնոլորտն է, նույն ինքըՙ ներդաշնակությունը: Կեյ-ը այն հարգանքն է, որը տածում են թեյի արարողության մասնակիցները միմյանց հանդեպ եւ այն կատարյալ հավասարությունը, որը տիրում է մասնակիցների միջեւ:

Սեյ -ը բնութագրվում է ոչ միայն սենյակի մաքրությամբ, որը պետք է լինի բացարձակ, եւ ոչՙ միայն արտաքին տարածության մեջ, այլ այն մաքրությամբ, որ պետք է լինի մասնակիցներից յուրաքանչյուրի մտքի եւ հոգու մեջ:

Եվ դյուկուն , որը պետք է լինի մթնոլորտի հանգստության բացարձակ պարզությամբ: Այս իրավիճակը նման է նիրվանայի, որը հասու է միայն բացարձակ ինքնամոռացությանը:

Ճապոնիայում թեյի կիրառման ակունքները սկիզբ են առնում մ.թ. VII-VIII դարերում: Ընդհանուր առմամբ թեյախմության արարողությունը սկիզբ է առնում մ.թ.ա. V դարում, Չինաստանում: Կա այսպիսի մի առասպել, թե որտեղից է առաջացել թեյի պատրաստումը:

Բուդդայական մի վանականՙ Բոդիդհարմա անվամբ, սենյակում մեդիտացիա անելիս հանկարծ քնելու մեծ ցանկություն է ունենում, եւ որպեսզի չքնի, պոկում է իր կոպերը: Եվ այն տեղում, որտեղ ընկել են նրա կոպերը, զարմանալի կերպով աճում է մի թուփՙ հյութալի տերեւով: Նրա աշակերտները հավաքում են այդ տերեւները եւ տաք ջուր ավելացնում վրան: Նրանք հավատում էին, որ այս թուրմը օգնում է ավելի երկար պահպանել կենսուրախությունը: Սակայն կա նաեւ մեկ ուրիշ առասպել, ըստ որի թեյախմության արարողությունը ծագել է դեռ բուդդայականությունից շատ առաջ:

Բազմաթիվ տեղեկությունների համաձայն, այն մտցրել է Լաո Ցզին: Իսկ ճապոնացիները այս արվեստը կատարելագործեցին մոնղոլական արշավանքներից հետո, այն լրացնելով հատուկ արարողություններով:

Ճապոնացիները, ընդունելով այս արարողությունը, կատարելագործեցին միայն իրենց հատուկ նրբերանգներով: Եվ հենց նրանք կարողացան դարեր շարունակ պահպանել այս արվեստը եւ այն հասցնել մինչեւ մեր օրերը: Եվ պատահական չէ, որ թեյախմությունը արժանիորեն կապված է հենց ճապոնական արվեստի հետ:

Հնուց ի վեր թեյախմության արարողությունը եղել է ճապոնացի իմաստասերների եւ արվեստագետների հանդիպումների անփոփոխ տարրը:

Թեյախմության ժամանակ ասվել են իմաստուն ճառեր, ընթերցվել բանաստեղծություններ, քննարկվել արվեստի ստեղծագործություններ: Ճապոնիայում գոյություն ունի թեյախմության արարողության բազմաթիվ ձեւեր, սակայն խստիվ սահմանված են սոսկ մի քանիսը. գիշերաթեյը, արեւածագի թեյը, իրիկնաթեյը, վաղորդյան թեյը, հետճաշյա թեյը, հատուկ թեյը:

Գիշերաթեյը սկսվում է լուսնի հետ: Թեյը պատրաստվում է հյուրերի առջեւ, սովորաբար թրմում են փոշենման թեյ: Այսպիսի թեյը լինում է շատ թունդ, քաղցած ժամանակ դա չեն ըմպում: Այդ պատճառով մինչեւ թեյը մատուցելը հյուրերին պատվում են զանազան ուտելիքներով: Գիշերաթեյի արարողությունը սկսվում է մոտավորապես ժամը 11.30-ից եւ կամ մինչեւ ժամը 4.00-ը:

Արեւածագի թեյը խմում են առավոտյան ժամը երեքին կամ չորսին: Հյուրերը մնում են մինչեւ ժամը վեցը:

Վաղորդյան թեյը խմում են շոգ եղանակին: Հյուրերը գալիս են վաղ առավոտյան, քանի դեռ պահպանված է գիշերվա սառնությունը: Վաղորդյան թեյախմությունը կատարվում է երկու անգամ արագ, քան սովորաբար լինում է թեյախմության արարողությունը:

Հետճաշյա թեյը սովորաբար մատուցվում է քաղցրավենիքի հետ, ցերեկվա ժամը մեկից հետո: Թեյախմության արարողությունից առաջ հյուրերը զբոսնում են այգում եւ հանգստանում:

Իրիկնաթեյը սկսվում է երեկոյան ժամը վեցին: Հատուկ թեյախմությունը ( ռինձիտյանոյու ) կազմակերպվում է որեւէ հանդիսավոր դեպքի առիթովՙ հանդիպում ընկերների-բարեկամների հետ, տոնահանդեսների, տարվա եղանակների փոփոխության ժամանակ:

Շատ կարեւոր տեղ է հատկացվում թեյատնակին, որտեղ անցկացվում է թեյախմության արարողությանը: Դա մի փոքրիկ սենյակ է, որն ունի շատ փոքր դուռ: Առաջին հայացքից այս ամենը թվում է փոքր-ինչ անհեթեթ, սակայն այն ունի խորը փիլիսոփայություն:

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է միանալ թեյախմության բարձր արվեստին, անկախ սոցիալական դիրքից, մուտք գործելիս թեյատնակՙ պետք է խոնարհվի, քանզի այստեղ բոլորը հավասար են: Սա մի հետաքրքրական հատկություն եւս ունի. հին ժամանակներում այս փոքրիկ դուռը թույլ չէր տալիս որպեսզի զինված մարդիկ ներս մտնեն, եւ նրանք ստիպված էին լինում ներս մտնելուց առաջ իրենց երկար թրերը թողնել տնակի շեմին: Սա ունի մեծ փիլիսոփայություն. ոչինչ թող չխանգարի ձեզ վայելելու այս գեղեցկությունը:

Մեծ նշանակություն է տրվում թեյատնակի լուսավորությանը: Այն չպետք է լինի շատ լուսավոր, եւ ոչ էլ շատ մութ, պետք է ունենա այնպիսի լուսավորութուն, որը թույլ կտա ամբողջովին ընկղմվելու եւ վայելելու այդ գեղեցկությունը: Խոնարհված ներս մտնելովՙ թեյախմության մասնակիցները լռության մեջ նստում են: Ներս մտնելու պահից ի վեր նրանք արդեն իսկ վայելում են թեյատնակի մաքրությունը, բնական ծաղկեփնջերի գեղեցկությունը (որը թեյատնակի կարեւորագույն մասերից մեկն է կազմում): Իսկ ինչ է հարկավոր ճապոնացուն լիակատար հանգստի համարՙ «մի քիչ կիսախավար, առավելագույն մաքրություն եւ անպիսի լռություն, որ ականջը որսա անգամ մոծակի երգը»:

Շատ հետաքրքական եւ յուրահատուկ տեղ է զբաղեցնում թեյախմության արարողության սպասքը:

Այն սպասքը, որը օգտագործվում է թեյախմության արարողության ժամանակ, պետք է լինի ներդաշնակՙ որպես գեղարվեստական միասնություն. սպասքի բոլոր պարագաները պետք է համահունչ լինեն միմյանց եւ առանձնահատկությամբ չտարբերվեն մեկը մյուսից:

Արարողության համար հարկավոր է տուփ, որտեղ պահվում է կանաչ թեյը (ճապոնացիները ըմպում են կանաչ թեյ), թեյնիկ, որտեղ եռացվում է ջուրը, ընդհանուր բաժակ միասնական թեյի համար, առանձին բաժակներ հյուրերի համար, գդալ: Բոլոր պարագաները պետք է լինեն պարզ, համեստ եւ հին, որը պետք է երեւա նրանց տեսքից: Ի տարբերություն եվրոպացիների, ճապոնացիների համար օգտագործման սպասքը որքան հին լինի, այնքան հարգի է, քանզի այն իր մեջ ունի «անցյալի հիշողություն եւ պատմություն»:

Թեյի արարողության բաժակը, ըստ ավանդույթի, պտտեցնում են երեք անգամ, բաժակի ներսում եղած փոքիկ ծաղկե պատկերը անպայման պետք է ուղղված լինի ըմպողին: Սա ունի իր բացատրությունը. որպեսզի մարդը այդ ողջ գեղեցկությունն եւ առողջարար թուրմը վայելիՙ ուղղված իրեն, այլ ոչ թե դեպի դուրս:

Հին սպասքը թեյախմության արարողության կարեւորագույն տարրերից մեկն է: Ամենահասարակ թեյամանը, թեյը լցնելու փայտե գդալը, կավե կոպիտ գավաթը մի տեսակ կախարդական ազդեցություն են գործում արարողության մասնակիցների վրա:

Թեյախմության արարողություն կազմակերպելու համար մեծ մասամբ բավական է միայն ցանկությունը, բայց կան ծիսական բնույթի առիթներ եւս:

Տանտերը հրավեր է ուղարկում բարեկամներին, եւ նրանք թեյախմությունից երկու-երեք օր առաջ շնորհակալություն են հայտնում ուշադրության համար: Թեյախմության օրը հյուրերը նշանակված ժամից 15-20 րոպե առաջ հավաքվում են հատուկ հատկացված փոքրիկ սենյակում եւ ընտրում պատվավոր հյուրին (սյոկյակու), որպիսին սովորաբար լինում է տարիքով մեծը: Ինչպես նաեւ ստույգ որոշվում է ով պետք է լինի երկրորդը, երրորդը եւ այլն: Հենց այդ կարգով էլ հյուրերը լվանում են ձեռքերը, մտնում արարողության համար նախատեսված սենյակ եւ նստում իրենց տեղերում:

Բուն թեյախմության արարողությունը նախորդում է կայսեկին , այսինքնՙ հյուրասիրության բազմատեսակ ուտեստներին: Ամեն ինչից ուտում են քիչ-քիչ, այլապես թեյախմության արարողությունը անիմաստ կլինի:

Թեյախմությունը սկսվում է թանձր թեյից: Տանտերը գավաթները դնում է այնպես, որ դրանք լինեն իր ձեռքի տակ, եւ սկսում է թեյի արարումը: Սկզբում ըմպելիքը պատրաստվում է մեծ թասի մեջՙ բոլոր հյուրերի համար: Ըստ ավանդույթի, հյուրերն ըմպում են թասից, այն փոխանցելով մեկ-մեկու: Դա առաջացնում է հոգեհարազատության զգացում:

Թունդ թեյից հետո մատուցվում է բաց թեյ:

Այդ ժամանակ ներս են բերվում բարձեր եւ թխվածքով լի մատուցարաններ: Բաց թեյը պատրաստվում է բոլորի համար միանգամիցՙ մի քանի թասի մեջ: Յուրաքանչյուրը դա կարող է խմել ինչպես կամենա:

Թեյախմության արարողության ժամանակ չի թույլատրվում խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են խախտել հյուրերինՙ վայելելու այդ ներդաշնակությունը: Ժամանակակից թեյախմությունը կատարվում է ինչպես հատուկ թեյատնակներում, այնպես էլ սովորական սենյակներում: Սակայն այդ փոփոխությունից արարողության էությունը չի փոխվում: Այն իր մեջ ներառում է գեղեցկություն, ներդաշնակություն եւ ժամանակ, որտեղ կարող ես հաճույք վայելել եւ լիակատար հանգստություն ձեռք բերել:

Ճապոնական թեյախմության արարողությունը մասնակիցներին հյուրասիրելուց եւ միասին շրջապատող գեղեցկությունը վայելելուց բացի, ունի նաեւ այնպիսի խորություն, որը հնարավորություն է տալիս մարդուն կտրվել առօրյա հոգսերից եւ զգալ այն հզոր կապը, որ կա տիեզերքի եւ աշխարհի միասնության միջեւ:

Ճապոնացիները համարում են, որ թեյախմության արարողությունը դաստիարակում եւ հնարավորություն է տալիս մարդուն ճանաչելու ինքն իրեն: Այն սովորեցնում է պարզություն, բնականություն, մաքրասիրություն:

Թեյախմության արարողութունը մեծ տեղ է զբաղեցնում ճապոնացիների կյանքում: «Ըստ էության թեյի բաժակը մարդու ուրախության դրսեւորումն է, եւ 1.000 երանի այն մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչպես լրացնել այն»:

Այն մարդը, ով կարողանում է ապրելՙ տեսնելով կյանքի ուրախությունն այնտեղ, որտեղով շատերը ուղղակի անցնում են աննկատ, արժանի է ուշադրության եւ հարգանքի:

Թեյախմության արարողությունը ճապոնական ազգային զգացմունքների արմատավորման հիմքերից մեկն է:

Նյութը պատրաստեց

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 13-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ